Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Պահանջում են օր առաջ ճանաչել Արցախի Հանրապետությունը

Հոկտեմբեր 22, 2010թ. 17:52

ArzaxԱյսօր` հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ Տիգրան Փաշաբեզյանը («Ուխտ Արարատի» հասարակական  նախաձեռնություն, Երեւան), Սամվել Սեդրակյանը («Ազատ Հայք» հասարակական կազմակերպություն, Երեւան) եւ Արմեն Ռաքեդջյանը («Աղավնի» հասարակական կազմակերպություն, Շուշի) ներկայացրեցին նախորդ օրը ՀՀ գրողների միության տան մեծ դահլիճում տեղի ունեցած քաղաքացիական ժողովի
արդյունքները:
Նախաձեռնության ներկայացուցիչները նշեցին, որ ժողովը լեցուն դահլիճում ընթացել է բարձր ոգեւորության, լայն բազմակարծության մթնոլորտում: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ Մշակույթի հայկական հիմնադրամի նախագահ Արեւշատ Ավագյանը: Բացի հիմնական 7 զեկույցներից, օրակարգային հարցերի շուրջ իրենց բանավոր կամ գրավոր դիրքորոշումն են ներկայացրել նաեւ «Ժառանգություն», ՀՅԴ, ՀՌԱԿ, ԺՈՒԿ, «Սոցուժերի միություն» կուսակցությունների եւ «Հայկական ընտրություն» նախաձեռնող խմբի ներկայացուցիչները:
Ապա տեղի է ունեցել բաց քննարկում, որի ընթացքում ելույթ ունեցած մտավորականները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց մտահոգությունն են հայտնել Արցախի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերների կապակցությամբ, կարեւորելով դրանց արդյունավետորեն դիմակայելու անհրաժեշտությունը:
Քաղաքացիական ժողովի արդյունքներով եւս 6 կազմակերպության միանալուց հետո` նախաձեռնող խմբի անդամների ընդհանուր թիվն այսպիսով հասել է 40-ի: Նախաձեռնող խումբը բաց է նոր անդամակցողների առջեւ:
Նախաձեռնող խմբի` Քաղաքացիական ժողովից հետո տեղի ունեցած աշխատանքային քննարկման արդյունքում որոշվեց վերակազմակերպվել մշտապես գործող ձեւաչափի, ինչպեսեւ ընդունվեց հայտարարություն, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԸՆԴՈՒՆՎԵԼ Է 2010թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՎ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Մենք` արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի նախաձեռնող խմբի անդամներս, գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը թե՛ իր հռչակումից անմիջապես հետո եւ թե՛ այժմ` դրանից գրեթե 20 տարի անց, ունի բոլոր իրավական, քաղաքական եւ բարոյական հիմքերը Հայաստանի Հանրապետության եւ միջազգային հանրության կողմից իր անկախության ճանաչման համար:
ԼՂՀ ճանաչված չլինելը խոչընդոտում է հանրապետության զարգացմանն ու առաջընթացին, միջազգային մշակութային համագործակցությանը, Արցախի քաղաքացիների տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների լիարժեք իրականացմանը: Արցախի բնակչության կրկնակի կամարտահայտման արդյունքում ձեւավորված անկախությունն ու ինքնիշխանությունը ինքնին արժեք են, իսկ դրա ճանաչումը չի կարող լինել ոչ սակարկման առարկա եւ ոչ էլ դրա արդյունք: Հայաստանի Հանրապետությունը եւ միջազգային հանրությունը պետք է օր առաջ ճանաչեն Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը:
Մենք անընդունելի ենք համարում առանց Արցախի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության` միջազգային ցանկացած ձեւաչափով նրան վերաբերող խնդիրների քննարկումը, ինչպեսեւ բանակցային սեղանին դրված Մադրիդյան սկզբունքները, որոնք կասկածի տակ են դնում ԼՂՀ ինքնիշխանությունը եւ իր Սահմանադրությամբ հաստատված տարածքային ամբողջականությունը: Մինսկի խմբին առաջարկում ենք հակամարտության խաղաղ կարգավորումը քաղաքական դաշտից տեղափոխել իրավական դաշտ` «Միջազգային բախումների խաղաղ կարգավորման մասին» 1907թ. հոկտեմբերի 18-ի Հաագայի կոնվենցիայում ամրագրված լուծումներին եւ քայլերին համապատասխան:
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է իր օժանդակությունը ցուցաբերի Արցախի քաղաքացիական հասարակության հանրակարգերի եւ ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության գործում: Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի համատեղ ներգրավմամբ պետք է մշակվի հստակ համազգային ծրագիր` առաջիկա տարիներին Արցախի բնակչությունը բազմապատկելու, Ադրբեջանից մազապուրծ հայ փախստականներին Արցախում բնակեցնելու, ինչպես նաեւ ապօրինաբար Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած հայկական ազգային օջախներին, հոգեւոր եւ նյութական արժեքներին վերատիրանալու ուղղությամբ: Մենք պահանջում ենք պետական մակարդակով մշակել եւ ընդունել Արցախի Հանրապետության` որպես հայկական անկախ պետականության կայացման, ամրապնդման ու միջազգային ճանաչմանհայեցակարգ եւ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների միջեւ փոխազդեցության եւ փոխհարաբերությունների ապագա տեսակին ու բնույթին վերաբերող ռազմավարություն:

22 հոկտեմբերի 2010թ., ք.Երեւան

ArmAr.am


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն