Հաջորդած քսան տարիները մաքառումի և մոխիրներից հառնելու տարիներ էին:
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց սեպտեմբերի 26-ին` Գանձասարում: Այստեղ էր ժամանել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Նրան դիմավորեցին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ պետական այրերը` Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, Հայ առաքելական եկեղեցու մի շարք թեմերի առաջնորդներ եւ ներկայացուցիչներ:
Գանձասարը պատահաբար չէր ընտրվել որպես Արցախի թեմի վերաբացմանը նվիրված միջոցառումների մեկնակետ: 20 տարի առաջ Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակով վերաբացվեց Հայ առաքելական եկեղեցու` անցած դարի 30-ական թվականներին փակված Արցախի թեմը: 1989 թվականի հոկտեմբերի 1-ին Սուրբ Գանձասարի վանքի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում` Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվեց վերաբացված թեմի առաջին պատարագը: Եվ 20 տարի անց կրկին այստեղ հավաքվելն արդեն իսկ անցած տարիների յուրովի արժևորումն էր:
«Արցախի թեմի վերաբացումը` այն էլ Արցախյան շարժման ամենաթեժ պահին` չէր կարող պատահական լինել»,- վստահ է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Դա խորհրդանշում էր վերադարձ` մեր նախնյաց արժեքներին»,-կարևորում է ԼՂՀ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը,- իսկ հոգևոր սննդի կարիք բոլորն ունեն` ծեր թե մանուկ»:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ և Հայ առաքելական եկեղեցու հովիվների մասնակցությամբ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարում կիրակնամուտի ժամերգություն կատարվեց:
Ժամերգությունից հետո օրհնվեց որջ Արցախ աշխարհը, ապա հանդիսավոր թափորն ուղղվեց Գանձասարի մուտքի մոտ կանգնեցված խաչքարը: Արցախի թեմի վերաբացման քսանամյակին նվիրված խաչքարը ջրով և գինով լվացվելուց հետո` օծվեց Գարեգին Երկրորդի ձեռամբ: Ապա Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորանքի խոսքով դիմեց ներկաներին: Հայրապետական խոսքը նաև Արցախի թեմի և հայության արցախյան հատվածի քսանամյա մաքառումի յուրովի գնահատականն էր:
«Մենք գոհունակությամբ ենք մեր օրհնությունը Էջմիածնից բերում Արցախ: Հպարտ ենք, որ Արցախն ազատագրվեց համայն հայության ջանքերով»,- կարևորեց Ամենայն հայոց կաթողիկոսը: «Հաճախ զինվորին հավասար զենք էր կրում նաև հոգևորականը, քանզի ինչպես մեր սրբազան հայրերն են պատգամել` մենք պարտ ենք հանուն հայրենիքի փրկության մեր խաչը զենքով փոխարինել»:
Քսան տարի անց էլ Գանձասարում աղոթում են նույն ջեմեռանդությամբ: Աղոթում են սրտաբուխ, կորուստների արժեքի գիտակցումով ու հաղթանակի հավատով:
Իսկ սա վերահաստատում է, որ Գանձասարում երբեք չի լռի զանգերի ղողանջը:
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ստեփանակերտ
Թեգեր` Ամենայն հայոց կաթողիկոս` Գարեգին Երկրորդ, Գանձասար, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան












