Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ուշադրություն եմ հրավիրում

Հոկտեմբեր 22, 2010թ. 10:32

20Բաց նամակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` դեսպան Բրադկեին` Միացյալ Նահանգներ, դեսպան Պոպովին` Ռուսաստանի Դաշնություն, դեսպան Ֆասիեին` Ֆրանսիայի Հանրապետություն.

Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է Եվլախ քաղաքի հասարակայնության ներկայացուցիչներին: Ինչպես ընդունված է նման դեպքերում, նա հանդես է եկել ելույթով: Այդ մասին Ադրբեջանի նախագահի գրասենյակը տարածել է պաշտոնական հաղորդագրություն:

Ես չեմ անդրադառնում նախագահ Ալիեւի ելույթի «պատմագիտական» ընդգծումներին: Դա գիտական շրջանակների խնդիրն է:

Ինձ մտահոգում է այն իրողությունը, որ Ադրբեջանի նախագահի գրասենյակը օտարախոս հանրության համար ռուսերեն եւ անգլերեն տարածած հաղորդագրության մեջ որոշակի խմբագրական միջամտություններ է արել: Արդյունքում միջազգային մեդիա միջոցները հնարավորություն չեն ունեցել տեղեկանալու նախագահ Ալիեւի ելույթի մի էական հատվածին: Այն ներկայացրել է Բաքվում լույս տեսնող Bizim yol («Մեր ուղին) ոչ իշխանամետ պարբերականը` միայն ադրբեջաներեն լեզվով:

Ելույթի հիշյալ հատվածում նախագահ Ալիեւն ասել է. «Իմ անմիջական կարգադրությամբ է քանդվել Բաքվի 26 կոմիսարների հուշահամալիրը»:

Հիշեցնեմ, որ այդ հուշահամալիրը Բաքվում խորհրդային իշխանության տարիներին կառուցվել էր այն տեղում, որտեղ ավելի վաղ ամփոփվել էին 26 կոմիսարների աճյունները:

Խոսքը վերաբերում է մինչեւ թուրքական զորքերի կողմից 1920թ. սեպտեմբերի 15-ին Բաքվի օկուպացումը գործած կառավարության անդամների վերահուղարկավորմանը: Նրանք, ըստ պաշտոնական վարկածի, գնդակահարվել էին թուրքմենական Ախչա-Կույմա անապատում:

Ադրբեջանի նախագահը պաշտոնապես ասել է, որ ինքն է կարգադրել քանդել հուշահամալիրը: Նա փաստորեն դարձել է պատմամշակութային հուշարձանի ավերման, պատմական հիշողության բնաջնջման նախաձեռնող:

Այդ ամենը տեղի է ունեցել հակամարտության գոտուց հարյուրավոր կիլոմետրերով հեռու քաղաքում: Իսկ պատճառն այն է, որ 26 կոմիսարների մեծ մասն ազգությամբ հայ է եղել: Կառավարությունը գլխավորել է Կովկասում հայտնի բոլշեւիկ Ստեփան Շահումյանը:

Ուշագրավ է, որ նման արտառոց հայտարարություն արել է մի երկրի առաջնորդ, որը միջազգային հեղինակավոր ամբիոններից խոսում է հանդուրժողականության եւ համակեցության մասին, ինչպես նաեւ հարուցում հակամարտության գոտում միջազգային գնահատողական առաքելություն իրականացնելու միջնորդություն:

Սեփական կարգադրությամբ պատմամշակութային հուշարձան ավերող եւ պատմական գործիչների գերեզման պղծող պաշտոնատար անձը մի՞թե իրավասու է խոսելու հումանիտար իրավունքից:

Ակնկալում եմ, որ այս դիտարկումը պարզ պատկերացում կարող է տալ Ադրբեջանում իշխող քսենոֆոբիայի եւ պատմամշակութային կեղծարարության իրական չափերի մասին, որը, սակայն, այդ երկրի իշխանությունները ջանադրաբար քողարկում են միջազգային հանրությունից` չխորշելով անգամ նախագահի ելույթը «ընտրովի» ներկայացնելու էժանագին հնարանքից:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր

ArmAr.am


Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն