Հայաստանի հավաքականն այսօր ունի մեծ շանսեր
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ և Սլովակիա Հայ Համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ զրույցի ընթացքում Սլովակիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահության ղեկավարները հայտնել են շատ բարձր կարծիք Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի խաղի վերաբերյալ: Ըստ Ֆեդերացիայի նախագահության անդամ Ուիլյամ Ֆիշերի Հայաստանի հավաքականն այսօր ունի մեծ շանսեր 2012թ-ի Եվրոպայի առաջնության եզրափակչին մասնակցելու համար: Ինչ վերաբերվում է Սլովակիայի հավաքականին, ապա նա Հայաստանից կրած ծանր պարտությունից հետո այլևս չի հասցնում ուշքի գալ, և ըստ մասնագետների կարծիքի այդ ՙնոկաուտից՚ այդպես էլ չկարողանալով դուրս գալ` զրկվելու է եզրափակչին մասնակցելու հնարավորությունից: Դրան հակառակ Հայաստանի հավաքականը Անդորրայի հավաքականին ջախջախիչ պարտության մատնելուց հետո դարձել է ենթախմբի ֆավորիտը և Ռուսաստանի հետ եկող մարտի 26-ին հաջող խաղի դեպքում շանս ունի դառնալու խմբի առաջատար: Սլովակները Հայաստանի հավաքականին մաղթում են հաջողություններ և այնպիսի բարձրակարգ խաղ, ինչպիսին ականատես եղան նրանք Երևանում: Սլովակ մասնագետները մտադրություն ունեն Հայաստանի հավաքականում հանդես եկող որոշ հարձակվողների Սլովակիայի լավագույն թիմերում աշխատանքի հրավիրելու: Նրանց կարծիքով հայկական ֆուտբոլին լավ ապագա է սպասվում` ճիշտ զարգացումներ և շարունակություն ապահովելու դեպքում:












