Պայքարենք օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահության հայտարարությունը
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահության անդամ, լեզվի և մշակութի գծով պատասխանատու Լևոն Մուրադյանը / Բրյուսել/ հայտնում է, որ ԵՀՄՖ-ը դիմում է կոչով ողջ հայությանը ընդվզելու օտարալեզու դպրոցների վերաբացմանը Հայաստանում: ԵՀՄՖ-ի նախագահությունը դիմում է ԱԺ պատգամավորներին` հորդորելով, որ դեմ քվեարկեն սեպտեմբերի 27-ին երկրորդ ընթերցմամբ ներկայացված ՙհանրակրթության մասին՚ և ՙլեզվի մասին՚ ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ նախագծերի վերաբերյալ: Ինչպես հայտնում է պարոն Մուրադյանը, սփյուռքում արվում է ամեն ինչ երեխաներին հայեցի դաստիարակելու շուրջ և տարակուսանքով է ընկալվում հակառակ գործընթացի հիմնադրումը և զարգացումը Հայաստանում: Օտար լեզվի ուսուցումն անհրաժեշտ է, բայց ոչ մայրենիի հաշվին: Եթե արհամարվի Խորհրդյաին Միության դառը փորձը, որի շնորհիվ հազարավոր հայերին օտարալեզու կրթության պատճառով անհասու էր մայրենի գրական լեզուն և հանճարեղ հայ գրականությունն ու մշակույթը, ապա այդ դեպքում բացարձակ անիմաստ է դառնում մեր պայքարը սփյուռքում մեր երեխաների ուծացման դեմ: Այո, եթե մենք հիմք ենք դնում մեր հայրենիքում մեր սերունդների ուծացմանն, ապա առավել ևս իմաստ ունի հեշտացնելու սփյուռքահայ երեխաների կյանքը`ազատելով նրանց մայրենի լեզուն և գրականությունը սովորելու ՙավելորդ՚ տանջանքներից:
Հարգելի հայրենակիցնե’ր, ինչ որ ցանենք, այն էլ կհնձենք: Եկեք մտածենք մեր միջնակարգ դպրոցը և բարձրագույն դպրոցը կաշառակերներից մաքրելու մասին, գիտելիքների և կրթության մակարդակի բարձրացման ու դրա շնորհիվ մայրենիի և զուգահեռաբար օտար լեզուների ուսուցման մակարդակների կտրուկ վերելքի ապահովման մասին: Քանի դեռ ԲՈՒՀ ընդունվելը զուգահեռվում է բարձր մակարդակի կաշառակերության պրակտիկայով, մեր երկրում միշտ էլ լինելու են այսպիսի հակաժողովրդական, հակաազգային գործընթացների նկատմամբ թուլություններ և ոչինչ չի փրկելու մեր ժողովրդին ճիշտ ապագա կառուցելու գործում: Կոչ ենք անում. փրկենք մեր երկիրն օտարալեզու դպրոցներից և օտար դավանանքներից:
ԵՀՄՖ-ի նախագահություն
ArmAr.am












