Գլխավոր » Politics, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Գովք հիմարության

Սեպտեմբեր 27, 2010թ. 13:30

Atanesyan«Ազերպրոպը» շարունակում է «աշխարհ լուսավորել»: Ոմն Ռիզվան Հուսեյնով News.az կայքում, որն ակնհայտորեն Իլհամ Ալիեւի աշխատակազմի ցուցումներով է աշխատում, «բացահայտումների» շարք է հեղինակում` «Ղարաբաղ. մի ագրեսիայի պատմություն»խորագրի ներքո:

«Ուսումնասիրությունն» սկսելով  «Ադրբեջանի պատմության վաղնջական ժամանակներից», սույն Ռիզվանը, հիմք ընդունելով, բացառապես Զիա Բուբիաթովի եւ վերջինիս աշակերտների «գիտական հիմնավորումները», անառարկելի տոնով «ապացուցում է», որ «Հարավային Կովկասում հայերը հայրենիք չունեն»:
Այդ հիմարությանն, իհարկե, չարժե պատասխանել: Մանավանդ, որ հայերի, որպես տարածաշրջանում նախաբնիկ ժողովրդի ծագումնաբանությունը հիմնավորապես ապացուցված է պատմագիտական, հնագիտական, ժողովրդագրական բազմաթիվ հեղինակավոր
ուսումնասիրություններով, որոնց հեղինակների գերակշիռ մեծամասնությունն, ի տարբերություն Զիա Բունիաթովի եւ Ֆարիդա Մամեդովայի, համաշխարհային մեծության գիտնականներ են:

Նույն ուսումնասիրողներն, ի դեպ, միահամուռ պնդում են, որ թուրքական տարրը, որին պատկանելու հաճույք ունի Ռիզվան Հուսեյնովը, Արեւելյան Անդրկովկասում, որտեղ քաղաքական հանգամանքների բերումով հայրենիք է ստացել սույն նորահայտ «ուսումնասիրողը», հայտնվել է միայն 11-12- րդ դարերում: Հիմարի հետ, ինչպես ռուս դասականն է խորհուրդ տալիս, չարժե վիճել: Նրան, թերեւս, արժե հիշեցնել իր իսկ «ավտոխտոն էթնոսի» մի ասացվածքը.«Եկվորն եկավ, տեղացի փախիր»: /«Գյալմա գյալդի, երլի գաչ» / Իսկ ասացվածքներն, ինչպես հայտնի է, հիմնականում ծնվում են կենսափորձից:

Հավանաբար հիշյալ խոսքն է«գրված եղել» Արեւելյան Անդրկովկաս ներխուժած Ակ- կոյունլու / Սպիտակ ոչխարների/ եւ Կարա- կոյուլու / Սեւ ոչխարների / վաչկատուն ցեղախմբերի ՙհաղթական դրոշին՚: Եւ նրանք այդպես են իրենց եւ հաջորդ սերունդների համար «հայրենիք ստեղծել»:

Ըստ Ռիզվանի, ինչ- որ անհատ աշխարհներից «հայերը դարեր շարունակ ներգաղթել են Հարավային Կովկաս եւ տիրացել ավտոխտոն էթնոսի հողերին»:
Այս  «գիտական հիպոթեզը հիմնավորելու» համար Ռիզվանը դիմում է Գրիբոյեդովի օգնությանը, մեջբերումներ անում վերջինիս “ Записка о переселение армяан в наши области» գրությունից: Հարցի տրագիկոմիզմը նրանում է, որ, ըստ Ռիզվանի, Պարսկաստանից մի քանի
հազար հայեր վերաբնակեցվել են ոչ թե Ռուսական կայսրության, այլ «Ադրբեջանի տարածքներում»: Կարծես թե Ռուսաստանը Պարսկաստանի հետ չէր կնքել Թուրքմենչայի պայմանագիրը: Կարծես թե գոյություն է ունեցել մի ինչ- որ «Ադրբեջան պետություն, որն ռուսների կողմից գրավվել է հատուկ հայերնին այնտեղ վերաբնակեցնելու եւ նրանց համար հայրենիք ստեղծելու նպատակով՚: Մինչդեռ շատ ակնհայտ է, որ «Ադրբեջան»
ասելիս ռուս եւ օտարազգի այլ հեղինակները նկատի են ունեցել պատմական Ատրպատականը:

Բայց բարեխղճություն ասվածը խորթ է Ռիզվանին եւ նրա պատվիրատուներին: Ասե՞լ է Իլհամ Ալիեւը, որ «Երեւանը պատմական ադրբեջանական քաղաք է»,- ուրեմն«գիտնականները» եւ մյուս «ուսումնասիրողները» պարտավոր են «միապետի» կամքն առարկայացնել, այն «հիմնավորել»: Մնացած ամեն ինչ երկրորդական է: Գլխավորը «պետական շահն է», որ տվյալ դեպքում նույնանում է «ցմահ ընտրված» նախագահի դիլետանտական մտավարժանքներին: Հիմարը մնում է հիմար: Ռիզվան Հուսեյնովը շատ հաճախ կորցնում է մտքի
թելը, եւ շարադրանքի տողատակերից ակնհայտ երեւում են նրա«երկար ականջները»:

Այսպես, Ռիզվանը համարում է, որ ՀԽՍՀ-ից ադրբեջանցի բնակչության վերաբնակեցումը Ադր. ԽՍՀ Կուր- արաքսյան հարթավայրում «ավտոխտոն բնակչության հայրենազրկման հերթական քայլն էր»: Խոսքն այն մասին է, որ 1947թ. ԽՍՀՄ կառավարությունն, իրոք, նման որոշում
ընդունել է: Բայց ի՞նչ հիմքով: Փաստերն ապացուցում են, որ խորհրդային կենտրոնական իշխանությունն ընդամենը կատարել է Ադր. ԽՍՀ իշխանությունների խնդրանքը:

Բանն այն է, որ հետպատերազմյան տարիներին խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը խնդիր էր դրել ՙյուրացնել Կուր- արաքսյան հարթավայրը»: Կառավարությունը նպատակ ուներ հիշյալ շրջանը ջրարբիացնել եւ զարկ տալ բամբակագործությանը: Իսկ դրա համար, պարզվում է, Ադր. ԽՍՀ- ում բավարար ՙավտոխտոն բնակչություն չկար: Ավելի պարզ ասած, Կուր- արաքսյան հարթավայրը, որ պատմական Արցախի Մուխանքն է, անգամ խորհրդային իշխանություն հաստատելուց մի քանի տասնամյակ անց, մնացել էր անմարդաբնակ եւ ամայի:

Ահա այդ անապատը բնակեցնելու եւ հայրենիք դարձնելու խնդիրն էր լուծում Միր- Ջաֆար Բաղիրովը: Ոգեւորության մի պահի Ռիզվանն ինքն է խոստովանում, որ Կուր-արաքսյան հարթավայրը 1940- 50-ական թվականներին «անապատ էր», եւ ՀԽՍՀ-ից այնտեղ վերաբնակեցված մարդիկ իրոք տաժանակիր աշխատանքով, կարելի է ասել, Ռիզվանի համար հայրենիք են ստեղծել: Իսկ դրա համար, կարծում եմ, նա պետք է երախտապարտ լինի հայ ժողովրդին, ՀԽՍՀ այն տարիների իշխանությանը, որ սեփական երկրի աշխատուժը մեծահոգաբար տրամադրել է հարեւան հանրապետությանը, որպեսզի այնտեղ անապատները դառնան բարեբեր անդաստաններ: Ղազախներն, օրինակ, չեն մոռանում, որ
իրենց ներկա հայրենիքի մի զգալի հատվածը կառուցապատվել եւ շեբացվել է խորհրդային ժողովուրդների հարյուր հազարավոր զավակների ջանքերով:

Ընդսմին, Ռիզվանին պետք է հիշեցնել, որ ՀԽՍՀ-ից տեղափոխված ողջ բնակչությունը թողած գույքի դիմաց փոխհատուցում է ստացել Հայաստանի միջոցների հաշվին, եւ Հայաստանն է հոգացել նաեւ նրանց տրանսպորտային ծախսերը: Իսկ թե ինչպես են նրանց ընդունել ՙպատմական հայրենիքում՚, դժվար չէ իմանալ հենց թեկուզ այն իրողությամբ, որ Բաղիրովի դատավարությունից հետո, խրուշչեւյան
ՙձնհալի՚ տարիներին նրանց մի մասը կրկին Հայաստան է վերադարձել:

Ռիզվանի երեւակայությունը սահմաններ չի ճանաչում: Նա Սումգայիթի դեպքերը մի ամբողջ տարով «հետաձգում », որպեսզի «ապացուցի», որ «Հայաստանից բռնատեղահանված տասնյակ հազարավոր ադրբեջանցիների համբերությունը չէր կարող չսպառվել»: Իսկ Սումգայիթի «հայ մեծահարուստները», ըստ նրա, «դեպքերից շատ առաջ էին հեռացել` նախապես տեղափոխելով իրենց բանկային հաշիվները»: Ասես խոսքը
խորհրդային ժամանակների մասին չէ: Ասես Սումգայիթում Մանթաշյանի հետնորդներն էին ապրում:
Մի խոսքով, «ազերպրոպի գաղափարախոսն» ամեն սրբապղծության դիմում է, որպեսզի իր ցեղակիցներին ներկայացնի որպես «ագրեսիայի
զոհ՚», հայերին`  «արյունարբու նվաճող»: Եւ այնքան է չափն անցնում, որ Սումգայիթի եղեռնագործության գլխավոր դերակատար է ներկայացնում ոմն Էդուարդ Գրիգորյանի: Իբր` «հայն է հայերին սպանել»:  Դա արդեն արժանի է խղճահարության:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

ArmAr.am


Դիտել Politics, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն