«Մեր բանակն այսօր ավելի մարտունակ է, ավելի կանոնավոր է, ավելի լավ է սպառազինված»
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը պատասխանել է «Առավոտի» թղթակցի այն հարցին, թե այսօրվա՞ բանակն է ավելի մարտունակ, թե՞ 90-ականների բանակը:
«Մեր բանակը բոլոր ժամանակներում կատարել և շարունակում է կատարել իր գլխավոր խնդիրը՝ պաշտպանում է մեր երկրի սահմանները և մեր պետության անվտանգությունը։ Մի թերի ընկալում կա, թե բանակի հաղթանակների մասին խոսելիս պետք է սահմանագիծը քաշել 94-ի մայիսի 12- ով, երբ կնքվեց հրադադարը, և այստեղ էլ, իբր, ավարտվեցին մեր բանակի հաղթանակները։ Ես այդ տեսակետը չեմ կիսում, համոզված եմ, 94-ի մայիսի 12-ից այս կողմ ևս մեր բանակի հաղթանակը շարունակվում է, որովհետև ամեն օր մեր բանակը հաղթանակ է տանում։ Բանակն ապահովում է մեր երկրի խաղաղությունը։ Մենք պատերազմի խնդիր չունենք, մենք խաղաղության պահպանման, ապահովման խնդիր ունենք, մեր ժողովրդի խաղաղ-ստեղծագործ աշխատանքն ապահովելու խնդիր, և բանակն այդ խնդիրն իրականացնում է ամեն օր, ամեն ժամ՝ սահմաններում և պաշտպանական բնագծերում տարվող մարտական հերթապահությամբ։ Եթե համեմատելու լինենք, ապա մեր բանակն այսօր ավելի մարտունակ է, ավելի կանոնավոր է, ավելի լավ է սպառազինված, քան 90-ականներին, անձնակազմը շատ ավելի լավ է տիրապետում զինվորական գործին, զորավարժությունների և պարապմունքների հաճախականությունն է բարձրացել նպատակայնությունն է ավելի խորացել։ Մենք պետք է վստահենք և հավատանք մեր բանակին, ասել է թե՝ ինքներս մեզ»,- պատասխանել է Գեղամ Հարությունյանը։












