Լուժկովին չեն ձերբակալի, բայց բազմամիլիարդանոց բիզնեսը կնոջից կխլեն
«Հայոց աշխարհ»-ն անդրադառնում է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկությանը՝ գրելով. «Այսօր շատերին հետաքրքրում է այն հարցը, թե ի՞նչ կլինի Լուժկովից հետո: Ակնհայտ է, որ Լուժկովին արդեն չի հաջողվի պայմանավորվել Մեդվեդեւի հետ, որ հեռանալուց հետո իր ընտանիքն ու մարդիկ զերծ կմնան հալածանքներից, Հաշվիչ պալատի եւ հարկային մարմինների ստուգումներից: Իրեն՝ Լուժկովին, իհարկե, չեն ձերբակալի, բայց բազմամիլիարդանոց բիզնեսը կնոջից, ըստ երեւույթին, կխլեն: Ռուսաստանում, ինչպեսեւ Հայաստանում, քաղաքական համակարգն այնպես է կառուցված, որ ցանկացած քաղաքական գործիչ, հեռանալով պաշտոնից ոչ թե հոժարակամ ու ծրագրված կերպով, այլ սկանդալով, մեծապես ենթարկվում է շատ բան, եթե ոչ ամեն ինչ կորցնելու վտանգի: Էլի մեկ եզրահանգում, որ կարելի է անել ողջ այս պատմությունից:
Դատելով ամենից, այն խոսակցությունները, թե Ռուսաստանում կառուցված է ամուր ու հստակ գործող իշխանության ուղղաձիգ, չափազանցված են: Քանզի նման ուղղաձիգի գոյության դեպքում դաշնային իշխանությունների իմաստնությունը կասկածի տակ առնել իրեն թույլ տված ցանկացած պաշտոնյա, ըստ էության, պիտի հեռացվի անհապաղ, առանց լրացուցիչ բացատրության: Իսկ Կրեմլի եւ Մոսկվայի միջեւ տեղեկատվական պատերազմը տեւեց մի ամբողջ ամիս. ներքաշվեցին բազմաթիվ մարդիկ ու լրատվամիջոցներ, ներառյալ դաշնային գլխավոր հեռուստաալիքները: Դա ինքնըստինքյան վկայում է ուղղաձիգի թերարժեքության մասին»:












