Գլխավոր » WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայրը սկսել է, որդին շարունակում է

Հոկտեմբեր 18, 2010թ. 13:39

AtanesyanԱնցյալ դարավերջին Հեյդար Ալիեւը երկու արտառոց հրամանագիր է ստորագրել: Առաջինը մարտի 21-ը սահամանում է «ադրբեջանցիների ցեղասպանության օր», երկրորդը` Գիտությունների ակադեմիային հանձնարարում «ձեռնամուխ լինել Ադրբեջանի պատմության ստեղծմանը»:

Մարդկության շատ հեռավոր անցյալում միապետները պալատական պատմիչներին նման հրահանգներ տալիս էին կամ ինչ-որ ժայռի վրա փորագրում էին իրենց երկրներում տեղի ունեցած կարեւոր իրադարձություններ: Բայց որ 20-րդ դարում «դեմոկրատական, իրավական պետության» ղեկավարը կարող է հրամանագրով իրադարձություն «ստեղծել» եւ պատմաբաններին հանձնարարական տալ` առողջ բանականության սահմաններից ակնհայտորեն դուրս է:

Եվ, այդուհանդերձ, Հեյդար Ալիեւն ստիպված էր շեղվել օրինաչափությունից: Նա, ըստ երեւույթին, բոլորից լավ գիտեր, որ իր երկիրը, թեեւ նավթով եւ գազով հարուստ, բայց պատմական ավանդույթներով, ազգային ինքնագիտակցությամբ եւ մշակութային արժեքներով չափազանց աղքատ է: Այնքան, որ նույնիսկ ակադեմիական պատմագիտությունն է դժվարանում հստակեցնել` ադրբեջանցի ինքնանվանվող հանրությունը իրականում թուրքակա՞ն, իրանակա՞ն, թե՞ աղվանագարգարական ծագում ունի:

Հայտնի է, որ թերաժեքությունը ծնում է ագրեսիվություն: Ժողովուրդները բացառություն չեն: Եվ Ադրբեջանի վարքը դրա վառ ապացույցն է: Մեծ մասամբ ինքնագիտակցվելով որպես Արեւելյան Անդրկովկասում եկվոր էթնիկ տարր, բայց քաղաքական հանգամանքների բերումով ստեղծած լինելով իրենց «ազգային» պետությունը, նախկին կովկասյան թաթարները դրա համար այլ բացատրություն չեն գտնում, քան ստեղծել սեփական «վաղնջականության» առասպելը, որի համաձայն Հարավային Կովկասի պատմությունն սկսվում է «ադրբեջանական խանություններից»:

Եթե միասնական Պարսից պետության ենթակայությամբ եղել են Բաքվի, Գյանջայի, Շիրվանի, Ղարաբաղի, Նախիջեւանի եւ Երեւանի խանություններ, ապա դրանք «ադրբեջանական են»: Սա է այն «պատմագիտական կոնցեպցիան», որի շուրջը անվերջ հածում է Ադրբեջանի «գիտական միտքը»:

Ցավալի, եթե չասվի` ողբերգական է, երբ այդ ամենը նախաձեռնում, հրահրում, հովանավորում է իշխանությունը: Նախ` խորհրդային Ադրբեջանի առաջնորդ Հեյդար Ալիեւը, որի անմիջական վերահսկողությամբ էր տքնում Զիա Բունիաթովը, ապա` անկախ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, որի գործի շարունակող է դարձել որդին:

Օրերս, հանդես գալով Եվլախ քաղաքում, նա վերստին հայտարարել է, որ «ներկայիս Հայաստանը, տարածքը, որը քարտեզի վրա անվանվում է Հայաստանի Հանրապետություն, բնիկ ադրբեջանական հող է: Դա ճշմարտություն է: Իհարկե, Զանգեզուրը, Իրավանի խանությունը մեր հողերն են: Ադրբեջանցիներն այնտեղ ապրել են դարերով: Հայերը բնակվել են որոշակի ռեգիոններում: Բայց 19-րդ դարում տեղի է ունեցել նրանց վերաբնակեցումը: Ինչպե՞ս կարող էր պատահել, որ 1918 թ. Իրավանի հայտարարումը Հայաստանի մայրաքաղաք տեղի է ունեցել Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կառավարության որոշմամբ: Եթե այդ ռեգիոնները պատկանում էին այսպես կոչված «Մեծ Հայաստանին», ապա ինչո՞ւ էին թույլտվություն հարցնում մեզնից»,- ցիցերոնական հարց է հնչեցրել Իլհամ Ալիեւը:

Ժամանակն, իհարկե, նախընտրական է: Իլհամ Ալիեւը գլխավորում է իշխող կուսակցությունը, բայց ամեն ինչ դրա հետ կապել` ճիշտ չէր լինի: Նույն միտքը նա հնչեցրել էր մի քանի տարի առաջ` մեղադրելով «Մուսավաթ» կուսակցությանը, որ «համաձայնել է Իրավանը տալ հայերին»: Եվ նրան շատ նրբորեն պատասխանել էր Բաքվի «Զերկալո»-ն` սարկաստիկ զարմանք հայտնելով այն իրողության հանդեպ, թե ինչպե՞ս կարող էր սեփական մայրաքաղաք չունեցող կառավարությունը Հայաստանին «մայրաքաղաք նվիրել»:

Խոսքն, ինչպես հասկացվում է, վերաբերում է նրան, որ 1918 թ. «Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը» ոչ միայն կազմավորված կառավարություն չուներ, այլեւ նրա «իշխանությունը» տարածվում էր միայն Գանձակ քաղաքի մուսուլմանաբնակ հատվածի վրա: Իսկ եթե բանը հասել է հռետորական հարցադրում անելուն, ապա ավելորդ չէր լինի ասել.

«Եթե «Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունն» այնքան հզոր պետություն էր, որ մեծահոգաբար ուրիշին քաղաք էր զիջում, ապա ի՞նչ է խորհրդանշում Բաքվում «թուրք ազատարար զինվորի» հուշարձանը: Եվ ի՞նչ ենթատեքստ ուներ Թուրքիայի նախագահի այն ակնարկը, թե «ադրբեջանական ժողովուրդը, համոզված եմ, հիշում է, թե ինչ է արել նրա համար Թուրքիան»: Եվ` ինչո՞ւ է շրջանառության մեջ դրվել «մեկ ազգ` երկու պետություն» կարգախոսը»:

Նույն ելույթում Իլհամ Ալիեւը դարձյալ հոխորտացել է, որ «մենք թույլ չենք տա, որպեսզի ադրբեջանական հողերում երկրորդ հայկական պետություն ստեղծվի»: Իբր, «մեծահոգություն ենք արել, համաձայնել ենք, որ մեկը լինի, բայց երկրորդը չի լինի, թույլ չենք տա»:

Երբ բանավեճի բոլոր փաստարկներն սպառվում են, պարտվողն սկսում է զազրախոսել, իսկ երբ դա էլ չի օգնում, դիմում է բռունցքների օգնությանը: Իլհամ Ալիեւը «անցումային փուլում» է: Փաստարկներն սպառված են, զազրախոսությունները հայկական կողմերին հավասարակշռությունից չեն հանում, մնում է, որ դիմի բռունցքների օգնությանը: Եվ չի էլ թաքցնում, որ պատրաստ է հատել ողջախոհության, պարզ բանականության սահմանը:

Միայն այստեղ է, որ նա հանդես է գալիս իրական կերպարանքով: Բայց դա մեզ շատ ծանոթ է: Հայրն սկսել է, որդին ուզում է ավարտին հասցնել Ադրբեջանի` որպես պետության կործանման գործը: Հաջողություն ցանկանանք նրան եւ սպասենք հոգեգարության նոպայի հերթական պոռթկմանը:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ


Դիտել WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն