Այս ստորաքարշ Վան Բայբուրթը
«Այդպիսիք ազգային հարցերում գրեթե դավաճաններ են, քանզի մարդը չի կարող միաժամանակ լինել նյութապաշտ ու հայրենասեր»:
Գարեգին Նժդեհը
«Շողոքորթ մարդը ստրկամտորեն ժպտում է իր տերերի յուրաքանչյուր հայացքին, հիացմունքից ճչում նրա յուրաքանչյուր բառը լսելիս և ծափահարում նրանց բոլոր, թեկուզ` տխմար գործողություններին: Այդ կեղծավորներն ու քծնողներն իրենց տերերի սողացող ստրուկներն են, որոնք երբեք չեն կարող պարտքին հավատարիմ մնալ»:
Դեկարտ
Վրաստանում մի չգրված օրենք է գործում` ոչ վրացիների առաջ փակ են ղեկավար մարմինների բոլոր դռները: Իսկ եթե տվյալ անձը մեծ ցանկություն ունի որևէ պաշտոն ստանալ` պարտավոր է նույն «չգրված օրենքով» հրաժարվել սեփական ազգությունից. դրա առաջին նախապայմանը հրաժարումն է ազգանունից ( հայտնի է, որ վրացահայերին պարտադրում են հայկական ազգանվան «յան» մասնիկը փոխարինել «շվիլի»-ով): Սա` այդ տարածքների բնիկ ժողովրդի` ջավախքահայերի ուծացմանն ուղղված քաղաքականության բավականին դյուրին մեխանիզմ է: Փաստորեն ազգություն փոխելն այդ երկրում կատարվում է ընդամենը ժամերի ընթացքում: «Ժողովրդավարական» համարվող Վրաստանի իշխանություններն ի դեպ բոլոր հնարավորություններն ստեղծել են այլազգիների վրացացման գործընթացն իրավական ու փաստաթղթային քաշքշուկից զերծ պահելու համար: Այդ գործում վարժված համապատասխան օղակները շատ արագ կազմակերպում ու վավերացնում են նման «հայտ» ներկայացրած անձանց «փաստաթղթային վրացացումը»: Ահա թե ինչու բազմազգ Վրաստանում պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող ոչ վրացիների քանակը կարելի է մատների վրա հաշվել, իսկ եթե այդպիսիք էլ կան, ապա` «վերևներում» նրանց ներկայությունն այլ նպատակների է ծառայեցվում: Վրաստանի իշխանավորները, որ միջազգային բեմերում սիրում են հպարտանալ իրենց երկրի բազմազգ լինելով ու վրացուն բնորոշ մեծամտությամբ հայտարարում թե` եվրոպացի են, ու «Եվրոպան էլ իրենցից է սկսվել», շատ լավ են գիտակցում, որ գոնե առերևույթ Եվրոպային հարկավոր է ցույց տալ, որ այդ բազմազգ կոչվող երկրում ազգային փոքրամասնությունների, բնիկ ժողովուրդների իրավունքները, իբրև թե պաշտպանված ու հարգված են: Հետևապես, որքան էլ վրաց իշխանությունների համար լինի անցանկալի` պարտադրված են գոնե մասամբ ապահովել ոչ վրացիների փոքրաթիվ ներկայությունը իշխանական վերին էշելոններում: Բայց որպեսզի, մասնավորապես, տարածքի բնիկների` հայերի ներկայությունը հանկարծ գլխացավանք չդառնա, նրանց ներգրավումը կատարվում է հատուկ ընտրությամբ. շրջանցվում ու անտեսվում են այն վրացահայերը, ովքեր վայելում են սեփական համայնքի համակրանքն ու վստահությունը, մարդիկ, ովքեր մտահոգ են ջավախահայության խնդիրներով: Վրաստանի իշխանությունները հնարավոր բոլոր միջոցներով կասեցնում են նման անձանց մուտքը երկրի օրենսդիր մարմին: Ոտնահարելով հայ հանրության ընտրության քվեն` պատգամավոր են դարձնում ու պաշտոն տալիս միմիայն իրենց «նախընտրելիներին», որոնց էլ վերապահված է հստակ դերակատարում` դառնալ վրաց իշխանության կամակատար-խոսափողը` անտեսելով սեփական ազգային շահերը: Ժողովրդի խոսքով ասած` իշխանությունների դուդուկի տակ պարող այդ մարդկանց պաշտոն է տրվում միայն մեկ նպատակով, որպեսզի անհրաժեշտության դեպքում բարձրաձայնեն, թե Վրաստանում ջավախահայության հետ կապված խնդիրներ գոյություն չունեն, Ջավախքում կյանքը հի~ասքանչ է, իսկ Սահակաշվիլին` ջավախահայության Աստվածը:
Վրաստանի ներկայիս նախագահին հաջողվել է իրեն շրջապատել նման կամակատար «հայ» պաշտոնյաներով, որոնք ստորաքարշորեն ծառայելով վրաց իշխանություններին` դարձել են նրանց ստի ու կեղծիքի վկան: Այս առումով կարկառուն դեմքերից է Վրաստանի նախագահի, այսպես կոչված, ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Վան Բայբուրթը:
«Գնացեք Կիև ու հարցրեք` ո՞վ էր Պանիկովսկին մինչև հեղափոխությունը»
Այս դեպքում անհրաժեշտություն չեղավ հասնել Վրաստան` պարզելու` թե ով է Վան Բայբուրթը, քանզի Սահակաշվիլու «հայազգի» խորհրդականին Հայաստանում էլ շա~տ լավ են ճանաչում…
Ժամանակին, երբ ստեղծվեց Ռուսաստանի հայերի միությունը, այս մարդը փորձեց սողոսկել այդ կառույցի մեջ` կարծելով, թե գտել է իր համար մի տաքուկ հանգրվան: Մարդիկ պատմում են, թե ինչպես էր գնում Մոսկվա, միության հաշվին օրերով ապրում հյուրանոցներում… Բայց եկավ մի պահ, երբ սկսեց գիտակցել, որ ինքն անկարող է հակառուսական կողմնորոշում ունեցող Վրաստանում արդարացնել իր երկակի խաղը: Ու լռեցին Բայբուրթի բոլոր ռուսամետ ճառերը, որովհետև համոզվեց, որ հակառուս Սահակաշվիլու կողքին արևմտամետ կեցվածք ընդունելով` իր համար շատ ավելի շահեկան կլինի:
Եվ Շևարդնաձեի նախագահության տարիներին նա հայտնվեց Վրաստանի խորհրդարանում` որպես պատգամավոր: Սակայն Բայբուրթի դեպքում գործ ունենք ոչ թե ընտրված, այլ նշանակովի «դեպուտատի» հետ, քանի որ հայ համայնքը երբևէ այս մարդուն չի տվել իր վստահության քվեն: 1990-ականների սկզբին հայտնվելով իշխանական բուրգում` շատ արագ շահեց իշխանությունների վստահությունը, քանզի կարողացավ ապացուցել, որ առատ վարձատրության դիմաց պատրաստ է ցանկացած ծառայություն մատուցել…
Վրաստանի օրենսդրության համաձայն պատգամավոր ընտրված անձն իրավունք չունի զբաղվել այլ գործունեությամբ: Մինչդեռ Բայբուրթին իր ստորաքարշ ծառայության համար թույլատրվեց օրենք խախտել. իշխանությունն աչք փակեց ու նրան արտոնեց պատգամավորական գործունեությանը զուգեհեռ խմբագրել «Վրաստան» հայալեզու պարբերականը: Այս համատեղումը, ինչ խոսք, աննպատակ չէր, քանզի շնորհիվ Բայբուրթի` վերջնականապես լռեցվեց միակ հայալեզու մամուլի ձայնը, և փոխանակ դառնալու վրացահայության խոսափողը` վերածվեց վրաց իշխանությունների սպասարկու լրատվամիջոցի: Այս անդեմ թերթի էջերում դուք չեք հանդիպի ջավախքահայությանն առնչվող և ոչ մի հրապարակման, թերթը երբևէ չանդրադարձավ Ջավախքում կատարվող բռնաճնշումներին, հայկական եկեղեցիների ավերին ու շարունակում է համառորեն լռության մատնել Ջավախքում շարունակվող իրադարձությունները: Փոխարենը` ծայրից ծայր լցված է Սահակաշվիլու պաշտոնական այցերի մասին պատմող անիմաստ լրատվությամբ: Վրաստանի նախագահի` փոքրամասնությունների հարցերով խորհրդականի պաշտոնն ստանձնելուց հետո անգամ պարոն Բայբուրթը չհրաժարվեց հիշյալ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնից:
Այս մարդը, որն ի պաշտոնե պարտավոր է զբաղվել վրացահայության խնդիրներով, աչք է փակում ամեն ինչի առաջ: Նրան բազմիցս է ասվել, որ Ջավախքում կան վթարային ծայրահեղ վիճակում գտնվող դպրոցներ, որոնք ամեն պահի կարող են փուլ գալ` դառնալով բազմաթիվ զոհերի պատճառ, սակայն անգամ այս փաստի առաջ շարունակել է մնալ անտարբեր ու անդրդվելի:
Մեզ հետ զրույցում Ջավախքից Հայաստան ժամանած մի խումբ երիտասարդներ պատմում էին, թե ինչպես են ջավախահայերն արհամարհում այս` «շողոքորթ, դավաճան ու ստրուկ մարդուն»:
Երկու տարի առաջ երբ, Վրաստանի նախագահ Սահակաշվիլին պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան, նրա հետ եկել էին նաև «հայազգի» մի քանի պաշտոնյաներ, որոն մեջ էր նաև Բայբուրթը: Առիթից օգտվելով` փորձեցինք մի քանի հարց ուղղել պարոնին` ակնկալելով Ջավախքում տիրող իրավիճակի շուրջ ստանալ ողջամիտ պատասխաններ, մինչդեռ մեզ սպասում էր առավել խոր հիասթափություն. դասը լավ սերտած աշակերտի պես Բայբուրթը բոլոր հարցերին միայն նույն պատասխաններն էր տալիս` «Ջավախքում ամեն ինչ շա~տ լավ է ու ոչ մի խնդիր չկա»:
Սույն պարոնը այսօր էլ նույնպիսի կեղծիքով է արձագանքում Վրաստանից հասնող այն մտահոգիչ տեղեկություններին, որ Ջավախքի դպրոցներում կրճատվում են հայոց լեզվի դասաժամերն ու աշխատանքից ազատվում ազգությամբ հայ մանկավարժները: Այսօր Հայաստանում գտնվող Բայբուրթն այս կապակցությամբ հայ լրագրողների հարցին տվել է հերթական ցինիկ պատասխանը` Ջավախքի բնիկ ժողովրդի դեմ իրականացվող ուծացման քաղաքականությունը մեկնաբանելով այս կերպ.« Վրաստանում ուսումնական բարեփոխումներ են ընթանում, իսկ ինչպես Վրաստանում, այնպես էլ ուրիշ երկրներում դրանք չեն կարող կրճատումներ չբերել իրենց հետ, իսկ դժգոհություն հայտնող հայ մանկավարժները տարեցներ են` 70 տարեկան, ու ժամանակն է, որ գնան թոշակի»: Հետն էլ հավելել է, թե. «Խնդրում եմ սա մի կապեք քաղաքական հարցերի հետ ու մի հավատացեք, որ թերթերում գրում են, թե հայոց լեզվի դասաժամերը կրճատվում են»: «Հայազգի» այս ստահակը վրա է բերել. «եթե վրաց դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը կրճատվում են, ապա միմիայն աշակերտի շահերից ելնելով` որպեսզի ավելի լավ տիրապետի պետական լեզվին»:
Այսպիսին է Վան Բայբուրթը, որը սիրով հրաժարվել է իր հայկական ազգանվան «յան» մասնիկից, սիրով կհրաժարվեր և ազգությունից, եթե այն իր համար օգտակար չլիներ: Իսկ մինչ այդ հայազգի լինելը (կամ ձևանալը) նրան պարզապես օգնում է ջավախահայության թիկունքից խփելով` ստորաքարշորեն ծառայել օտարին ու իրենով փակել արժանավոր հայորդիների գործունեության ճանապարհը:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
ArmAr.am












