Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Վեհափառ Հայրապետն ընդունեց Ատրպատականի նահանգապետին

Նոյեմբեր 5, 2010թ. 15:29

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Հայաստանում ԻԻՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Արմավիրի մարզի հետ տնտեսական համագործակցության շուրջ խնդիրները քննարկելու նպատակով:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անրադարձավ Հայաստանի և Իրանի ջերմ ու բարեկամական հարաբերություններին՝ ուրախություն հայտնելով դրանց խորացման համար։
Վեհափառ Հայրապետը գնահատանքի ու շնորհակալական խոսք հայտնեց նաև Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին` իրանահայության նկատմամբ ցուցաբերած բարի վերաբերմունքի և աջակցության համար:
Նահանգապետ Վահիդ Ջալալզադեն իր շնորհակալությունը և ուրախությունը հայտնեց Հայաստանում, մասնավորապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվելու համար: Նա շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 11-րդ տարեդարձի կապակցությամբ` բարի նշան և հիշարժան համարելով տարեդարձի օրերին իր այցելությունը Մայր Աթոռ: Մեծարգո նահանգապետն իր երախտագիտությունը հայտնեց նաև Հայ Առաքելական Եկեղեցուն` ի մասնավորի Նորին Սրբությանը` ԱՄՆ-ում Ղուրանի այրման դեպքերին քննադատական արձագանք տալու համար: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը նշեց, որ Հայ Եկեղեցին անընդունելի է համարում այլոց սրբությունների նկատմամբ ցանկացած ոտնձգություն։
Հանդիպման ավարտին պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռի թանգարան:


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն