Փորձում են փոխել հայ հասարակության մտածողությունը
Armar.am-ի հարցազրույցը «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Մկրտչյանի հետ
-«Բարեպաշտ սերունդ» Հիմնադրամը ստեղծվել է 2007-ին, չնայած հիմնադիրները շատ ավելի երկար են մտածել նման հիմնադրամի ստեղծման գաղափարի շուրջ: Հիմնադիրներից մեկը «Ֆլեշ» ՍՊԸ հիմնադիր Բարսեղ Բեգլարյանն է, նաև ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:
Կառույցի նպատակն է նպաստել Հայաստանում բարեպաշտ արժեքներով առաջնորդվող երիտասարդ սերնդի ձևավորմանը: Հայտնաբերել, համախմբել նորարարական ոգով օժտված բարեպաշտ երիտասարդներին, որոնք հանրային կյանքի տարբեր բնագավառներում վստահորեն հանդես կգան հայ ժողովրդի ապագան կառուցողի դիրքերից: Դրա համար մենք իրականացնում ենք մի քանի կրթական ծրագրեր: Մասնավորապես, պետական բուհերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին ցուցաբերվում է դրամական աջակցություն` ուսման վարձի, կրթաթոշակների ու հետազոտական դրամաշնորհների տեսքով: Վերջիններս տրամադրվում են բացառապես մրցույթային կարգով: Մրցույթային թեման նախապես հրապարակվում է մամուլում, որի վերաբերյալ ուսանողները գրում են հետազոտական աշխատանքներ: Դրանք ստուգվում են հանձնաժողովի կողմից: Ասեմ, որ անցկացվում է բաց մրցույթ:
Մենք աջակցում ենք այն երիտասարդներին, ովքեր գիտակցում են իրենց «ես»-ի կարևորությունը և նշանակություն են տալիս այդ «ես»-ի կրթությանը, հասկանում են գիտելիքի արժեքը և հանդիսանում են նրա կրողը, ձգտում են լինել առաջատար իրենց մասնագիտական ոլորտում, ունեն առաջադեմ նորարարական միտք և կաղապարված չեն գոյություն ունեցող կարծրատիպերով:
–Իսկ մրցույթային ի՞նչ թեմաներ են ներկայացվում ուսանողներին:
-Օրինակ հայության հարատևման գրավականները, հայ երիտասարդության արժեհամակարգում տեղ գտած դրական ու բացասական տարրերը: Այսինքն, քանի որ մեր նպատակն է նպաստել բարեպաշտ արժեքներով մտածող սերնդի ձևավորմանը, ուստի թեմաների ընտրությունն էլ դրան միտված: Ուսանողների մասնակցությամբ կազմակերպում ենք սեմինարներ, դրանք մեթոդաբանական բնույթի սեմինարներ են, որոնց կազմակերպմամբ հիմնականում զբաղվում է Մանուկ Մկրտչյանը:
Ի դեպ, լինելով տարածաշրջանում անփոխարինելի մեթոդաբան, նա ստեղծել է Մեթոդաբանական կենտրոն: Կենտրոնի նպատակն է մարդկանց մոտ կոլեկտիվ մտածողության միջոցով նորարարական արժեքներ լույս աշխարհ հանելը: Այս մեթոդը հաստատում է, որ կոլեկտիվ մտածողությունն այն ճիշտ ուղին է, որով կարող են լուծվել բոլոր խնդիրները: Այսինքն, եթե կա ինտելեկտուալ մարդկանց խումբ, ապա այդ խումբն ի զորու է ցանկացած խնդիր լուծել: Մենք ձևակերպել ենք մեր առաջ դրված խնդիրը, այն է` ինչպե՞ս նպաստել նոր մտածողություն ունեցող սերնդի ձևավորմանը, և մեթոդաբանական սեմինարներով իրականացնում ենք:
-Ասացիք, որ ձեր նպատակն է երիտասարդ սերնդի մոտ նոր մտածողության ձևավորումը: Ի՞նչ ասել է «նոր մտածողություն»: Եվ որ շատ կարևոր է` ի՞նչ գաղափարախոսության վրա է հիմնված այդ «նորը»:
– Խոսքն ամենևին չի վերաբերվում եվրոպական արժեքների ներմուծմանը: Այսինքն, մենք այստեղ չունենք մեր ազգային արժեքները կորցնելու վտանգ: Հակառակը, մեր ասածը հենց խարսխված է ազգային արժեքների վրա, բայց փոխվում է մտածողության որակը:
Մարդկային հասարակության գոյության առաջին իսկ օրվանից հասարակական հարաբերությունները կարգավորվել են 4 եղանակով. մեկը հարկադիր ենթարկվածությունն է, մյուսը` հակամարտությունը, երբ երկու հակառակորդները իրար փորձում են ոչնչացնել ու հաղթում է նրանցից մեկը` ոչնչացնելով մյուսին: Հաջորդը` անկախ, ազատ մրցակցությունն է, որը բնորոշ է կապիտալիզմին, և 4-ը` համագործակցությունն է, երբ բոլորը հասկանում են մեկմեկու խնդիրները ու սատարելով առաջ գնում: Ինչպես ասացի, այս հասարակական հարաբերությունները գոյություն ունեն դեռ նախնադարից սկսած: Բայց հարցն այն է, թե ո՞ր հասարակարգում, ո՞ր համակեցության հարաբերությունն է դոմինանտ: Մի կողմ թողնենք նախնադարն ու միջնադարը: Այսօրվա մտածողության մեջ առաջնայինը ազատ մտածողությունն է: Այսինքն, աշխարհի օրենքների հիմքում ազատ մրցակցության հարաբերություններն են: Ինչն էլ հասարակական հարաբերությունների մեջ առանցքային դերում է: Մեր առաջարկած նորարարությունն այն է, որ Հայաստանը վերափոխվի ու մեր օրենքների և հասարակական հարաբերությունների հիմքում ընկած լինի համագործակցությունը: Միանգամից փոխվում է մարդու որակը, որովհետև մրցակցային սուբյեկտը մեկ այլ բան է, համագործակցային սուբյեկտը` այլ: Այսինքն, արմատական փոփոխություն է տեղի ունենում մարդու մտածողության մեջ` մրցակցայինից դեպի համագործակցայինը: Մեր առաջարկած կոլեկտիվ մտածողության մեթոդը աշխատում է հայ անհատի մտածողության փոփոխության վրա:
-Իսկ սեմինարներ կազմակերպելով հնարավո՞ր է երիտասարդների մոտ նոր մտածողություն ձևավորել, չէ՞ որ մտածողության ձևավորումը սկսվում է դպրոցից, դեռ ավելի վաղ` մանկապարտեզից: Ձեր ասածը, թերևս, ենթադրում է նաև ներկայիս կրթական համակարգի արմատական փոփոխություն:
-Համաձայն եմ, անշուշտ, գաղափարները կմնան սեմինարների սենյակներում, եթե գործուն չդառնան: Համաձայն եմ նաև, որ նոր որակ հնարավոր է ձևավորել միայն կրթական համակարգի արմատական փոփոխությամբ:
–Իսկ արմատական փոփոխություն ասվածը Բոլոնիա կոչվող համակարգի ներդրո՞ւմն է:
-Ամենևին էլ ոչ: Բոլոնիաները կեղծ բաներ են: Պետք է անցնել կոլեկտիվ ուսուցման մեթոդի վրա հիմնված հանրակրթության: Այսինքն, դպրոցում պետք է լինի համագործակցային մոտեցում: Իսկ մտածողության փոփոխությունից հետո առաջ է գալիս ամբողջ համակարգի փոփոխության անհրաժեշտությունը, օրենսդրական դաշտը պետք է փոփոխվի:
-Այսինքն` հեղափոխություն:
-Հեղափոխություն, բայց մարդկանց ուղեղներում: Մենք այսօր գնում ենք Հանրապետության տարբեր մարզեր, զրուցում տարբեր մասնագիտության տեր մարդկանց հետ: Արձագանքները փայլուն են: Մեր գործի արդյունավետությունը տեսնելով է, որ մենք նախաձեռնեցինք ու հիմնադրեցինք նոր շարժում, որ կոչվում է «Բարեպաշտ շարժում»: Նպատակը հայության հարատևումն է, իսկ հարատևումը մենք պետք է նույնացնենք արժանապատիվ գոյատևման հետ: Թե չէ, հայ ժողովուրդը մինչ օրս գոյատևել է ու գոյատևելու է, բայց իր պատմության մեջ ունեցել է նաև մութ ժամանակներ: Ուրեմն, հարկ է այսօր իսկ մտածել, որ մեր հարատևումը լինի նաև արժանապատիվ:
Այսօր մենք մեր շարժման մեջ ենք հրավիրում այն բոլոր կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են հայության հարատևմանը:
-Իսկ ո՞վ, կա ովքե՞ր են շարժման ղեկավարները:
-Շարժումը չունի ղեկավարություն: Այս պահին շարժման մեջ մտած կառույցներն են «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը, «Մանկավարժական նախաձեռնություն» ասոցիացիան, որը հասարակական կազմակերպություն է, ՀԺԱՄ կուսակցությունը, «Ֆլեշ» ընկերությունը, «Մեթոդաբանակա կենտրոնը »: Թող զարմանալի չթվա, բայց մեր շարժման մեջ կարող է մտնել նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը, կամ, ասենք, Ֆրանսիայի, Ռուսաստանի և այլ երկրների հայ համայնքները: Շարժման գործունեության հիմնական տրամաբանությունը կոլեկտիվ միջոցառումների կազմակերպումն է: «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը նույն խնդիրներն է հետապնդում, ինչ ՀԺԱՄ-ն ու մյուսները: Մենք ժամանակ առ ժամանակ հավաքվում ենք, խոսում` թե ի՞նչ նոր քայլեր կարելի է անել մարդկանց մտածողության փոփոխման համար: Սա մի յուրօրինակ դարբնոց է, ուր մտքեր են ծնվում, իսկ հետո Շարժման սուբյեկտները սկսում են կյանքի կոչել դրանք: Օրինակ, «Մանկավարժների ասոցիացիան» խնդիր է դրել, որ պետք է հանրակրթության մեջ ներմուծի կոլեկտիվ ուսուցան մեթոդի վրա հիմնված կրթական համակարգ, դրա համար փորձարարական դպրոցներ է հիմնում, կազմակերպում սեմինարներ, մինչև յն պահը, երբ մեր երկրի ղեկավարները կընդունեն մեր առաջարկներն ու պետականորեն կդարձնեն կիրառելի:
– Դուք ձեր ծրագրերի իրականացման ընթացքում համագործակցո՞ւմ եք պետական գերատեսչությունների հետ:
– Այս փուլում դեռ ոչ. փորձում ենք հասկանալ, թե մեր առաջարկած նոր մտածողությունը որքանով է դառնում հայ երիտասարդության սեփականությունը: Թող հավակնորտ չհնչի իմ խոսքը, բայց մենք այսօր զբաղված ենք մեր հայ հասարակության որակի բարձրացմամբ ու նոր մտածողության փոփոխությամբ: Իսկ իշխանությունների հետ, իհարկե, կհամագործակցենք, եթե առաջարկ ստանանք, կամ էլ մենք ինքներս հարկ համարենք նրանց դիմել:
Կարող է և գա այն պահը, երբ հայ հասարակության որակն այնքան բարձրանա, մեր գաղափարների պահանջարկն այնքան արդիական դառնա, որ մեր համակիրներն ասեն` ժամանակն է, որ հեռանան հին մեթոդով մտածող մարդիկ, ու նրանց փոխարինելու գան նոր որակի, նոր մտածողության տեր մարդիկ: Դա պետք է լինի աստիճանական անցում, մենք սահուն անցման կողմնակից ենք:
-Բայց հնարավո՞ր է մեզանում նման սահուն անցում ապահովել: Կարծում եք «հները» հանգիստ կլքե՞ն իրենց դիրքերը:
– Թե նրանք ընդդիմանալով կթողնեն իրենց դիրքերը, թե հանգիստ, դա արդեն, ինչպես ասում են, տեխնիկայի խնդիր է: Բայց քանի որ մենք քաղաքական հարց չենք դնում մեր առաջ, քանի որ մենք կուսակցություն չենք, ընդամենը ասում ենք` հայության ապագան կարող է կերտել նոր որակի, նոր մտածողության հայը: Իսկ նոր մտածողության հայի ձևավորումը երկարատև գործընթաց է, տասնամյակներ շարունակվող: Հասարակությունը քայլ առ քայլ առաջընթաց կապրի, ու կգա այն պահը, եթե իշխող իշխանությունն այլևս չի կարողանա երկիրը հին մտածողությամբ ու կարծրատիպերով ղեկավարել: Ուրեմն, կամ պետք է փոխի իր մտածողությունը, կամ պետք է հեռանա, քանի որ հասարակությունը չի կամենա նախկին մեթոդներով կառավարող իշխանություն ունենալ: Ու եթե վերևները դա չհասկանան, կլինի բախում: Բայց ես բացառում եմ բախումը, քանի որ նոր մտածող մարդն իր շարքերից կընտրի ղեկավար, նա կգնա ընտրության ու կընտրի իր նախընտրելի թեկնածուին, նա ընտրակաշառք չի վերցնի: Այսինքն, հների հեռացումը կլինի, ինչպես վերևում ասացի, շատ սահուն:
Հին չինաստանում Կոնֆուցիուսն ամեն կերպ նպաստում էր, որ իր աշակերտները պետական պաշտոններ զբաղեցնեին, որպեսզի երկիրը կառավարվեր այնպես, ինչպես ցանկանում էին Կոնֆիցիուսն ու նրա նման նոր մտածողության տեր մարդիկ…
Կրկնում եմ, մենք մեր առաջ քաղաքական խնդիր չենք դնում, մեր նպատակն է դանդաղ ընթացքով գնալ մտածողության փոփոխության: Երբ փոխվեց հայ հասարակության մտածողությունը նոր մտածող մարդն ավտոմատ կերպով կհայտնվի պետական պաշտոններում, առանց հեղափոխության ու բախումների:
ArmAr.am












