Հայաստանում կա 3 ադրբեջանցի գերի ու պատանդ, Ադրբեջանում` 11 հայ գերի եւ պատանդ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով պայմանավորվել են ռազմագերիների եւ զոհվածների դիակների փոխանակում իրականացնել:
Ներկայումս Ադրբեջանում են գտնվում 6 հայ ռազմագերի եւ մեկ ընտանիք՝ բաղկացած 5 անձից: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանըասել է, թե Ադրբեջանի տարածքում են գտնվում Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները, որոնք անցել են ադրբեջանական սահմանը այս տարվա հունվարին:
Ադրբեջանական գերության մեջ են գտնվում նաեւ զինծառայողներ Հրանտ Մարկոսյանը, Ալիկ Թեւոսյանը, Արթուր Սարգսյանը, Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը:
Աստաբացյանը նշեց նաեւ, որ Հայաստանում գտնվում են ադրբեջանցի 2 ռազմագերի եւ քաղաքացիական մեկ անձ: Կարմիր Խաչի ներկայացուցիչը, սակայն, չնշեց ադրբեջանցիների անունները՝ հայտնելով, որ դա կազմակերպության սկզբունքն է, եւ իրենք իրավունք չունեն հայտնել այդ անձանց անունները:
Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ, Հայաստանում են գտնվում զինծառայողներ Անար Հաջիեւն ու Ռոման Հուսեյնովը, նաեւ 47-ամյա Էլդար Թագիեւը:
Նախագահները պայմանավորվել են նաեւ զոհվածների դիակների փոխանակություն իրականացնել: Հիշեցնենք, որ ադրբեջանական գերության մեջ զոհվել էր հայ հովիվ Մանվել Սարիբեկյանը: Վերջինս տարօրինակ հանգամանքներում մահացել էր Բաքվի բանտում: Մինչդեռ հայկական կողմում են ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Ֆարիդ Ահմեդովի եւ Ադրբեջանի Ազգային հերոս հռչակված Մուբարիզ Իբրահիմովի դիակները:
Նշենք, որ երեկ Աստրախանում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ստորագրված համատեղ հայտարարության մեջ ասված է. «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին որպես առաջին քայլ անհապաղ ռազմագերիների եւ զոհվածների դիակների փոխանակում կատարել` ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, ինչպես նաեւ այդ մոտեցումներով ղեկավարվել նաեւ հետագայում` այդ հարցերում ելնելով բացառապես հումանիտար բնույթից»:












