«Բանակում ինքնասպանություններն ավելի քիչ են»
«Այս տարի բանակում ինքնասպանության դեպքերն ավելի քիչ են, քան նախորդ տարի»,- ըստ թերթի՝ ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա մեկնաբանել է ՊՆ զորամասերից մեկում ինքնասպանություն գործած Սամվել Խաչատրյանի գործով քննության ընթացքը: Հիշեցնենք, որ զինվորի դին հայտաբերվել է զորամասի նկուղում՝ կախված վիճակում:
Պարզվել է, որ մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ բռնություններ են գործադրել նրա նկատմամբ, հայհոյանքներով ստորացրել: «Մեղավորները հայտնաբերվել են: Ելնելով նախաքննության գաղտնիությունից, այլ մանրամասներ չեմ կարող ասել: Անհոգ եղեք, համապատասխան աշխատանքներ տարվում են»,- ասել է Ս.Օհանյանը: Հարցին, թե ինչպես կմեկնաբանի, որ նման միջադեպերն ավելի հաճախակի են դարձել, Օհանյանը պատասխանել է. «Դրանք ավելի քիչ են, քան նախորդ տարի»:
«168 ժամ»












