Գլխավոր » WestArmenia, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Սեմնեբի.Արցախյան հակամարտության ռազմական լուծման հնարավորությունն անթույլատրելի է

Հոկտեմբեր 18, 2010թ. 11:32

SemnebiՌուսական ռազմաբազայի Հայաստանում տեղակայման ժամկետների երկարաձգումը Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմանի հարցն է: Այսպես է «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ԵՄ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին արձագանքել Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետին առնչվող թիվ 5 արձանագրության ստորագրմանը` նշելով, թե չի ցանկանում գնահատել այդ համաձայնությունը:

«Մեզ իհարկե հետաքրքրում է այդ հարցը, եւ ես կարծում եմ, որ այսօր անհրաժեշտություն կա խորհրդակցելու տարբեր կողմերի հետ եւ համոզելու հարեւաններին, որ այդ համաձայնագիրը նրանց համար որեւէ սպառնալիք չի ներկայացնում», ասել է Սեմնեբին:

Լրագրողի ակնհայտորեն կողմնակալ հարցին Սեմնեբիի` սպառնալիք չներկայացնելու վստահության առնչությամբ Եվրոմիության Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչը նշել է. «Պետք է դիտարկել Կովկասում ռազմական ներուժի ավելի լայն համատեքստը: Ասենք, Հայաստանի այսօրվա անհանգստությունը Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ծախսերի առնչությամբ չի զարմացնում: Եթե կողմերը շարունակեն միջոցներ եւ հակամիջոցներ ձեռնարկել, վերջնական արդյունքում դա կարող է իջեցնել ուժի կիրառման շեմը, ինչը վտանգավոր ու ողբերգական կլինի: Չի կարելի թույլ տալ ղարաբաղյան կամ այլ հակամարտությունների ռազմական լուծման հնարավորությունը»:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարացումը մինչեւ 49 տարի չի՞ կարող նշանակել նաեւ ղարաբաղյան հակամարտության լուծման հետաձգում նույն ժամանակով, Սեմնեբին արձագանքել է, թե ողբերգական կլինի, եթե ղարաբաղյան հարցը չլուծվի եւս 40 տարի: «Այն արդեն իսկ բավականին երկար է շարունակվում, այն վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների, տարածաշրջանի հարեւանների համար, քանի որ այդ հակամարտությունը վակուումում չէ, որ գոյություն ունի», հայտարարել է Սեմնեբին:

Նրա խոսքերով, պետք է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի այս հակամարտությունը լուծվի: «Պետք է խստացնել շփման գծում զինադադարի դիտարկման ռեժիմը», նշել է Սեմնեբին, ավելացնելով, որ այդ շփման գծում վերջին մի քանի ամիսների ընթացքում միջադեպեր են տեղի ունենում եւ փոխհրաձգություն: «Զինադադարն, իհարկե, հարցը չի լուծում, բայց նպաստում է բանակցային գործընթացի նորմալացմանը», ասել է ԵՄ հատուկ ներակայացուցիչը:


Դիտել WestArmenia, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն