Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Արցախի Հանրապետությունում
Հոկտեմբերի 28-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ճանաչողական կարճատև այցով ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Դամիեն Աբադին և Եվրոպական կանաչների միության անդամ Միշել Ռիվազին ու նրանց ուղեկցող անձանց՝ Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հիլդա Չոբոյանին և եվրոպական ժողովրդական կուսակցության փորձագետ Նիկոլաս Զիլբերգլայտին։
Ողջունելով հյուրերին, Աշոտ Ղուլյանը եվրոպացի պատգամավորներին հակիրճ ներկայացրեց Արցախում անկախ պետականաշինության ուղին, նշելով, որ այն հետևողականորեն և անշեղ իրականացվում է ժողովրդավարության համընդունելի սկզբունքների ու նորմերի հիմքով։ Միևնույն ժամանակ, նա տարակուսանք հայտնեց, որ ամեն անգամ եվրոպական կառույցները որոշակի դժկամությամբ են արձագանքում Արցախում անցկացվող նախագահական, խորհրդարանական կամ թե տեղական ինքնակառավարման մարմինների յուրաքանչյուր ընտրության փաստին։ ՙԱյդ դեպքում,¬ ասաց նա, ակամա հարց է ծագում՝ ի՞նչ է ուզում Եվրոպան՝ որպեսզի Լեռնային Ղարաբաղում իշխանություն չձևավորվի՞, մանավանդ՝ ընտրովի իշխանություն՚։ Ի լրումն խոսքի՝ խորհրդարանի նախագահը հիշեցրեց Եվրախորհրդարանի դեռևս 1989թ. դրական դիրքորոշումը ղարաբաղյան շարժման հարցում, երբ իր ընդունած որոշման մեջ այն որակել էր որպես միանգամայն ժողովրդավարական։
Անձամբ մեզ համար դժվար է ասել, թե ինչ լուծում կստանա ղարաբաղյան հակամարտությունը, իր հերթին նշեց տիկին Ռիվազին, բայց, կարծում եմ, հնարավոր է այսօր իսկ փոխադարձ շփման եզրեր հաստատել եվրոպական կառույցների և Լեռնային Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների միջև՝ իրականացնելով տարբեր ծրագրեր, մանավանդ, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրների լուծման ասպարեզում։
Այդ համատեքստում կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը՝ զրույցի մասնակիցներն ուրվագծեցին համագործակցության հաստատման ուղիներն ու միջոցները, մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի և հնարավոր զարգացումների շուրջ։
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորական խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Պետրոսյանը (ՙՀայրենիք՚), Ժաննա Գալստյանը (ՙԺողովրդավարություն՚) և Արմեն Սարգսյանը (ՙԴաշնակցություն՚), ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը և Արա Բաբլոյանը։












