Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Բիզնեսի բեռը կթեթևանա, սպառողների անվտանգությունը չի տուժի

Նոյեմբեր 18, 2010թ. 16:01

Այսօր տեղի է ունեցել ՀՀ  կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչ նիստի օրակարգին անցնելը վարչապետն անդրադարձել է երկու շաբաթ առաջ իր կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին և այն փոփոխություններին, որ կատարվում են ՀՀ առողջապահության, կրթության և գիտության, գյուղատնտեսության և ֆինանսների նախարարություններում (վարչապետի ներածական խոսքը տեղադրված է առանձին)։

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2009թ. մայիսի 29-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» N 594-Ա որոշման մեջ, երկարաձգելով տեսչական ստուգումների ժամանակավոր կասեցման արգելքի ժամկետը։ Միաժամանակ որոշումը լրացվել է նոր բովանդակությամբ, ըստ որի` ստուգումների կասեցման արգելքը վերանում է ստուգում իրականացնող այն մարմինների համար, որոնցում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրման ավարտը հաստատվել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի կողմից։ Տեսչական ստուգումների կասեցման երկարաձգում նախատեսող որոշմամբ նախատեսվում է կասեցումը դադարեցնել այն տեսչությունների մասով, որտեղ կավարտվի ռիսկի վրա հիմնված ստուգումների ներդրման գործընթացը։ Նշված համակարգով տեսչական ստուգումները չեն կարող բիզնեսի համար հանդիսանալ այնպիսի բեռ, ինչպիսին հանդիսանում են ներկայումս։

Սպառողների անվտանգության առաջնայնությունն ընդգծելու  նպատակով որոշման մեջ ներառվել է բացառություն` անձի իրավունքների, կյանքի և  առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերի մասով, որոնք գտնվելու են գործադիրի ղեկավարի անմիջական հսկողության ներքո։

Կարևորելով որոշման ընդունումը` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս հարցը մտահոգում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր մի քանի անգամ դիմել են ինձ այն մասին, որ հունվարի մեկին լրանում է փոքր և միջին ձեռնարկություններում տեսչական ստուգումներ իրականացնելու արգելքը, և այս որոշումով մենք տալիս ենք հստակ պատասխան. 10-ից ավելի տեսչական մարմինները ո՞ր պարագայում է, որ փոքր և միջին ձեռնարկություններում ստուգումներ իրականացնելու հնարավորություն են ստանալու։ Մոտեցումը շատ հստակ է. այն տեսչական կառույցները, որոնք անցնելու են ռիսկերի վրա հիմնված տեսչական ստուգումների բարեփոխումների այն ծրագրով, որը մենք ձեզ հետ միասին հաստատել ենք և որի շրջանակներում ստանում ենք լրջագույն տեխնիկական օժանդակություն։ Դա խթան կլինի, որ տեսչական ռեֆորմները մեզ մոտ ավելի արագ ընթացքով առաջ գնան։ Եվ մենք նաև կնվազեցնենք այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք ձեզ հետ միասին բացահայտում ենք այդ ոլորտներում»։


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն