www.e-gov.am-ը ճանաչվել է լավագույն ինտերնետային կայք
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն մասնակցել է Տեղեկատվության ազատության 8-րդ ամենամյա մրցանակաբաշխությանը, որը 2003 թվականից ՙՏեղեկատվության ազատության մասին՚ ՀՀ օրենքի ընդունումից հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպում է սեպտեմբերի 28-ին Տեղեկատվության ազատության միջազգային օրը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ներկաներին և կարևորել տեղեկատվության ազատությունը, խոսել է ոլորտում առկա հիմնախնդիրների մասին: «Առաջին հերթին ես կարևորում եմ պետական կառավարման մարմիններ իրենց գործունեության ընթացքում բաց և թափանցիկ լինելը: Եվ այդ առումով մենք բավականին լուրջ ջանքեր ենք գործադրում, որպեսզի բոլոր որոշումները, որոնք ընդունվում են պետական մարմինների կողմից հասանելի լինեն հասարակայնության համար և մինչև դրանց ընդունումը նախապես ներկայացվեն հասարակության քննարկմանը: Դա հնարավորություն է տալիս պետական մարմիններին հաշվի առնել հասարակական կարծիքը»:
Վարչապետը խոսել է հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների միջև համագործակցության կայացման մասին, նշելով, որ նաև վերջիններիս միջոցով պետք է ապահովել հասարակության ու պետական մարմինների երկխոսությունը` տեղեկատվության ստացման գործում: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ առաջին անգամ էլեկտրոնային տարբերակով հասարակությանն է ներկայացվել կառավարության բոլոր որոշումները:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից կազմակերպված մրցանակաբաշխության ընթացքում որպես բաց ու լավ աշխատանքի խորհրդանիշ տրվել է Ոսկե բանալի, իսկ կառավարության էլեկտրոնային կառավարման www.e-gov.am կայքն արժանացել է 2010 թվականի տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային անվանակարգին:
Մրցանակին արժանանալու առիթով կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել և նշել, որ այդ աշխատանքը կատարվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ: ՙԱռաջին իսկ տեղեկատվությունը, որ մենք տեղադրել ենք կառավարության կայքէջում մինչև www.e-gov.am կայքի ստեղծումը, դրանք ըստ պայմանագրերի պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից պետական բյուջեից ստացվող ֆինանսավորման բացվածքն էր՚,-նշել է կառավարության աշխատակազմի ղեկավարը:












