Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Վարչապետ. «Բարենպաստ պայմաններ կստեղծենք 2011 թվականին մեր պետության զարգացման համար»

Նոյեմբեր 17, 2010թ. 17:36

ՀՀ  վարչապետի ելույթը  ՀՀ Ազգային Ժողովի լիագումար նիստում ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծի  ներկայացման կապակցությամբ

ՀՀ Ազգային Ժողովի հարգելի  նախագահ,

Հարգելի պատգամավորներ,

ՀՀ կառավարությունը, ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածին համապա­տաս­խան, ՀՀ Ազ­գային ժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ 2011 թվականի պե­տա­կան բյուջեի նախագիծը, որն արդեն քննարկվել է ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում։

Այդ կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ քննարկումներին մասնակցած բո­լոր պատգամավորներին, բազմաթիվ հարցերի քննարկման ընթացքում դրսևորված շահագրգիռ և կա­ռու­ցողական վերաբերմունքի համար։

Վերը նշված քննարկումների արդյունքներով ՀՀ կառա­վա­րու­թյունը սահմանված կարգով ստա­ցել է ՀՀ 2011 թվականի պե­տա­կան բյուջեի նախագծի վերաբերյալ Ձեր առաջարկությունները, որոնք պարտադիր քննության կառնվեն։ Դրանց, ինչպես նաև սահմանված կարգով առաջիկայում Ձեր կող­մից ներկայացվելիք այլ առաջարկությունների վերաբերյալ ՀՀ կառավարությունն իր դիրքորո­շու­մը կհայտնի բյուջետային քննարկումների այս փուլի ավարտից հետո` առնվազն չորս օր հետո ՀՀ Ազ­­գա­յին ժողով ՀՀ 2011 թվա­կանի պե­տա­կան բյուջեի նախագծի վերջնական տարբերակի հետ միա­սին ներ­կա­յացվելիք ամ­փո­փաթերթում։

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության կառավարության հիմնական ռազմա­վարա­կան գերա­կա­յութ­յուն­­նե­րը սահման­ված են 2008 թվականի ապրիլի 30-ին ՀՀ Ազ­գա­­յին Ժողովի հա­վա­նու­թ­յանն ար­ժա­նա­ցած՝ ՀՀ կառավարության ծրագրով և ՀՀ կա­ռա­­վարության կողմից 2008 թվականի հոկտեմբերի 30-ին ընդունված Կայուն զարգացման ռազ­մա­վա­րա­կան ծրագրով։ Հիմք ընդունելով ՀՀ կառա­վա­րութ­յան գործունեության ծրագրի դրույթները և դրա իրա­կա­նա­ցումն ապահովող միջոցառումները, ինչ­պես նաև հաշվի առնելով ընթացիկ տա­րում արձանագրված տնտե­սական զարգացումների մի­տում­ները` 2011 թվականին ՀՀ կառավա­րու­թյան սոցիալ-տնտե­սա­կան քաղաքականությունը հիմ­նա­կա­նում միտված է լինելու հա­կաճգնա­­ժամային քաղաքականութ­յու­նից դեպի կայուն տնտեսական զար­գացմանը վերա­դառ­նալուն` իրականացնելով զարգացմանն ուղղ­ված առաջնահերթ բարե­փո­խում­ներ։

ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը 2011 թվականին հիմնականում նպա­տա­­կաուղղ­­ված է լինելու տնտեսության դիվերսիֆիկացման խորացմանը և արտա­հանման կողմնո­րոշ­­ման ընդլայնմանը, իրականացվող տնտեսական քաղաքականության սոցիալական ուղղվա­ծութ­յան խորացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, գործարար և ներդրումային միջավայրի էա­կան բարելավմանը, տնտեսական աճն ապահովելու համար լրացուցիչ խթանների բացահայտմանն ու ներդրմանը` զուգահեռաբար իրականացնելով զարգացմանն ուղղված արդեն իսկ մեկնարկած բա­­րե­փոխումները և առաջնահերթ քաղաքա­կա­նությունները։

Մեկ տարի ընդմիջումից հետո հանրապետությունում պետական բյուջե­ի նա­խագ­ծի մշա­­­կու­մը կրկին իրականացվեց երկարաժամկետ ռազ­մավա­րա­­կան հիմ­քե­րի վրա խարսխված պե­տա­կան միջ­նա­ժամկետ ծախսերի ծրագրի հի­­­ման վրա։  ՀՀ 2011 թվա­կանի պետական բյուջեի նա­խա­գիծը մշակ­վել է` հիմք ըն­դունելով երկրի երկարա­ժամ­կետ զարգացման ռազմավարության հիմնա­դրույթ­­­նե­րին հա­մապատասխան ՀՀ կա­ռա­վարության կողմից մշակված և ըն­դունված հան­րա­պե­տու­թ­յան տնտե­­սության բոլոր ոլորտներն ընդգրկող ՀՀ 2011-2013թթ. պետական միջնաժամկետ ծախ­սե­րի ծրա­գի­րը։ Ուստի, ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագիծը բովանդակային առումով ար­տացոլում է երկրի զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները։

Այսպես.

Առաջին. կառավարությունը տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման տե­սանկյունից կարևորում է ձեռք բերված մակրոտնտեսական կայունության պահպա­նու­մը։ Այդ իսկ պատճառով կա­­ռավարությունը կշարունակի մակրոտնտեսական կա­յու­նու­թյանը և տնտեսական աճի կայուն տեմ­­պերի պահպանմանը նպաստող վերջին տա­րի­ներին վարվող հարկաբյուջետային քաղաքա­կա­նու­թյունը։

Երկրորդ. իրականացվելիք մակրոտնտեսական քաղաքականությունը են­թադ­րում է բյու­ջե­տա­յին դեֆիցիտի աստիճանական նվազեցում, պետական պարտքի աճի տեմ­պերի սահմա­նա­փա­կում` այն ողջամիտ` այսինքն տնտեսության զարգացման հա­մար անվտանգ մակարդակ, լողացող փո­խար­ժե­քի ռեժիմ։ Մասնավորապես, գնաճը 12-ամս­­յա թիրախով կանխատեսվում է 4.0 տոկոսի շրջանակներում` 1.5 տոկոսանոց միջանցքում, իսկ ՀՀ 2011 թվականի պետա­կան բյուջեի ծախսերի առումով նախատեսվում է իրականացնել բյու­ջե­տա­յին դե­ֆի­ցի­տի ծրագիր, որը ենթադրում է, որ դեֆիցիտը չի գերազանցելու 4 տոկոսը։ Դեֆիցիտը հիմնականում կֆի­նան­­սա­վորվի փո­խա­ռու միջոցներով, ներքին և արտաքին ռեսուրսների հաշվին, ընդ որում` 86.8 տոկոսը բաժին կընկնի արտաքին պարտքին և 2011 թվականի վերջում կան­խա­տես­ում են ունենալ 4305.1 մլն ԱՄՆ դոլարի չա­փով արտաքին պարտք։ Արտաքին պետական պարտքի այսպիսի բեռը բնութագրվում է որպես նվազ կամ միջին հարկային բեռ և, մեր գնահատականներով, այն իր մեջ սպասարկման վտանգներ չի պարունակում։

Երրորդ. կշարունակվի պետության ֆինանսական կարողությունների ամ­րապնդ­ման գործ­ըն­թա­­ցը։ Կառավարության ծրագրի համաձայն` պետական եկամուտների հա­վաքագրման աստիճանի բարձ­­­րացումը հարկաբյուջետային գերակա ուղղություններից մեկն է, որի շնորհիվ ՀՆԱ-ի նկատ­մամբ հար­կային եկամուտների մա­կարդակը պետք է ավելանա առանց դրույքաչափերի ավելացման։ Ուս­տի, 2011 թվա­կա­նին, ինչպես և նա­խորդ տարիներին ապահովվելու է բյուջետային եկամուտների հա­­­վա­քագրման աճի` ՀՆԱ-ի աճի տեմպի նկատմամբ առաջանցիկ տեմպեր։ 2011 թվականի բյու­ջե­տա­­­յին ռե­սուրսների փաթեթը հիմնականում կհամալրվի ի հաշիվ հարկային եկամուտների աճի։ Եթե 2010թ. պլանային ցուցանիշը պետական եկամուտների, սոցիալական վճարների և տուրքերի հաշվին մենք ծրագրել էինք, որ կկազմի 675 մլրդ դրամ, ապա 2011թ. ցուցանիշը կազմում է 773 մլրդ դրամ, այսինքն` շուրջ 100 մլրդ դրամով ավելանալու են 2011 թվականի ընթացքում մեր բյուջեի պետական եկամուտները։ Ընդ որում` անհրաժեշտ է նկատել, որ այսպիսի հավաքագրումները մենք իրականացնելու ենք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2009-2010 թվականներին մենք Հակաճգնաժամային ծրագրի իրականացման շրջանակներում նաև սահմանել ենք լրջագույն արտոնություններ, ձեզ հետ միասին։ Մասնավորապես, խոշոր ներդրումային ծրագրերի պարագայում ավելացված արժեքի հարկի վճարումների հետաձգումն է, որի ծավալներն այսօրվա դրությամբ կազմում են շուրջ 30 մլրդ-ի հաստատված ծրագրեր կառավարության կողմից, որոնք 2011 թվականին լուրջ խթան են լինելու համախառն ներքին արդյունքի համար, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոքր և միջին ձեռնարկությունների շրջանակներում իրականացվող հարկային բարեփոխումների ընթացքում շուրջ 35.000 տնտեսվարող սուբյեկտներ հայտնվել են հաստատագրված վճարումների դաշտում։ Արդյունքում շուրջ 24 մլրդ դրամ լրացուցիչ լիկվիդային միջոցներ գտնվում են փոքր և միջին ձեռնարկությունների մոտ, և չնայած որ այսպիսի եկամուտներից պետական բյուջեն զրկվում է, բայց, միևնույնն է, պլանային ցուցանիշը, որ մենք դնում ենք մեր առջև, ենթադրում է շուրջ 100 մլրդ-ով ավելացնել պետական եկամուտները հարկային, սոցիալական վճարումների և տուրքերի հաշվին։ Միևնույն ժամանակ մենք ենթադրում ենք, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2011 թվականին պետք է բարելավվի ի հաշիվ հարկային վարչարարության բարելավման և ի հաշիվ այն բարեփոխումների, որոնք մենք ձեզ հետ միասին իրականացնում ենք։

Պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը շարունակվելու է կառուցվել հիմ­­նականում նպատակային ծրագրերից ելնելով` այն ծրագրերից, որոնք մենք ձեզ հետ միասին հաստատել ենք կամ հավանության ենք արժանացրել կառավարության որոշումներով։  Ավելացնեմ, որ հիմնական շեշտադրումները լինելու են տնտեսության դիվերսիֆիկացիայի, տնտեսության ենթակառուցվածքների զարգացման, երկրի  անվտան­գութ­յան և պետական կառավարման մակարդակի բարձ­րա­ցման, տեղական ինքնակառավարման ֆի­նան­սա­կան բազայի ամրապնդման, երկ­րի` որպես բարեխիղճ և հուսալի վարկառուի վարկանիշի պահ­պա­նման վրա։

Դրա շրջանակներում հետևողականորեն շարունակվելու է Հայաստանի Հան­րա­պե­տութ­յու­նում նվազագույն աշխատավարձի չափի բարձրացումը։ Այն 2010 թվականին գոր­ծող մակարդակի նկատ­մամբ նախատեսվում է ավելացնել 8.3 տոկոսով։

2011 թվականի պետական բյուջեի նախագծի ծախսերում գերակշռող` 86.6 տոկոսը կշիռ են կազմում հետևյալ ոլորտներում.

– սոցիալական բնագավառ` կրթություն, առողջապահություն, սոցապա­հովություն` 44.4 տոկոս,

– պաշտպանություն, հասարակական կարգի պահպանություն և ազգային անվտան­գության ապա­հովում՝ 18.8 տոկոս,

– տնտեսության ճյուղեր՝ 15.6 տոկոս,

– համայնքների բյուջեներին պետական բյուջեից տրամադրվող պաշտոնական դրամաշնորհ­ներ` 3.3 տոկոս, պետական պարտքի սպասարկում՝ 4.5 տոկոս։

Կառավարության` աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերով, բնակ­չության կեն­­­­­սամակարդակի բարձրացման, սոցիալական արդարության, հասարակության բևե­ռացման վերացման, գիտակրթական համակարգի ար­դիա­կանացման, կրթության մատչե­լիու­թ­յան ապա­հովման ռազմավարական ծրագ­րերով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման նպա­տա­կով 2011 թվականին համախառն ներքին արդյունքի հետ համեմատած 11.8 տոկոսի չափով ներդրումներ է նախատեսվում իրականացնել սո­ցիա­լա­կան բնագավառի ճյուղերում։ Մասնավորապես, կրթության ոլորտում ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 2.9 տոկոսը, սոցիալական պաշտ­պա­նու­թ­յան ոլորտում` համախառն ներքին արդյունքի 7.23 տոկոսը, առողջապահության ոլորտում` համախառն ներքին արդյունքի 1.7 տոկոսը։ Այս ճյուղերում պետական ներդրումները կկազմեն 442 մլրդ դրամ կամ 2010 թվականի համադրելի մակարդակի նկատմամբ 43 մլրդ դրամով ավելի։

Մեր նախարարներն այսօր ձեզ մանրակրկիտ կներկայացնեն ավելացված միջոցների ծախսման ուղղությունները։

Հարգելի գործընկերներ,

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորներին հետաքրքրող հիմնական հարցադրումները մենք բազմակողմանի քննարկել ենք հանձնաժողովների նիստում, ես ցանկանում եմ, ավարտելով իմ խոսքը, շնորհակալություն հայտնել այն քննարկումների համար, որոնք տեղի են ունեցել Ազգային Ժողովում։ Կհամաձայնեք, որ դժվար է գերագնահատել պետական բյուջեի դերը պետության և ժողովրդի բնա­կա­նոն զար­գաց­ման ապահովման գործում։ Ուստի, մենք շարունակելու ենք ձեզ հետ կառուցողական մեր համագործակցությունը, և ներկա փուլում ձեր բոլոր առաջարկությունները, որոնք մենք կստանանք, կդառնան մեր քննության առարկան։ Համոզված ենք, որ այն լուծումները, որ մենք ձեզ հետ միասին համատեղ տալու ենք` բյուջեի լրամշակված նախագիծը ձեզ ներկայացնելով, կստեղծեն ավելի օպտիմալ բյուջետային լուծումներ և բարենպաստ պայմաններ 2011 թվականին մեր պետության զարգացման համար։

Շնորհակալություն ուշադրության համար։


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն