Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Նալբանդյան.«Ադրբեջանցիները թող մեղավորներին փնտրեն հենց իրենց մեջ»

Սեպտեմբեր 29, 2010թ. 10:03

Minister Nalbandian at Fletcher School 27_09_2010Բոստոն ժամանելուն պես  Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց քաղաքի կենտրոնում գտնվող “Հայկական ժառանգության պուրակ” կոչվող վայր, որտեղ հաջորդ տարի կավարտվեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի կառուցման  աշխատանքները: Հուշակոթողի կառուցման նախաձեռնող խմբի անդամները Էդվարդ Նալբանդյանին նախագծի վերաբերյալ բացատրություններ տվեցին:

Սեպտեմբերի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշեց, որ արդեն 11 տարի է Տավիտյան հիմնադրամի շնորհիվ Հայաստանի շուրջ 150 դիվանագետներ, պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հնարավորություն են ունեցել դասընթացներ անցնել Ֆլեթչերի դպրոցում, եւ շնորհակալություն հայտնեց Ֆլետչերի դպրոցի ղեկավարությանը շարունակական համագործակցության համար:

Հայաստանի արտգործնախարարը անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրներին եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ բանակցություններին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններին:

Հայաստանի ԱԳ նախարարի ելույթին հետեւեցին ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ներկաների բազմաթիվ հարցեր:

Անդրադառնալով Խորհրդային Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայտնվելուն` Հայաստանի արտգործնախարարն ասաց. “Այսօր խոսում են Երկրորդ աշխարհամարտից առաջ Ստալինի եւ Հիտլերի միջեւ պայմանավորվածություններից, կասկածի տակ դնում Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը: Մինչդեռ լռության են մատնվել անցյալ դարասկզբին Լենին-Քեմալ պայմանավորվածությունները, Ստալինի եւ Քաղբյուրոյի որոշումները, որոնք հիմք հանդիսացան Հարավային Կովկասում մի շարք խնդիրների, որոնք մինչ այսօր լուծումներ չեն գտել:

Պատասխանելով հարցին, թե ադրբեջանցիները պնդում են, որ մադրիդյան առաջարկությունների ինչ-որ տարբերակի են համաձայնվել, իսկ Հայաստանը` ոչ, Էդվարդ Նալբանդյանն ասաց.

«Իրականությունն այն է, որ եռանախագահները 2007թ. նոյեմբերին կողմերին ներկայացրեցին Մադրիդյան փաստաթուղթը եւ այն, իբրեւ պաշտոնական առաջարկ, ի պահ հանձնվեց Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարությանը: Դրանից հետո եղել են երկու տասնյակից ավելի աշխատանքային առաջարկներ` Մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Վերջին մի քանի ամիսների ինտենսիվ բանակցությունների արդյունքում կողմերին մադրիդյան առաջարկությունների վերջին տարբերակը ներկայացվեց այս տարվա հունիսին Սանկտ-Պետերբուրգում եւ մեր կողմից հայտարարվեց, որ դա ընդունվում է որպես բանակցությունների  հիմք, ինչպես որ դա արվել էր 2007 թ. նոյեմբերին ներկայացված փաստաթղթի առաջին տարբերակի կապակցությամբ:  Ադրբեջանցիները մերժում են թե՛ առաջինը, թե՛ վերջինը: Աշխատանքային տարբերակներից մեկի առնչությամբ Ադրբեջանը հայտարարեց, որ կարող է այն ընդունել որպես բանակցությունների հիմք, բայց որոշ բացառություններով: Սակայն պարզվեց, որ բացառություններն ավելի շատ են, քան ընդունվածը: Հետո, ի՞նչ է նշանակում ընդունել բացառություններով: Դա փաստացի նշանակում է չընդունել:

Ի՞նչ է սպասում Ադրբեջանը, որ իրենց «այսպես կոչված ընդունվածը»` բացառություններով հանդերձ, պետք է ընդունվի Հայաստանի եւ Արցախի կողմից: Եվ իրենց այդ կեցվածքն էլ համարում են կառուցողական մոտեցում: Բայց եթե այդ կառուցողականությունը իրենցից բացի ոչ ոք չի հասկանում, ուրեմն մեղավորին պետք է փնտրեն հենց իրենց մեջ: Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցիները ականջների մեջ խցան են դրել եւ չեն ուզում լսել` ինչի մասին է միջնորդ երկրների միջոցով ասում միջազգային հանրությունը»:

ArmAr.am


Թեգեր` , , , , , ,

Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն