Ինչպե՞ս գնահատել գնահատման առաքելությունը
Մեկ շաբաթ, հոկտեմբերի 7-ից մինչև 13-ը, ԵԱՀԿ դաշտային գնահատման առաքելությունը ԼՂՀ տարածքում փաստահավաք աշխատանք կատարեց։ Հիշեցնենք, որ դա երկրորդ այդպիսի այցն է. համանման առաքելություն ԵԱՀԿ պատվիրակությունը կատարել է 2005 թվականի փետրվարին։ Եվ ինչպես ԼՂՀ ներկայիս այցի նախօրյակին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիական համանախագահ Բեռնար Ֆասիեն, ՙամենից առաջ, մենք կհամեմատենք ներկայիս իրադրությունը նախկինի հետ՚։
Առաջ անցնելով, նշենք, որ առաքելության անդամները ԼՂՀ իշխանություններին երախտագիտություն են հայտնել իրենց աջակցություն ցույց տալու և նորմալ աշխատանքի պայմաններ ստեղծելու համար։ Սակայն ԵԱՀԿ պատվիրակությունն առայժմ սահմանափակվել է նրանով, որ ըստ արժանվույն է գնահատել հանրապետության ղեկավարության գործունեությունը, որը մշտապես միջազգային կառույցների հետ համագործակցելու պատրաստակամություն է դրսևորում ղարաբաղյան կարգավորման գործընթացին աջակցելու համար։ Ինչ վերաբերում է դիտարկման ենթարկված տարածքներում բուն իրադրության գնահատմանը, ապա միջնորդները դրանից ձեռնպահ մնացին՝ նկատելով, որ միայն բոլոր աշխատանքներն ավարտվելուց հետո է ամբողջ տեղեկատվությունն ընդհանրացվելու, վերլուծվելու և ներկայացվելու հակամարտության կողմերին։ Մի խոսքով, առաքելությունն առայժմ պատասխաններ չի տալիս, սակայն, դրանով հանդերձ, ոչ քիչ հարցեր են ծնվել, ըստ որում՝ նրա սկսվելուց դեռ շատ առաջ։ Դրանցից գլխավորն է. ինչո՞ւ հինգ տարվա ընթացքում ԵԱՀԿ-ն արդեն երկրորդ անգամ է իրադրության ուսումնասիրություն կատարում ԼՂՀ տարածքներում, բայց ոչ մի անգամ՝ Շահումյանի շրջանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների մի մասի տարածքներում, որոնք մինչ օրս գտնվում են Ադրբեջանի օկուպացման տակ։ Ինչո՞ւ ԵԱՀԿ փորձագետները, որոնք ըստ Ֆասիեի խոսքերի, մտադիր են ՙամենից առաջ, համեմատել ներկայիս իրադրությունը նախկինի հետ՚, ոչ մի կերպ իրադրության այդպիսի համեմատական վերլուծություն չեն անցկացնի զավթված հայկական տարածքներում։ Չէ՞որ այդ դեպքում միջնորդները խախտում են իրենց իսկ կողմից այնքան սիրված՝ կողմերի հավասարության (պարիտետի) սկզբունքը։
Ուշադրություն է գրավում այն փաստը, որ երկու անգամ էլ գնահատման առաքելության անցկացումը հրահրված է Ադրբեջանի կողմից, որն, իհարկե, հույս ունի բոլոր արդար, իսկ ավելի ճիշտ՝ անարդար միջոցներով իր համար շահավետ արդյունքներ ստանալ ԵԱՀԿ-ից և դրանով էլ ՙգաղափարախոսական բազա՚ դնել Հայաստանի և ԼՂՀ-ի դեմ իր քարոզչական-դիվանագիտական գործողությունների տակ։ Բաքուն շատ մեծ հույս է պահում, թե կֆիքսվեն իր բացահայտորեն ստահոդ հայտարարությունները ազատագրված տարածքները Հայաստանի քաղաքացիներով զանգվածաբար բնակեցվելու վերաբերյալ։ Մինչդեռ բնակեցումը ոչ այլ ինչ է, քան Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից, Ադրբեջանի այլ բնակավայրերից հայ փախստականների տեղավորում Լեռնային Ղարաբաղում։ Հենց դրան է խոչընդոտել ջանում Ադրբեջանը։ Այլ խոսքով, այդ մարդկանց տանիքից զրկելով, ադրբեջանական իշխանությունները չեն դադարեցրել իրենց փորձերը՝ ավարտի հասցնել այդ գործընթացը, ինչպես նաև հընթացս հասնել Հայաստանի դատապարտմանը։ Կասկած չկա, որ Բաքուն ջանք չի խնայի, որպեսզի իր համար այնքան բաղձալի եզրահանգումներ կորզի գնահատման առաքելությունից, քանի որ հինգ տարի առաջ փաստահավաք առաքելության եզրակացությունը չափից դուրս հիասթափեցրել էր ադրբեջանական կողմին, որն այժմ հաստատապես ռևանշ է երազում։
Հուսով ենք, որ ԵԱՀԿ ներկայիս առաքելությունը, ինչպես և նախկինում, օբյեկտիվություն կդրսևորի և կգործի ինքնուրույնության և չեզոքության սկզբունքներին համապատասխան, ինչի մասին, ի դեպ, Մինսկի խմբի համանախագահները խոսել են Ստեփանակերտում։ Իսկ եթե դա այդպես է, այդ օբյեկտիվությունը պահանջում է, որ իրադրությունն ուսումնասիրվի նաև այն տարածքներում, որոնց ճակատագիրը ղարաբաղյան կողմին մտահոգություն է պատճառում։ ԼՂՀ իշխանությունների պնդմամբ Մինսկի խմբի համանախագահները խոստացել են հաջորդ փուլում գնահատման առաքելություն անցկացնել ԼՂՀ-ի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։ Սա ավելի քան հրատապ հարց է, առավել ևս, որ փախստականների հիմնախնդիրն, իհարկե, շարունակում է մնալ որպես առանցքայիններից մեկը ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Դա մասամբ հաստատվում է այն բանով, որ ԵԱՀԿ ներկայիս առաքելության կազմի մեջ են մտել ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի Ժնևի գրասենյակի փորձագետները։ Հարկ է խոստովանել, որ հայ հասարակության մեջ այն կարծիքն է հնչել, թե գնահատման առաքելության անցկացումը ԼՂՀ-ի համար ինչ-որ սպառնալիք է բովանդակում իր մեջ՝ կապված, մասնավորապես, տարածքների ու փախստականների հարցերի հետ։ Սակայն, դատելով ըստ միջնորդների ասածների, ԵԱՀԿ առաքելության իրականացումը ոչ մի չափով չի կանխորոշում ԼՂՀ-ի սահմանադրորեն ամրագրված տարածքների քաղաքական ճակատագիրը և իրադրության զուտ գնահատման գործառույթ է բովանդակում։ Իսկ իրադրությունն այն է, որ Ադրբեջանից հայ փախստականները, որոնք բռնության և վտարման են ենթարկվել, լիակատար իրավունք ունեն ապաստան և անվտանգ կյանք ձեռք բերել ԼՂՀ-ի իրավասության ներքո։ Առավել ևս, որ տանիքից ու տարիներով վաստակած կարողությունից մի ակնթարթում զրկված այդ մարդիկ մինչ օրս բացարձակապես ոչ մի փոխհատուցում չեն ստացել Ադրբեջանից։ Այդ պատճառով առնվազն անբարո է բանակցությունների ընթացքում հայ փախստականների իրավունքները քամահրելը, ինչը կատարվել է մինչև վերջին ժամանակներս։ Առավել ևս, որ նրանք հենց այն փախստականներն են, որոնք վտարվել են այն վայրերից, որտեղ Ադրբեջանն արդեն վաղուց է իր քաղաքացիներին վերաբնակեցրել։ Չենք ճշգրտի՝ իրակա՞ն, թե՞ կարծեցյալ վերաբնակների։ Մեզ առավել շատ հետաքրքրում է այլ կարգի հարց։ Եթե ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարը պետք է մտահոգված լինի փախստականների ճակատագրով ընդհանրապես, ապա ստեղծված սահմանի մյուս կողմում համանման գնահատման առաքելությունը նրան, ինչպես և միջնորդներին, թույլ կտա ստանալ իրադրության օբյեկտիվ պատկերը։ Ինչը նշանակում է՝ ճիշտ որոշել հիմնախնդրի լուծման հեռանկարները։ Հակառակ դեպքում առաքելությունը կդառնա սովորական խեղաթյուրում։
Լեոնիդ Մարտիրոսյան
«Ազատ Արցախե












