Գլխավոր » Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

ԶԼՄ-ների կողմից կեղծ իրականության ձևավորման հնարավորությունները

Սեպտեմբեր 28, 2009թ. 15:17

Real info youՎահրամ ՄԻՐԱՔՅԱՆ

Ամերիկացի սոցիոլոգ-հոգեբան Սողոմոն Աշը (Ash S., 1951) ընկալման ճշտությանը վերաբերող գիտափորձի անվան տակ` կամավորին նստեցնում էր մի սենյակում, ևս հինգ կամավորների հետ, որոնք իրականում   գիտափորձի մասնակիցներ էին, հետևապես` գիտափորձի կազմակերպիչների կողմից նախօրոք հրահանգավորված: Նրանց ցուցադրում են չորս գիծ` ABCD, որոնցից A և C-ն  ունեն հավասար չափեր, իսկ մյուսները` տարբեր: Փորձի մասնակիցներին խնդրում են մատնացույց անել  ամենահավասար երկու գծերը: Եթե կամավորն առաջինն է պատասխանում` նա միշտ ճիշտ տարբերակն է նշում (A և C), իսկ եթե նրանից առաջ պատասխանում են փորձի մասնակիցները, որոնց հրահանգված է նշել սխալ պատասխանը (A և D), ապա կամավորը նույնպես հետևում է նրանց ու սխալ պատասխան տալիս: Այս երևույթը,  երբ անհատը կուրորեն հետևում է շրջապատի կարծիքին, կոչվում է կոմֆորմիզմ:

Ս. Աշն այս գիտափորձով կարողացել է ապացուցել, որ  արհեստականորեն «շրջապատի կարծիք» ստեղծելով` հնարավոր է  ներազդել անհատի կարծիքի վրա:

Իրոք, որքանո՞վ  է սույն մեթոդը ազդեցիկ և վճռորոշ` հանրության լայն զանգվածների կարծիքը փոխելու հարցում:

Մեզանում, օրինակ,  ընտրությունների նախաշեմին, հասարակությունը հայտնվում է տարբեր  թեկնածուների կողմից հրամցվող սոցիալական հարցումների տարափի տակ,  ուր թեկնածուներից  յուրաքանչյուրը, բնականաբար,    «ապացուցում», որ հենց ինքն է այն անձը, որ վայելում է հանրության մեծամասնության համակրանքը: Թեկնածուների նման գործելակերպը նույնպես պայմանավորված է վերոնշյալ` կոնֆորմիզմ կոչվող մեթոդով:

Նույն «գիտափորձի» լույսի ներքո դիտարկենք և մերօրյա կարևորագույն զարգացումները: Այսպես.  հայ-թուրքական «մերձեցման» շրջանակներում հայկական ԶԼՄ-ները և իշխանության պատասխանատու մարմինները պնդում են, թե հայ-թուրքական բանակցությունների և հարաբերությունների կարգավորման շուրջ պայմանավորվածության օրակարգում ընդգրկված չեն արցախյան խնդիրն ու Ցեղասպանության հարցը: Սակայն մյուս կողմից` թուրքական կողմը շարունակում է վերահավաստիացնել իր հասարակությանն ու ողջ աշխարհին, թե հայ-թուրքական բաժանարար գիծը չի բացվի (այսինքն` Հայաստանի շրջափակումը չի վերացվի) և գոյություն չունեցող հարաբերությունները չեն նորորգվի, քանի դեռ Արցախը չի հանձնվել Ադրբեջանին:

2009թ-ի ապրիլի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կրկին հայտարարեց. «Մեկ անգամ ևս կրկնում եմ. թուրքերի հետ մեր հարաբերություններում երբեք Ադրբեջանի թեման չի շոշափվել, երբեք Լեռնային Ղարաբաղի թեման չի շոշափվել»[1]: Նախագահի այս և նմանատիպ բոլոր հայտարարությունները լայնորեն լուսաբանվում են Հայաստանի լայն զանգվածների տեղեկատվության հիմնական աղբյուր հանդիսացող հեռուստատեսությամբ:

Դրանից չորս օր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր հերթական հայտարարությունն արեց, թե. «Մեր դիրքորոշումը շատ հստակ է` Թուրքիան երբեք Հայաստանի հետ սահմանը չի բացի, քանի դեռ չեն վերադարձվել Ադրբեջանի օկուպացված տարածքները, քանի որ ղարաբաղյան հարցը մեր ազգային խնդիրն է, և Թուրքիան երբեք չի լքի Ադրբեջանին»[2]:

Մի քանի օր անց նույն բանը կրկնեց Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը. «Պաշտոնական Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման շուրջ հնարավոր համաձայնագիրը շահավետ կլինի նաև Ադրբեջանի համար»[3]: Մինչդեռ, թուրքական կողմի այս և նմանատիպ բոլոր հայտարարությունները հայկական հեռուստաընկերությունների եթերում չհայտնվեցին:

Հայ և թուրք քաղաքական ղեկավարներն ու ԶԼՄ-ները նմանատիպ հակասական հայտարարություններով են հանդես գալիս նաև Ցեղասպանության ճանաչման, Կարսի պայմանագրի և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հարցերում: Իսկ հայկական հեռուստաընկերությունները անդրադառնում էին միայն հայկական իշխանությունների հայտարարություններին ու իշխանամետ փորձագետների վերլուծություններին:

ԶԼՄ-ի կողմից իրականացվող նման քաղաքականությունն առաջացնում է Ս. Աշի վերը նշած փորձի էֆեկտը, երբ լսարանը դիտելով հեռուստատեսությամբ միայն մեկ կողմի տեսակետը, կոնֆորմիզմի օրենքներին համապատասխան, ձևավորում է սեփական կարծիք, որն իրականությանն ամենևին  չի համապատասխանում:

Այսպիսով, հայ հասարակությունը հայտնվել է կոմֆորմիզմ կոչվող մեթոդի ազդեցոթան տակ` մի իրավիճակ, ուր հասարակության ճնշող  մեծամասնությունը մեր երկրին առնչվող կարևորագույն գործընթացների մասին իրական պատկերացումներ չունի:


[1] «ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑ ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ», 2009/04/25,  http://www.panorama.am/am/politics/2009/04/25/nkr/

[2] «Բռնե՞լ են», 2009/04/21, http://hetq.am/am/society/mamul-166/

[3] «Գյուլը հավաստիացնում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև համաձայնագիրը շահավետ կլինի Ադրբեջանի համար», 30.04.09, http://tert.am/am/news/2009/04/30/gul/


Թեգեր` , , , , ,

Դիտել Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`