Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Հարավային Կալիֆորնիայի համալսարանը գիտաժողով կկազմակերպի Հայկական Սփյուռքի միասնության մասին

Հոկտեմբեր 4, 2010թ. 11:05

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (ՀԿՀ-USC) Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը նախաձեռնում է «Հայկական Սփյուռք. ընտրովի ղեկավարություն և համաշխարհային կառույց» խորագիրը կրող գիտաժողով` հայկական միասնությանը նպաստող ռազմավարության մշակման նպատակով: Մեկօրյա գիտաժողովը տեղի կունենա շաբաթ օրը, նոյեմբերի 20-ին, համալսարանի Town & Gown սրահում:

Գիտաժողովի բանախոսներն են` Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, փաստաբան Մարկ Գիրագոսը, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը, լրագրող և հեղինակ Մարկ Արաքսը, պրոֆեսոր Հրայր Դեքմեջյանը (ՀԿՀ), պրոֆեսոր Ստեփան Հ. Աստուրյանը (Կալիֆորնիայի համալսարան, Բերքլի), դոկտոր Կայծ Մինասյանը (Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ, Փարիզ), Արշալույս Ճգնավորյան-Ազենբաուերը (ավագ խորհրդական, Միավորված ազգերի կազմակերպություն, Վիեննա), պրոֆեսոր Լևոն Մարաշլյան (Գլենդեյլի համայնքային քոլեջ) և պրոֆեսոր Էնդրյու
Դեմիրճյանը (Կալիֆորնիայի նահանգի համալսարան, Լոնգ Բիչ):

Գիտաժողովի մասնակիցները կդիտարկեն աշխարհասփյուռ հայերի միասնական կառույց հիմնադրելու հնարավորությունը, որը կկարողանա ներկայացնել համայն աշխարհի հայությանը` բացառությամբ Հայաստանի և Արցախի հայերի, որոնք արդեն ընտրովի կառավարություններ ունեն: Ընտրված
ներկայացուցիչների այսպիսի հավաքական մարմինը կարող է իրավացիորեն հայտարարել, որ ներկայացնում է Սփյուռքի հայությանը:

«Հայերն ազգային միասնության անխոնջ ջատագովներ են, և նույնիսկ կարելի է ասել, որ նրանք համակված են այս վեհ գաղափարով: Սակայն, հակառակ հայ ժողովրդի միասնականության վերաբերյալ գեղեցիկ ճառերին, բոցաշունչ բանաստեղծություններին ու հայրենասիրական երգերին,
այս բաղձալի երազանքը դեռևս մնում է անհասանելի: Անգամ օրհասական պահերին հայերը մնացել են անմիաբան ու անհաշտ», ասում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Ընտրված ղեկավարությունը, առաջին անգամ լինելով կարող է միջազգային մի կազմակերպություն ստեղծել` հզոր քաղաքական և տնտեսական կարողությամբ, որն ի վիճակի կլինի նպաստել հայկական շահերին, պահպանել մշակութային արժեքներն ու պաշտպանել հայության իրավունքները:

Գիտաժողովի մուտքն ազատ է: Այն տեղի կունենա ժամը 9:30-ից մինչև 16:30-ը, ՀԿՀ-ում: Կմատուցվի նախաճաշ և ճաշ:
Ձեր տեղերն ապահովելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել ՀԿՀ-ի  Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտ armenian@college.usc.edu.


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն