Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոստային դրամահավաքը
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ այսօր «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ համատեղ ազդարարել են 2009 թվականի հայաստանյան դրամահավաքի մեկնարկը:
Փոստային դրամահավաքի նպատակն է կանխիկ դրամով նվիրատվություններ կատարելու հնարավորություն ընձեռել հասարակության առավել լայն շրջանակների:
Հոկտեմբերի 1-ից մինչեւ տարեվերջ բոլոր փոստային բաժանմունքների օպերատորները կընդունեն ցանկացած չափի նվիրատվություն` տրամադրելով անվանական կտրոն: Փոստային դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերին:
Փոստային դրամահավաքի կարգախոսը մնացել է անփոփոխ. «Շենացնենք հայրենիքը մեր երեխաների համար»:
Հայփոստի բաժանմունքներում փակցված պաստառներից մեզ նայող դպրոցահասակ երեխաների հետեւում անբարեկարգ միջավայրի խոսուն վկայություններն են. մեկի դպրոցն է քանդման եզրին, մյուսը ցամաքած աղբյուրի կողքին է, իսկ երրորդը ստիպված է քարուքանդ փողոցում խաղալ: Յուրաքանչյուր ֆոտոպատմություն ի ցույց է դնում հիմնադրամի համար առաջնահերթ ուղղությունների` դպրոցաշինության, ջրագծերի կառուցման եւ ճանապարհաշինություն կենսական անհրաժեշտությունը:
«Նախորդ տարվա Հիմնադրամի եւ Հայփոստի դրամահավաքը հայաստանցի նվիրատուների բարեսիրական ներուժը բացահայտելու աննախադեպ փորձ էր, որն այս տարի շարունակելով, հուսով ենք կտա առավել տպավորիչ արդյունք, քանի որ իրական հնարավորություն է ստեղծում փոքր հատկացումների պատրաստ մեր հայրենակիցների համար»,- նշել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Հիշեցնենք, որ 2008-ին «Հայփոստի» հետ սկսված համագործակցության շնորհիվ եռապատկվեց Հայաստանում դրամահավաքի մասնակիցների քանակը: Ընդհանուր առմամբ կանխիկ դրամով նվիրատվություն կատարեց ավելի քան 12 հազար մարդ: Հատկանշական է, որ մեծ էր հատկապես մարզերում բնակվող մեր հայրենակիցներ հետաքրքրությունն ու մասնակցությունը:
Հավելենք նաեւ, որ Արցախփոստի հետ սկսված համագործակցության արդյունքում այս տարվա դրամահավաքին մասնակցելու նմանատիպ հնարավորություն կունենան նաեւ արցախցիները:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ












