Լևոն Տեր-Պետրոսյանը խաչ քաշեց իր գենի վրա
«Ազգային պետության հիմքը տեսակն է, որը պետք է պահպանվի: Հայաստան պետության հիմքը հայ ազգն է։ Ոչ ոք իրավունք չունի ասելու, թե հայ տեսակը գոյություն չունի, ոչ մի հատկանիշով չի տարբերվում մյուսներից կամ առանձնահատկություններ չունի ու իրավունք չունի պայքարելու իր տեսակի պահպանման համար: Ողղակի չի կարելի պնդել, թե հայը գերմանացի է կամ չինացի: Հայը հայ է, ոչ մի այլ ազգի նման չէ, ոչ մի ուրիշի հետ չի նույնանում:
Մերժելով ցեղակրոնությունը, այն համարելով ռասիզմ, վերանկախացած Հայաստան ազգային պետության առաջին նախագահը խաչ է քաշում իր գեների, հայ տեսակի վրա: Նա փաստորեն պնդում է, թե բոլոր մարդիկ նույնն են: Հետեւաբար ժխտում է ազգային պետության անհրաժեշտությունը: Ըստ նրա, ուրեմն Հայաստանը պետք է իր առանձնահատկությունները չունենա, լեզվով կամ այլ հատկանիշով չտարբերվի այլ պետություններից:
Բայց աշխարհում նման բան չկա: Նույնիսկ ամենաքաղաքակիրթը համարվող Եվրոպայում ֆրանսիացին ինչ¬որ բանով ուզում է տարբերվել բելգիացուց: Շվաբներն ու բավարացիները Գերմանիայի գրեթե նույն տարածքում են ապրում, բայց նույն ազգը լինելով` իրար տանել չեն կարողանում: Եվրոպայի հարավի ու հյուսիսի ազգերի միջեւ տեսակային տարբերություններն ավելի ցայտուն են, բայց հիմարություն է դա հակասություն համարելը, քանի որ մեկը մյուսին լրացնում է:
Գուցե ոչ մի ազգ չինացիների նման կազմակերպված չէ, բայց առանց կոնկրետ ղեկավարի նրանք արդյունավետ չեն կարող լինել: Հայերս ղեկավարի կարիք չունենք, բոլորս էլ ղեկավար ենք: Նման հատկանիշներով մի ազգը տարբերվում է մյուսից, ամեն մեկն ուզում է պահպանել իր կազմակերպված սոցիումը, ազգային պետությունը: Իսկ ցեղակրոնությունը ռասիզմ անվանողը Հայաստանը ցանկանում է նույնացնել ինչ-որ սինթետիկ բանի հետ:
Եթե մենք դա չենք ուզում, բոլորովին էլ չի նշանակում, թե հայերն ավելի լավն են մյուսներից: Պարզապես ցանկանում ենք պահպանել տեսակը: Մեր երկրի առաջին նախագահը չեմ կարծում, թե այս ամենը չգիտի: Նա ուղղակի ժանգլյորություն է անում, նրա ասածը ոչ մի իմաստ չունի:
Հետեւաբար բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե ցեղակրոնությունը ռասիզմ է, առնվազն չեն հասկանում, որ դա տեսակը պահպանելու լավագույն ու միակ ձեւն է: Ցեղակրոնությունը բարոյականության ու զարգացման դաս է տալիս, գովերգում է իր տեսակը եւ այլ տեսակի նկատմամբ ոտնձգության կոչ չի անում: Ազգասիրությունը ինչպե՞ս կարելի է ռասիզմ համարել: Եթե մենք հայ չենք, բա ի՞նչ ենք: Պետք չէ քաղաքական պատճառներով աբսուրդի մեջ հայտնվել: Լեւոնը մահվան դեղատոմս է առաջարկում: Նա այս առաջարկը կարող է անել ամերիկացիներին, բայց ոչ հայերիս»:
Ասել է «Ազգային պետություն»՚կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը «Հայոց աշխարհ» օրաթերթին տրված հարցազրույցում:
ArmAr.am












