Նա ուներ Մայր ժողովրդի ու Մայրենիի հանդեպ պաշտամունքի հասնող սեր
ՀՀ ԳԱԱ Հր. Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի գիտական խորհրդի եւ ՀՀ ԳԱԱ հայագիտութեան բաժանմունքի համատեղ նիստ` նուիրուած պրոֆեսոր Վարագ Առաքելեանի (1910-2001) ծննդեան 100-ամեակին (2010 թ. հոկտեմբերի 1-ին, ժ. 15.00-ին, ՀՀ ԳԱԱ Գրականութեան ինստիտուտի դահլիճ, Գրիգոր Լուսաւորչի փողոց 15, 3-րդ յարկ)
20-րդ դարի երկրորդ կէսի ամենից աւելի խոշոր եւ վաստակաշատ հայագէտներից մէկը` լեզուաբան-բանասէր, ազգային եւ հասարակական գործիչ, պրոֆեսոր Վարագ Առաքելեանը ծնուել է Աբովեանի շրջանի Կոտայք գիւղում (նախկինում` Ելկովան) 1910 թ. հոկտեմբերի 1-ին: Իր բարձրագոյն կրթութիւնն ստացել է Երեւանում: Բանասիրական գիտութիւնների դոկտորի աստիճանի է արժանացել 1960 թ.: Երկար տարիներ գլխաւորել է Գիտութիւնների Ակադեմիայի` Հրաչեայ Աճառեանի անուան Լեզուի ինստիտուտի Հայոց լեզուի պատմութեան բաժինը (1958-ից), դասաւանդել է Երեւանի պետական համալսարանում եւ Մանկավարժական ինստիտուտում:
Վարագ Առաքելեանի գիտական հետաքրքրութիւնների եւ ուսումնասիրութիւնների շրջանակը շատ լայն է եղել` գրաբար, հայոց լեզուի պատմութիւն, ժամանակակից գրական հա-յերէն, ոճաբանութիւն, բառարանագրութիւն, բարբառագիտութիւն, մատենագրութիւն, հայ գրականութիւն, հայոց պատմութիւն, հայոց մշակոյթի պատմութիւն, շեքսպիրագիտութիւն, յուշագրութիւն, հրապարակախօսութիւն: Հետաքրքրութիւնների այդպիսի բազմակողմանիու-թիւնը բնորոշ է եղել մեր անցեալի գրեթէ բոլոր հայագէտներին, եւ ամենեւին պատահական չէ, որ դա հիմնաւորապէս արտայայտուել է նաեւ դասական հայագիտութեան վերջին նշանաւոր ներկայացուցիչներից մէկի` Վարագ Առաքելեան գիտնականի մօտ: Մայր ժողովրդի ու մայ-րենիի հանդէպ պաշտամունքի հասնող սէրը եւ բանասիրական բարձր պատրաստուածութիւնն ու խոր իմացութիւնները նրան հնարաւորութիւն են ընձեռնել պատմաբանասիրութեան ամենատարբեր բնագաւառներում ասելու իր հիմնաւոր ու ծանրակշիռ խօսքը:
Այդ ամենին պէտք է գումարել նաեւ Վարագ Առաքելեանի հասարակական-քաղաքական բարձր կեցուածքը, մեր հասարակական գիտակցութեան մէջ հայոց անկախ պետականութեան վերականգնման եւ հայութեան շահերի պաշտպանութեան գաղափարների արմատաւորման ուղղութեամբ նրա մղած անդադրում պայքարը: Նա անմնացորդ ապրել է դրանով եւ օգնել ուրիշ նուիրեալներին` իր բազմաթիւ աշակերտներին ու հետեւորդներին` գտնելու իրենց ամենամեծ երջանկութիւնն այդ պայքարի բովում: Խորհրդային իշխանութեան վերջին տասնամեակում Վարագ Առաքելեանի կազմակերպչական ջանքերով է իրագործուել խաչքարի հաստատումը Արամ Մանուկեանի շիրիմի վրայ, ինչպէս նաեւ Գարեգին Նժդեհի աճիւնի գաղտնի տեղափոխումը Վլադիմիրից Հայաստան եւ ամփոփումը Սպիտակաւորի վանքում եւ Խուստուփ լեռան լանջին:
Իր անչափ տառապալից, բայց միաժամանակ չափազանց բեղմնաւոր կեանքի ընթացքում Վարագ Առաքելեանը հրատարակել է մի քանի տասնեակ մենագրութիւններ ու գիտական յօդուածներ: Դրանցից առաւել նշանաւոր են`«Աւետիք Իսահակեանի պոէզիայի բառապաշարի ոճաբանական առանձնայատկութիւնները» (1954 թ.), «Ժամանակակից հայերէնի հնչիւնաբանութիւն» (1955 թ.), «Ժամանակակից հայերէնի հոլովների եւ հոլովական կապակցութիւնների իմաստային առումները» (1957), «Հայերէնի շարահիւսութիւն» (հատոր 1-2, 1958, 1964), «Հայերէնի պարբերոյթը» (1968), «Ժամանակակից հայոց լեզուի բացատրական բառարան» (հտ. 2-րդ, 1972), «Գրիգոր Նարեկացու լեզուն ու ոճը» (1979) եւ այլն: Հմուտ մատենագրագէտը հրատարակել է Մովսէս Կաղանկատուացու (Դասխուրանցու) «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկի գիտա-քննական բնագիրը (1983), ինչպէս նաեւ գրաբարից աշխարհաբարի վերածել միջնադարեան հայ պատմիչների երկերը (Մովսէս Կաղանկատուացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի»-ն, Կիրակոս Գանձակեցու «Հայոց պատմութիւնը»):
Արդէն հետմահու հրատարակուել են (պետական պատուէրով) Վարագ Առաքելեանի Հուշագրութիւնների հատորեակը (2003), Ուխտանէս եպիսկոպոսի «Հայոց պատմութեան» աշխարհաբար թարգմանութիւնը (2006) եւ «Գրաբարի քերականութիւն»-ը (հտ. Ա, 2010): Բայց նրա դեռեւս անտիպ աշխատութիւնների ցուցակն ընդգրկում է մէկ տասնեակից աւելի անուն: 2001 թուականից Վարագ Առաքելեանի անունով է կոչւում ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք գիւղի միջնակարգ դպրոցը:












