Ադրբեջանի ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին
«Ադրբեջանի նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրությունները անցկացվել են խաղաղ, ընդդիմադիր բոլոր կուսակցությունների եւ տեղական ու միջազգային դիտորդների մասնակցությամբ: Այդուհանդերձ, ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության նախնական գնահատականին այն առումով, որ «այս ընտրությունների անցկացումը ընդհանուր առմամբ նշանակալի չէր նշելու, թե երկրի ժողովրդավարական զարգացման առումով լուրջ առաջընթաց կա», -ասված է ԱՄՆ պետքարտուղարության հանրային կապերի բաժնի պաշտոնական հաղորդագրության մեջ:
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլի անունից տարածված հայտարարության մեջ վերջինս նկատում է. «Այնուամենայնիվ, մի շարք լուրջ խնդիրներ են նշվել նախընտրական գործընթացի եւ հենց քվեարկության օրվա առնչությամբ, նախընտրական միջավայրը բնութագրելի էր թեկնածուների հավասարակշռված լուսաբանման բացակայությամբ, հավաքների եւ կարծիքի արտահայտման հիմնարար ազատությունների շարունակական սահմանափակումներով, այլ խախտումներով, որոնք միասնաբար հանգեցրին թեկնածուների համար մրցակցության անհավասարության»:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանըՙ ուշադրություն դարձնել ընտրական բողոքների դատական արդար, թափանցիկ քննությանը` հաշվետվողականություն ապահովելով այն պաշտոնյաների համար, որոնց կասկածում են ընտրություններին միջամտելու մեջ: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանըՙ հարգել ազատ արտահայտվելու, հավաքներ եւ ցույցեր անելու իրավունքները», ասված է հայտարարության մեջ:
Ադրբեջանական ընտրություններին անդրադարձել է նաեւ Եվրոմիությունը: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոհանձնաժողովի փոխնախագահ Քաթրին Էշթընի գնահատմամբՙ Եվրոմիությունը ընդունում է վերը ներկայացված ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության նախնական գնահատականներն ու եզրակացությունները:
ԵՄ ներկայացուցիչը ադրբեջանական իշխանություններին կոչ է արել աշխատել թերությունների վերացման ուղղությամբ, նաեւ մատնանշելով, որ Ադրբեջանը պետք է հետեւողական լինի միջազգային հանրության առջեւ իր ստանձնած պարտավորությունների կատարման հարցում` ինչպես մարդու իրավունքների ոլորտում ընդհանրապես, այնպես էլ բազմակարծության, մամուլի ազատության եւ հավաք անցկացնելու իրավունքի հարցերում:
ArmAr.am












