Աշխարհահռչակ դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը Երևանում է
«Արվեստների Պատկերասրահ» Մշակութային Հիմնադրամը` ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի Բարձր հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Բացառիկ հովանավորությամբ ներկայացնում է «Վերադարձի» Դասական Երաժշտության Չորրորդ Փառատոնը:
Հայաստանի առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության շարունակական հոգածության և աջակցության շնորհիվ արդեն ավանդական դարձած Փառատոնն այս տարի ևս հնարավորություն կընձեռի ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ Գյումրիի և Վանաձորի հանդիսատեսին հանդիպելու արտերկրում ապրող և ստեղծագործող աշխարհահռչակ մեր հայրենակիցներին,առնչվելու դասական երաժշտության գլուխգործոցների հետ:
Սեպտեմբերի 29-ին, ժ.19.00-ին Արամ Խաչատրյան Համերգասրահում և հոկտեմբերի 1-ին,ժ.16.00-ին Գյումրիի Արվեստի Ակադեմիայում տեղի կունենա բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող և դափնեկիր, դաշնակահար Վահագն Պապյանի մենահամերգը:
Ծրագրում՝
Լ.վ.Բեթհովեն-Սոնատ N8 ՙՊաթետիկական՚
Յո.Բրամս- 3 Ինտերմեցցո op.117
Յո.Բրամս-Ռապսոդիա սոլ մինոր
Ֆ.Լիստ-ՙՍգո երթ՚
Պագանինի-Լիստ-6 Էտյուդ
Վահագն Պապյանն ավարտել է Մոսկվայի Պետական կոնսերվատորիան (պրոֆ. Միխայիլ Վոսկրեսենսկու դաս.) : 1982-ին տեղափոխվել է Պետերբուրգի կոնսերվատորիա` դիրիժորություն ուսանելու: Նա այն երջանիկներից էր, որոնց դասավանդել է լեգենդար պրոֆեսոր Իլյա Մուսինը: 1984-ին Վալերի Գերգիևը նրան հրավիրում է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբ, որտեղ 3 տարի անց ստանձնեց գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը:
Հանդես է եկել բազմաթիվ նվագախմբերի հետ որպես դիրիժոր և որպես դաշնակահար: Այնուհետև տեղափոխվել է Իսրաել, որտեղ ստանձնել է Բիր Շևա Սիմֆոնի նվագախմբի դիրիժորի պաշտոնը:
2003-ի հունիսին Պապյանը ղեկավարեց Մոսկվայի ՙՆոր Ռուսաստան՚ նվագախումբը հատուկ 100-ամյա հոբելյանական ծրագրով` նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան տարելիցին:
Ներկայումս Ղազախստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է:
Որպես դաշնակահար նրա միջազգային համերգաշրջանները ներառում են ելույթներ Բազելում, Բարսելոնայում, Ժնևում, Տորոնտոյում, Օտտավայում, Նյու-Յորքում, ինչպես նաև համերգներ Հարավային Ամերիկայում և Հեռավոր Արևելքում:
Վահագն Պապյանը աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովի հետ մենահամերգներով շրջագայել է Եվրոպայում, ԱՄՆ-ում և Հեռավոր Արևելքում, նրա հետ թողարկել է ձայնասկավառակ(EMI Classic):
Վերադարձի Դասական Երաժշտության Փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին և կտևի մինչև հոկտեմբերի 17-ը՝ հայ հանդիսատեսին ներկայանալով 7համերգից բաղկացած համերգաշարով:












