ՀՀ վարչապետն այցելել է Ուրալի դաշնային համալսարան
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Եկատերինբուրգում այսօր վաղ առավոտյան այցելել է Ուրալի դաշնային համալսարան, հանդիպել տեղի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, լսարանին ներկայացրել աշխարհում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ իր տեսակետը և պատասխանել մի քանի հարցերի։
Ողջունելով բարձրաստիճան հյուրին` համալսարանի ռեկտոր Վիկտոր Կոկշարովը նշել է, որ բուհում ուսանում են նաև հայազգի ուսանողներ, իսկ իրենց նպատակն է համագործակցել Երևանի պետական համալսարանի հետ։ Ըստ ռեկտորի` բուհի շրջանավարտներից շատերն իրենց գործունեությունն են իրականացրել նաև հայաստանյան ձեռնարկություններում, մասնավորապես` Մեծամորի ատոմակայանում, Սպիտակի երկրաշարժի ժամանակ մասնակցել են որոնողափրկարարական աշխատանքներին և ցուցաբերել հումանիտար օգնություն։ Նրա խոսքով` Ուրալի դաշնային համալսարանում ստեղծվել է նաև հայկական հետազոտությունների կենտրոն, որը պարբերաբար քննարկում և ուսումնասիրում է Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հղված հարցերը վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացումներին, զբոսաշրջության բնագավառում իրականացվելիք ծրագրերին։ Պատասխանելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը վերաբերող հարցին` ՀՀ վարչապետը նշել է, որ այդ ուղղությամբ քարոզչական մեծ աշխատանք է տարվում։ «Հայկական հասարակական կառույցները քարոզչական մեծ աշխատանք են իրականացնում ողջ աշխարհում։ Նման կառույցներ են գործում ԱՄՆ–ում, Ֆրանսիայում։ Այսօր կան տասնյակ երկրներ, որոնք ճանաչել և օրենքի ուժով դատապարտել են Հայոց ցեղասպանության փաստը։ Մենք մեծ ուշադրություն ենք ցուցաբերում 1915 թվականի ոճրագործության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվելիք աշխատանքներին և նպաստում այս հարցի շուրջ գործող կառույցների գործունեությանը, որի նպատակն է ողջ աշխարհին ներկայացնել Ցեղասպանության իրողությունը, պատմությունը և դրա հետևանքները»,– ասել է Տիգրան Սարգսյանը։ Հայաստանի կառավարության ղեկավարը հիշեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը` առանց նախապայմանների կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, ինչը, սակայն, մինչ այսօր իրականություն չի դարձել Թուրքիայի պատճառով։ «Հայաստանը որդեգրել է արտաքին քաղաքական այնպիսի դրույթներ, որի նպատակն է կարգավորել հարևանների հետ հարաբերությունները։ Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները բոլորի հետ, սակայն նրանք դրան պատրաստ չեն։ Երբ ստորագրվեցին հայ–թուրքական արձանագրությունները, իսկ Հայաստանը դրանք ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովին վավերացնելու համար, Թուրքիան հետ կանգնեց այդ քայլից` Հայաստանի առջև դնելով Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հարցերի վերաբերյալ նախապայմաններ, որոնք մեզ համար անընդունելի են»,– ընդգծել է Տիգրան Սարգսյանը։
Հայաստանի կառավարության ղեկավարը, անդրադառնալով Հայաստանի տնտեսական ծրագրերին, նշել է, որ 2009 թվականին համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով այս ոլորտում անկում է նկատվել։ «Մենք իրականացրեցինք հակաճգնաժամային ծրագրեր դրան դիմագրավելու համար։ Այդ ծրագրերի արդյունքում անցանք տնտեսության դիվերսիֆիկացմանը, օգնեցինք փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին շարունակելու գործունեությունը։ Ճիշտ է, արդյունքում մեծացավ Հայաստանի պետական բյուջեի դեֆիցիտը, պետական պարտքի ծավալը, սակայն սկսվեց վերականգնվել Հայաստանի Հանրապետության տնտեսությունը։ Այս տարի անկում է նկատվում միայն գյուղատնտեսության ոլորտում, որի խնդիրների լուծման աշխատանքները շարունակվում են»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքով, զբոսաշրջությունը Հայաստանի զարգացման գլխավոր ուղղություններից մեկն է։ «Հայաստանում առկա է տուրիզմի զարգացման մեծ ներուժ։ Մի քանի օր առաջ առանձնահատուկ տեղանքում` Տաթևում, բացվեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որն իր տեղը կգտնի տուրիզմի համաշխարհային քարտեզի վրա։ Ծրագրեր են իրականացվում Ջերմուկը, Արզնին, Սևանը տուրիզմի ոլորտում զարգացնելու ուղղությամբ, վերականգնվում են վերջիններիս ենթակառուցվածքները»,- ասել է ՀՀ վարչապետը` հույս հայտնելով, որ հանդիպմանը ներկա ուսանողներից շատերը կայցելեն հայկական տուրիստական կենտրոններ, կծանոթանան Հայաստանի պատմությանը։
Այնուհետև Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Եկատերինբուրգի «Ուրալէլեկտրոմեդ» գործարան, ծանոթացել վերջինիս ոսկու ձուլման, պղնձի վերամշակման և ցինկապատման արտադրամասերի աշխատանքներին։ Գործարանի տնօրեն Վլադիմիր Կոլոտուշկինը լրագրողների հետ զրույցում նշել է, որ տեղյակ է Հայաստանում դեռևս խորհրդային տարիներից գործող արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների մասին։ «Իհարկե կա համագործակցության մեծ ներուժ, որը ցանկանում ենք իրագործել։ Ընկերությունը տարեկան արտադրում է 30 հազար տոննա մետաղ, որից 50 տոկոսն արտահանում է հարավարևելյան Ասիայի երկրներ»,- ասել է նա։












