Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Մի քանի հարց Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար պարոն Միրզախանյանին

Սեպտեմբեր 30, 2010թ. 16:55

30 սեպտեմբերի 2010թ., ք. Երեւան: Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը մի քանի գրավոր հարց է հղել Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար պարոն Միրզախանյանին: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում նամակը:

«2010թ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը 2009թ. հոկտեմբերի  7-ի N59 Հանձնարարականի հիման վրա «Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական  համալսարան» ՊՈԱԿ-ում ՀՀ աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման վիճակը պարզելու նպատակով իրականացրել Է ուսումնասիրություն: Նախկին ռեկտորի անունով տեսչությունը ներկայացրել է 18 կետից բաղկացած հանձնարարական, որում  ներկայացված են գործատուի կողմից  ՀՀ աշխատանքային օրենսգրքի խախտման դեպքերը:

Թվանշված 18 դեպքերից 11-րդի համաձայն` կազմակերպության  աշխատողներին  ամենամյա արձակուրդի համար աշխատավարձը չի վճարվել օրենսդրությամբ սահմանված ժամկետում եւ 2007-2009թթ. չի հաշվարկվել ու չի վճարվել 55.535.712 ՀՀ դրամ, այսինքն, որպես կազմակերպության աշխատող, ոտնահարվել է նաեւ Ձեր իրավունքը, Ձեր արժանապատվությունը:

– Լինելով վերոնշյալ բուհի վաղեմի աշխատող, գիտությունների դոկտոր, ֆակուլտետի դեկան` պաշտպանե՞լ եք արդյոք Ձեր իրավունքը, Ձեր ֆակուլտետի աշխատակիցների իրավունքները` պահանջելով չվճարված գումարները, ի՞նչ արդյունքի եք հասել,

2011-2015թթ. Կրթության զարգացման պետական ծրագիրը կարեւորում է պետականության կայացման եւ քաղաքացիական հասարակության կառուցման   գործընթացում  ակտիվ քաղաքացու ձեւավորումը, որն ազգային արժեքների կրողն է:

-Որպես Մանկավարժական  համալսարանի ռեկտորի թեկնածուի եւ որպես քաղաքացու` Ձեր օրինակը բավարա՞ր է արդյոք կրթելու ապագա մանկավարժներին` որպես ակտիվ, արժանապատիվ  քաղաքացիների:

2011-2015թթ. Կրթության  զարգացման պետական ծրագրի 27-րդ կետում ամրագրված է, որ ցածր է կրթության որակը մանկավարժական բուհերում, նախատեսվում է վերանայել մանկավարժական մասնագիտություններով բուհերի մասնագիտական ծրագրերն ու ուսումնական պլանները` համապատասխանեցնելով հանրակրթության ոլորտում ընթացող  բովանդակային բարեփոխումներին:

– Որքանո՞վ եք պատրաստ իրականացնելու այդ անհրաժեշտ բարեփոխումները, որպեսզի Մանկավարժական համալսարանին չսպառնա փակման վտանգը:

Աշխատանքի պետական տեսչության հայտնաբերած իրավախախտումները պահանջում են արմատական մոտեցումներ եւ միջոցառումներ` դրանք շտկելու համար:

– Պատրա՞ստ եք արդյոք ստանձնելու բուհում աշխատանքային հարաբերությունները օրենսդրական դաշտ բերելու, կաշառակերության  երեւույթները վերացնելու պատասխանատվությունը:

Վերոնշյալ հարցերի  պատասխաններն ակնկալում եմ ոչ  միայն ես, այլեւ հասարակության որոշ շահագրգիռ հատված, նաեւ Մանկավարժական համալսարանի խորհրդի  անդամները, որոնք այս հարցերը պետք է բարձրացնեն ռեկտորի յուրաքանչյուր թեկնածուի ընտրության ժամանակ»:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն