Խոսել են «Հյուսիս-հարավ» երկաթուղուց
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին:
Մ.Վարդանյանը դեսպանին տեղեկացրել է, որ ներկայում ընթացքի մեջ են «Հյուսիս-հարավ» երկաթուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրման համար նախապատրաստական աշխատանքները, որոնք հայկական կողմի առաջարկով իրականացնում է ռուսական ընկերությունը: Զուգահեռ հաջորդ տարի կսկսվեն Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի կառուցման աշխատանքները: Ըստ նախարարի, “Հյուսիս-հարավ” երկաթուղին ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր է: Նախարար Մ.Վարդանյանը հայտնել է նաեւ, որ շարունակվում են “Հյուսիս-հարավ” երկաթուղու կառուցման շուրջ քննարկումները շահագրգիռ երկրների եւ ընկերությունների հետ:
Այիմդոս Բոզժիգիտովին նշել է, որ տրանսպորտային միջանցքների բացակայության պատճառով երկկողմ առեւտրաշրջանառությունը բավարար չէ: Դեսպանը տեղեկացրել է, որ դեկտեմբերին նախատեսվում է անցկացնել հայ-ղազախական բիզնես ֆորում, որի ընթացքում կքննարկվեն առեւտրաշրջանառության ծավալների բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարը:












