Գլխավոր » Society, Լրահոս, Տնտեսություն

«Մենք կկարողանանք ավելի արդյունավետ իրականացնել գյուղատնտեսական քաղաքականությունը»

Սեպտեմբեր 30, 2010թ. 09:00

2 29.09.10Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) խորհրդի անդամներին խորհրդի նորընտիր նախագահ Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ։

Շնորհավորելով խորհրդի նորակազմ ղեկավարությանը և կարևորելով խորհրդի վաղաժամ կյանքից հեռացած նախագահի գործի շարունակականության ապահովումը` վարչապետը մասնավորապես, նշել է. «Մեր համագործակցությունը «Ֆերմերների ազգային միավորման» հետ արդեն ավանդական է դարձել։ Դրա իմաստն այն է, որ ի դեմս «Ֆերմերների ազգային միավորման»` կառավարությունն ունենա գործընկեր, որի միջոցով մենք կկարողանանք ավելի արդյունավետ իրականացնել գյուղատնտեսական քաղաքականությունը։ Հասկանալի է, որ մեզ անհրաժեշտ է ուղղակի կապ ֆերմերների հետ, որպեսզի ստանանք ազդակներ` ինչպիսին է իրական իրավիճակը գյուղում, որոնք են այն առաջնահերթ խնդիրները, որոնք մտահոգում են գյուղացիներին այսօր։ Բնականաբար, պետք է կարողանանք մեր ծրագրերը ձեզ համար դարձնել ընդունելի, հասկանալի և մատչելի։ Այդ երկխոսության շնորհիվ ավելի հեշտ կլինի մեր ծրագրի արդյունավետության բարձրացումը»։

Ռոզա Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և ներկայացրել խորհրդի` 2010 թ. օգոստոսի 31-ին կայացած նախագահության նիստում հաստատված յոթ հանձնաժողովների կազմը, որոնք զբաղվելու են ագրարային քաղաքականության և օրենսդրության, ագրարային կրթություն-գիտություն-արտադրություն կապերի ապահովման, անասնապահության տոհմային գործի կազմակերպման, գյուղատնտեսական մշակաբույսերի, սերմնաբուծության և սելեկցիայի, բնապահպանության և շրջակա միջավայրի պահպանության, գյուղատնտեսության մեքենայացման և նոր տեխնոլոգիաների ներդրման ու պետության և այլ տնտեսվարող սուբյեկտների միջև համագործակցության ապահովման հարցերով։ Վերոնշյալ հանձնաժողովների համակարգողներն արծարծել են ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր և ներկայացրել դրանց լուծման վերաբերյալ իրենց առաջարկությունները։

Ամփոփելով քննարկման արդյունքները` Տիգրան Սարգսյանը ՖԱՄ-ի խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրել է ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թթ. կայուն զարգացման ռազմավարության ծրագրի վրա` ընդգծելով այն նրանց առաջարկություններով լրացնելու կառավարության պատրաստակամությունը։ Նա նաև կարևորել է խորհրդի հանձնաժողովների աշխատանքային ծրագրերի մշակումն ու ներկայացումը` նպատակաուղղված գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը։


Դիտել Society, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն