Հակափառատոն. Հայատյացությունը թուրքական և ադրբեջանական կինոյում
Ի պատասխան Գեորգի Վանյանի նախաձեռնած «Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի», վաղը` ժամը 15:00 «Ժառանգ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Թեքեյան» կենտրոնում կկայանա թուրքական և ադրբեջանական քարոզչական կինոնկարների դիտում:
Դիտումների նպատակն է հայկական հանդիսատեսին ի ցույց դնել ադրբեջանական և թուրքական կինոյում հայատյացության թեմայի շահագործման, այդ երկրներում կինոն որպես հակահայկական քարոզչության գործիք օգտագործման օրինակներին։
Կցուցադրվի Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության պատվերով նկարահանված պատմական ժանրի «Հարյուր քսան» գեղարվեստական ֆիլմը, ինչպես նաև մի շարք ադրբեջանական արտադրության նյութեր՝ կարճամետրաժ կինոնկար, մուլտֆիլմ, այլ տեսանյութեր։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև լրացուցիչ տեղեկություններ Ադրբեջանում և Թուրքիայում վարվող հակահայկական քարոզչության մասին։













