Թուրք լրագրողների` ԼՂՀ կատարած այցից Ադրբեջանում խիստ վրդովված են
Օրերս թուրքական NTV հեռուստաալիքի լրագրողները Հայաստանից մեկնել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և հարցազրույց վարել ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հետ:
Պարզվում է, թուրք լրագրողների` Լեռնային Ղարաբաղ կատարած այցը Ադրբեջանում լուրջ հակազդեցություն է առաջացրել: Նախ, Ադրբեջանի մեջլիսի նախագահ Զիյաֆետ Ազքերովը, թուրքական մամուլին խիստ անհանգստացած կոչ է արել հարգել Ադրբեջանի ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը:
Ազքերովը նաև հիշեցրել է թուրքերի ու ադրբեջանցիների եղբայրական կապերի մասին ու նկատել, թե Թուրքիան իրենց մշտապես աջակցել է, ավելին` Ղարաբաղն ու նրա շրջակա գյուղերը ընդունել է որպես ադրբեջանական հողեր: Ազքերովը խնդրել է թուրք եղբայրներին իրենց այլևս նման անհարմար իրավիճակի մեջ չգցել:
Սակայն գործը միայն մեջլիսի նախագահով չի ավարտվել:
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը ևս իր բողոքն է ներկայացրել Բաքվում Թուրքիայի դեսպանին և պարզաբանումներ պահանջել: Դեսպանատունը դեռ չի աձագանքել, փոխարենը, թուրքական մամուլը փորձում է մեղմել իրավիճակը. տպագրվում են հոդվածներ, որոնցում վստահեցնում են, թե ոչ ոք չի ցանկացել վիրավորել Ադրբեջանի արժանապատվությունը, ապա մեծ եղբոր իրավունքով խորհուրդ են տալիս այդչափ կասկածամիտ չլինել և մի փոքր վստահել իրենց:
Ք.Մ.
Թեգեր` Բաքվում Թուրքիայի դեսպան, Գեորգի Պետրոսյան, Զիյաֆետ Ազքերով, թուրք լրագրողների այցը ԼՂՀ












