«Թուրքիան պետք է հետեւի հետպատերազմյան Գերմանիայի օրինակին»
Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունեցավ կանադական խորհրդարանում
10 նոյեմբերի 2010թ., Օտտավա: Հայաստանի առաջին արտգործնախարար եւ այժմյան «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդես եկավ Կանադայի խորհրդարանում անցկացված` Հակասեմիտականության պայքարի Օտտավայի խորհրդաժողովում: Նոյեմբերի 7-9-ը Կանադայի կառավարության եւ Հակասեմիտականության պայքարի միջխորհրդարանական կոալիցիայի հովանու ներքո կազմակերպված միջազգային այս խորհրդաժողովին մասնակցում էին մի շարք երկրներից ժամանած քաղաքական լիդերներ,
գիտնականներ, մարդու իրավունքների պաշտպաններ, դիվանագետներ ու խորհրդարանականներ:
Լիագումար նիստում ներկայացնելով «Հակասեմիտականության պայքարում կառավարությունների եւ խորհրդարանների դերը» թեմայով գլխավոր զեկույցը, Րաֆֆի Հովհաննիսյանը վերհանեց համընդհանուր այն կապերը, որոնք գոյություն ունեն ռասսայականության, ցեղասպանության եւ վերջինիս ժխտման բոլոր
տեսակների միջեւ` սկսած Ողջակիզումից եւ հակասեմիտականության «ախտից», վերջացրած տակավին չհատուցված Հայոց ցեղասպանությամբ ու մարդատյացությամբ, որոնց թիրախն են դարձել հայերը եւ աշխարհում փոքրամասնություն կազմող բազմաթիվ խմբեր: Ըստ Հովհաննիսյանի` պատմության ողբերգություններից դասեր կքաղվեն եւ դրանց կրկնությունը կկանխվի, եթե անցյալի ու ներկայի ոճրագործների հետ հաշտեցումը հնարավոր դառնա միմիայն դաժան ճշմարտությունն ընդունելու եւ դրա հետ հաշվի նստելու հիմքի վրա, եթե քաղաքական դաշտում, դպրոցներում, համալսարաններում ու հասարակություններում քաղաքական խիզախ դիրքորոշումներ
որդեգրելը չլինի ընտրողաբար կամ բացառիկ, եւ փոխարենը որպես հավասար թիրախ ընդունվեն մարդկության դեմ իրագործված բոլոր ոճրագործություններն ու ատելություն սերմանող խոսքերի բոլոր դրսեւորումները:
Հովհաննիսյանը նշեց, որ միայն այս միջոցով քաղաքակիրթ աշխարհը հնարավորություն կունենա հասնել ոչ միայն օրենքի, այլ նաեւ իրավունքների ու վարքականոնի գերակայության:
Րաֆֆի Հովհաննիսյանին, ում տատերն ու պապերը մոտ մեկ դար առաջ մազապուրծ փրկվել էին Հայոց Ցեղասպանությունից եւ Մեծ Հայրենազրկումից, եւս մեկ հնարավորություն ընձեռվեց ծավալվելու հայկական «փորձի» շուրջ, երբ թուրքական դեսպանատան պաշտոնյայի ուղեկցությամբ մի թուրք խորհրդարանական` ի
պատասխան գլխավոր զեկույցի, ընթերցեց դեսպանատան պաշտոնական զեկույցը, որը Հայոց Ցեղասպանությունը հարաբերականության ու անկարեւորության էր մատնում: Խոսքերի դրամատիկ փոխանակությունից հետո Հովհաննիսյանն իր ելույթն ավարտեց` ասելով, որ «մարդու միտքը երկյուղում եւ սյուրռեալիզմի սահմանն է հատում այն իրողությունից, որ հակասեմիտականությանը նվիրված միջազգային մի ժողով կարող է դառնալ ակտիվ ժխտողականության տեսիլքի անմիջական ականատեսը»: Նա հավաստեց, որ իր տատի կյանքը փրկել
էր առաքինի մի թուրք ընտանիք, ում մասին, սակայն, չի պատմվել թուրքական պաշտոնական դիրքորոշման պատճառով: Հովհաննիսյանի պնդմամբ` Թուրքիան պետք է հետեւի հետպատերազմյան Գերմանիայի օրինակին`
առերեսվի սեփական պատմության հետ եւ պատասխանատվություն վերցնի մարդկության դեմ գործած ոճրագործությունների համար: Իր խոսքը հայ պատգամավորը եզրափակեց` հույս հայտնելով, որ կգա այն օրը, երբ հարգարժան թուրք պատվիրակները հենց իրենք կդատապարտեն ռասիզմի բոլոր տեսակները` ներառյալ ցեղասպանությունն ու դրա ժխտումը:
Օտտավայի խորհրդաժողովի շրջանակներում Հովհաննիսյանը նաեւ հանդիպում ունեցավ Կանադայի պետական ղեկավարի` գեներալ-գուբերնատոր, գերագույն հրամանատար Դեյվիդ Ջոնսթոնի, վարչապետ Սթիվեն Հարփերի,
խորհրդարանի անդամ եւ պաշտոնական ընդդիմության ղեկավար Մայքլ Իգնատիեւի, Քաղաքացիության, ներգաղթի ու մուլտի-կուլտուրիզմի նախարար Ջեյսոն Քենիի, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Իլայ Վիզելի, ինչպես նաեւ Կանադայի մայրաքաղաքում հավատարմագրված դեսպանների եւ աշխարհի բոլոր մայրցամաքներից ժամանած խորհրդարանական բազմաթիվ գործընկերների հետ:
Կանադա մեկնելուց առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը Լոս Անջելեսում էր, որտեղ նա «Հայաստանը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ. ժողովրդավարության, ինքնիշխանության եւ ազգային շահի մարտահրավերները» դասախոսությամբ հանդես եկավ տեղի հայ համայնքի առջեւ: Միջոցառումը կազմակերպել էին Հայ
բարեգործական ընդհանուր միության ասպետները: Հովհաննիսյանը նաեւ մասնակցեց Հայ կրթական հիմնարկության 60-րդ տարեդարձին նվիրված տոնախմբությանը, որի ընթացքում նրա հայրը` պրոֆեսոր Ռիչարդ
Հովհաննիսյանը մեծարվեց իր ռահվիրա աշխատանքների եւ ողջ կյանքում կատարած հանրային ծառայության համար:












