Գլխավոր » WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Աշոտ Ղուլյան.«Մենք Լեռնային Ղարաբաղում կառուցում ենք ժողովրդավարական պետություն»

Սեպտեմբեր 30, 2010թ. 15:06

01ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում

Սրբազան հայրեր, Մեծարգո կոնգրեսականներ, Հարգարժան պարոն դեսպան, Սիրելի հայրենակիցներ

Ինձ համար չափազանց պատվաբեր է այսօր գտնվել այստեղ` Միացյալ Նահանգների Կոնգրեսում և այսքան պատվարժան մարդկանց հետ միասին նշանավորել մեր ժողովրդի համար գլխավոր տոներից մեկը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 19 տարեդարձը:

Եվ, ամենից առաջ, կուզենայի ձեզ բոլորիդ փոխանցել մեր ժողովրդի և իշխանությունների ամենաջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:

Ուզում եմ նաև երախտագիտություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին` Կոնգրեսի հայկական հարցերով խմբին, իհարկե, անհատապես, պարոնայք Ֆրենկ Փալլոունին ու Մարկ Կըրքին,  և նրան աջակցած կառույցներին` ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության դիվանագիտական առաքելությանն ու հայ-ամերիկյան բոլոր այն կազմակերպություններին, որոնք մտահղացել ու կազմակերպել են այս ընդունելությունը:

Մեզ համար այսպիսի վերաբերմունքն անակնկալ չէ: Միացյալ Նահանգներն այն երկիրն է, որ դեռևս խորհրդային տարիներին Ղարաբաղի հարցի լուծումը կապում էր նրա բնակչության կամքի ազատ արտահայտման հիման վրա ընդունելիք որոշումների հետ և խորհրդային կառավարությանը հորդորում զերծ մնալ բռնություններից:

Ցավոք, այդ կոչը խորհրդային իշխանությունների կողմից արժանի արձագանք չգտավ: Ավելին, հենց ԽՍՀՄ իշխանությունների թողտվությամբ Ադրբեջանը դիմեց բիրտ ուժի և փորձեց իր հայրենի հողից` Լեռնային Ղարաբաղից տեղահանել բացարձակ մեծամասնություն կազմող հայ բնակչությանը:

Պետք է ափսոսալ, որ միջազգային հանրությունը, զբաղված լինելով միջուկային անվտանգության և ԽՍՀՄ փլուզման հետեւանքով հետխորհրդային տարածքում տնտեսական կոլապսի հաղթահարման հարցերով, հավուր պատշաճի չգնահատեց Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը:

Այդուհանդերձ, Միացյալ Նահանգներն ընդունեց Ազատության աջակցության ակտի 907 ուղղումը: Դրանով, ըստ էության, Ադրբեջանը ճանաչվեց ազատությունը ճնշող երկիր և զրկվեց ԱՄՆ կառավարության ուղղակի ֆինանսական աջակցությունից:

Այդ որոշումը բխում է Միացյալ Նահանգների կառավարության մարդասիրական վերաբերմունքից: Ազատությունը և արժանապատվությունը ձեր նախնիների կառուցած և ձեր անմիջական ջանքերով հեղինակություն վայելող երկրում բարձրագույն արժեքներ են:

Ես ուրախ եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ամերիկյան ընկալումը նույնպես խարսխվում է այդ արժեքների գերակայության վրա, ինչի վկայությունն է նաեւ այս միջոցառումը:

Մենք Լեռնային Ղարաբաղում կառուցում ենք ժողովրդավարական պետություն: Դա ազատ քաղաքացիների կամավոր ընտրություն է, ինչն  արտահայտվել է երկու հանրաքվեով:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ստեղծվում էր ՄԱԿ-ը, աշխարհի ինքնիշխան պետությունների թիվը մի քանի տասնյակ էր: Այսօր Միավորված Ազգերի Կազմակերպության անդամների թիվը մոտենում է երկու հարյուրի: Եվ դա տեղի է ունեցել ինքնորոշման իրավունքով, որը միջազգային հարաբերությունների անկյունաքարն է:

Հակառակ դեպքում չէր փլուզվի գաղութային համակարգը, պատմության թատերաբեմից չէր հեռանա Խորհրդային Միությունը, չէր կազմալուծվի Հարավսլավիայի միութենական հանրապետությունը և աշխարհի քարտեզի վրա չէին հայտնվի նորանկախ պետություններ:

Դա պատմական օրինաչափություն է:

Նախկին աշխարհակարգը կառուցված էր ուժի իրավունքի վրա: Եվ պատահական չէր, որ նախագահ Ռեյգանը Խորհրդային Միությունն անվանել էր ՙչարիքի կայսրություն՚:

Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ խորհրդային համակարգի ողջ անկատարությունը, նրա պատմական դատապարտվածությունը երևակվել է հենց Լեռնային Ղարաբաղում:

Մեզ այլ ճանապարհ չէր մնում, քան ընտրություն կատարել բռնատեղահանման և ինքնապաշտպանության միջև: Մենք ընտրեցինք երկրորդը և ստիպված եղանք ներքաշվել Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմի մեջ:

Այդուհանդերձ, միջնորդների ջանքերով 1994թ. մայիսին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հաստատվել է հրադադար: Շարունակվում են բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Եվ, օգտվելով առիթից, թույլ տվեք մեր երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգներին, որը Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի հետ իր վրա է վերցրել ԼՂ հարցի խաղաղ կարգավորման միջնորդությունը:

Զուգահեռաբար Միացյալ Նահանգների կառավարությունը հենց Կոնգրեսի անմիջական ջանքերով ամենամյա ուղղակի տնտեսական աջակցություն է ցուցաբերում իմ ժողովրդին: Մեզ համար դա չափազանց գնահատելի է նախ և առաջ որպես վերաբերմունք:

Մենք ունենք լուծման սպասող բազմաթիվ խնդիրներ: Վերջին տարիների տնտեսական նախաձեռնություններում զգալիորեն աճել է  հայկական սփյուռքի, որի մի ստվար հատվածը Միացյալ Նահանգների քաղաքացիներն են, մասնակցությունը: Մենք նաև բարձր ենք գնահատում ԱՄՆ-ում գործող հայկական բոլոր կազմակերպությունների համակողմանի ջանքերն Արցախի օգտին:

Այսօր մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման հերթական տարելիցի տպավորությամբ: Ես վստահեցնում եմ, որ ինչպես արդեն հեռավոր դարձող 1991 թվականին, այնպես էլ այսօր իմ ժողովուրդը միայն արժանապատիվ և խաղաղ կյանք է ցանկանում իր հայրենիքում` հանուն ներկա և ապագա սերունդների բարօրության:

Հենց այդ նպատակադրությունն է մեզ առաջնորդել նախորդ 19 տարիներին, և Արցախի հայության համառ ու ստեղծագործ աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է կառուցել իրական ժողովրդավարական երկիր` պետական ինստիտուտների կուռ համակարգով, որը ձգտում է տնտեսական ինքնաբավության: Արցախի Հանրապետությունը,  իշխանությունների ձևավորման կայացած ընտրական համակարգով, բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը:

Եվ այդ ամենը մենք ստիպված ենք եղել իրականացնել հիմնականում սեփական ուժերով, առանց արտաքին ֆինանսական լայնածավալ օժանդակության, իհարկե, ունենալով Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի մեր հայրենակիցների համակրանքն ու համակողմանի աջակցությունը:

Արցախի պետությունը, որ ձգտում է միջազգային ճանաչման, ոչ միայն գիտակցում է իր բաժին պատասխանատվությունը Հարավային Կովկասի անվտանգության և կայունության պահպանման գործում, այլև ուժերի գերլարումով դիմակայում է տարածաշրջանի փխրուն ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու մեր ընդդիմախոսների ջանքերին:

Խաղաղության և համագործակցության մեր ձգտումներն անկեղծ են: Մենք պատրասատ ենք անցնել ճանապարհի մեր բաժինը, որքան էլ այն դժվար պատկերվի:

Բայց դեպի խաղաղություն և համերաշխություն ճանապարհը չի կարող լինել միակողմանի: Որևէ հանգրվանի հասնելու համար պետք է լինի նաև հանդիպակաց քայլ: Ցավոք, մենք Ադրբեջանի կողմից նման կամք չենք տեսնում:

Դժբախտաբար, մեզ շարունակում են ահաբեկել պատերազմի վերսկսման հեռանկարով: Դա անհանդուրժելի վերաբերմունք է: Ուզում եմ հավատացած լինել, որ տարածաշրջանում փխրուն խաղաղության պահպանման մասին մտահոգություններում միջազգային հանրությունը, ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահության, կատարելապես անկեղծ է:

Լեռնային Ղարաբաղում մենք գտնում ենք, որ իրավիճակի այլընտրանքը ոչ թե նոր լարվածությունն է, այլ` համբերատար և նպատակային երկխոսությունը, որպեսզի հակադիր պատկերացումների միջև գտնվի փոխադարձաբար ընդունելի ընդհանուր հայտարարը:

Դրան հասնելու համար անհրաժեշտ է ապագան կանխածրագրող նախաձեռնություններում առաջնահերթությունը տալ խաղաղության պահպանմանը և  համամարդկային արժեքներին:

Այդ դեպքում մենք կկարողանանք հարթել կնճիռները և հասնել տարածաշրջանի ոչ միայն տնտեսական ու կոմունիկացիոն, այլև սոցիալական ու հումանիտար ինտեգրման:

Հաջորդ տարիների համար անչափ կարևոր է, որպեսզի բոլոր այն կառույցներն ու կենտրոնները, որոնք գիտակցում են Հարավային Կովկասում   համամարդկային արժեքների հաստատման հրատապությունը` ուշադրության կենտրոնում պահեն հետևյալ առաջնահերթությունները.

–          խաղաղության պահպանումը տարածաշրջանում, ինչը հնարավոր է միայն հակամարտող կողմերի սպառազինությունների աճի  վերահսկմամբ, ինչպես նաև վստահության միջոցների հաստատմամբ;

–          տնտեսական օգնության շարունակումն Արցախի համար հույժ կարեւոր խնդիրների լուծման նպատակով, հասնելով դրա ընդլայնմանը և արդյունավետության բարձրացմանը;

–          Արցախի Հանրապետության անկախության ամրապնդման, նրա միջազգային ճանաչման ուղղությամբ գործնական աշխատանքը:

Արցախը հակված է դեպի խաղաղություն, համագործակցություն և  հանդուրժողականություն:  Լիահույս եմ, որ այդ ճանապարհին, ընդհանուր արժեքային համակարգի հիմքով, մենք կունենանք Միացյալ Նահանգների ժողովրդի և նրա կառավարության ու Կոնգրեսի աջակցությունը:

Խոսքիս ավարտին կրկին իմ, Արցախի իշխանությունների և խորհրդարանի անունից երախտագիտություն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոնի առթիվ հրավիրված այս միջոցառման կազմակերպիչներին և բոլորիդ, որ պատվեցիք միջոցառումը ձեր ներկայությամբ:

Միացյալ Նահանգների ժողովրդին և իշխանություններին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և զորություն` պաշտպանելու ազատության, արդարության և հավասարության վեհ գաղափարները:

Եվ թող Աստված պահի ձեր երկիրը և Արցախի Հանրապետությունը:

Շնորհակալություն:


Դիտել WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն