Գլխավոր » ԼՂ Հանրապետություն

Բրայզայի խոսքերից «առևտրի» ու համաձայնություն պարտադրելու հոտ է փչում

Օգոստոս 15, 2009թ. 17:08

ԼՂՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանը պատասխանել է ԶԼՄ -ի հարցերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունների առնչությամբ.

-Ինչպե՞ս կմեկնաբանեիք ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պնդումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի «բնակչության» կարծիքը, նրա մտավախություններն արտացոլվում են բանակցային գործընթացում:

– Մենք կողջունեինք այդ փաստը և այս կապակցությամբ կցանկանայինք հիշեցնել միջնորդներին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը արտահայտել է իր կամքը 1991թ. դեկտեմբերի 10-ին` անկախության և 2006թ. դեկտեմբերի 10-ին` ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեների ժամանակ:  Մենք երախտապարտ կլինենք միջնորդներին, եթե  հանրաքվեների ժամանակ ԼՂՀ ժողովրդի արտահայտած կամքը լրիվությամբ արտացոլվի բանակցային գործընթացում:

-Ինչպե՞ս կմեկնաբանեիք ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի վերջին հայտարարությունները, որոնցում ներկայացված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման` միջնորդների կողմից առաջարկվող սկզբունքների մանրամասները: Մ. Բրայզան նշել է նաեւ, որ ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորումը, իր կարծիքով, ձեռնտու է Հայաստանին, քանի որ հակառակ դեպքում կբարդանա հանրապետության տնտեսական զարգացումը, ինչն իր հերթին խնդիրներ կստեղծի ժողովրդավարական բարեփոխումների անցկացման հարցում:

-Առաջին հերթին կցանկանայի նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորումը գերակա խնդիր է նաև ԼՂՀ համար: Սակայն դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք ցանկացած գնով կարգավորման` այն էլ անկանխատեսելի հետևանքներով: Մեզ համար կարգավորումը ամուր և երկարատև խաղաղության հաստատումն է, ինչին հնարավոր է հասնել միայն փաստացի իրադրությունները հաշվի առնելով: Սակայն պարոն Բրայզայի մոտ կարգավորման խնդիրը շաղկապված է տնտեսական զարգացման և ժովրդավարական բարեփոխումների հարցերի հետ: Այս հարցերի շաղկապումը  միասնական «փաթեթի» մեջ  ավելի շուտ առևտուր և ցանկացած գնով համաձայնություն պարտադրելու փորձ է հիշեցնում:
Ցավոք, վերջերս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի արագացման միտում է նկատվում` ինչպես հակամարտության էությունը, պատմությունը, այնպես էլ ներկայիս իրողությունները անտեսող բանաձևի հիման վրա: Եվ պարոն Բրայզայի հայտարարությունները, մեր կարծիքով, նշված միտման հենքով են ընթանում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս շտապողականությունը կապված է ԵԱՀԿ ՄԽ որոշ համանախագահների, մասնավորապես, պարոն Բրայզայի ազդարարվող փոխարինման հետ: Ինչպես արդեն նշել ենք, ԼՂՀ ԱԳՆ ս.թ. հուլիսի 15-ի հայտարարության մեջ, բանակցային գործընթացի չհիմնավորված արագացումը բացասական հետևանքներ կունենա և կհանգեցնի միայն լարվածության ուժեղացմանը, քանի որ միջնորդների առաջարկած բանաձևը  ուղղված է տարածաշրջանում կայունության և խաղաղության հիմքում ընկած ուժերի հավասարակշռության փոփոխությանը:

– Մ. Բրայզայի խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առաջարկում են, որպեսզի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահները զինված չլինեն, դիտորդների դեր կատարեն և չկարողանան խաղաղություն հարկադրել: Ինչպես նշել է ամերիկացի համանախագահը, դա պայմանավորված է նրանով, որ Կոսովոյի և Բոսնիայի փորձը ցույց է տվել, որ  խաղաղապահ ուժերը ի վիճակի չեն կանխել զինված հակամարտությունը, եթե հակամարտության կողմերից մեկը  դա չի ցանկանում: Ձեր մեկնաբանությունը, խնդրեմ:

-Իր խոսքերով պրն. Բրայզան, ըստ էության, խոստովանեց, որ միջնորդների առաջարկած հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, չի կարող իրագործվել, որ միջազգային հանրությունը ի վիճակի չէ կարգավորման առաջարկվող բանաձևի իրականացման դեպքում լիովին երաշխավորել ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը, քանի որ խաղաղապահ ուժերը հակամարտության կողմերի կառավարման հիմնական գործիքներից մեկն են` հակամարտության տարածաշրջաններում խաղաղության պահպանման` միջազգային հանրության զինանոցում: Սակայն քննության առնելու պարագայում պարզվում է, որ դրանք այնքան էլ արդյունավետ չեն, եթե հակամարտության կողմերից մեկը խաղաղություն չի ցանկանում:
Սակայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այս խնդիրը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը առաջարկում է լուծել ագրեսորի` Ադրբեջանի հանդարտեցման միջոցով: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, նման քաղաքականությունը ոչ մի կերպ չի նպաստում խաղաղության հաստատմանը: Ընդհակառակը, այն հանգեցնում է լարվածության ուժեղացման ու պատերազմի:


Դիտել ԼՂ Հանրապետություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`