Գլխավոր » Politics, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Քաղաքականություն

Թեև թղթից չէր մեր շերեփը…

Նոյեմբեր 20, 2010թ. 10:00

SEVR-ArmAr.am90 տարի առաջ ստորագրվեց Սևրի հաշտության դաշնագիրը

Առաջին՝ 1914-18թթ. աշխարհամարտից հետո, որին մասնակից էին դարձել 33 պետություններ՝ 1,5 միլիարդ ընդհանուր բնակչությամբ (երկրագնդի բնակչության 87%-ը), պատերազմի արդյունքներն ի մի բերելու նպատակով, բնականաբար, կնքվեցին մի շարք միջազգային պայմանագրեր։ Դրանցից մեկն էլ ստորագրվեց 1920թ. օգոստոսի 10-ին, փարիզամերձ Սևր փոքրիկ քաղաքում, ուր, թվում էր, պիտի վերջապես իր լուծումը ստանար մի բավականին չարչրկված խնդիր, իրականություն դառնար թուրքական նախճիրից հազիվ կիսով չափ փրկված՝ մոլորակի հնագույն ժողովուրդներից մեկի դարերով փայփայած երազանքը՝ անկախ ու միացյալ հայրենիքի վերածնունդը, սակայն ճակատագիրը նորից ու կրկին երես թեքեց հայերից, թեպետ կարծես թե այս անգամ թղթից չէր մեր շերեփը, քանզի Հայաստանն էլ հաղթողների շարքում էր՝ իբրև աշխարհի հզորների դաշնակից…

Սևրի դաշնագիրը ստորագրել են՝ մի կողմից պատերազմում պարտված սուլթանական Թուրքիայի կառավարությունը, մյուս կողմից՝ 13 դաշնակից պետությունները՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Հունաստան, Լեհաստան և այլն։ Վերջիններիս մեջ էր նաև Հայաստանի Հանրապետությունը, որի անունից պայմանագիրը ոսկե գրչածայրով ստորագրեց գրող, հասարակական-քաղաքական գործիչ, մինչ այդ Հայոց ազգային խորհրդի (1917), ապա ՀՀ խորհրդարանի (1919) նախագահ Ավետիս Ահարոնյանը։

Ըստ դաշնագրի, որը բաղկացած էր 13 մասից ու 433 հոդվածներից, Թուրքիան փաստորեն անդամահատվում էր. եվրոպական մասում նրան էր թողնվում Կ. պոլիսն իր շրջակայքով, ասիական մասում՝ Արևմտյան Անատոլիան։ Նեղուցներն ապառազմականացվում էին՝ դրվելով միջազգային կառավարման ներքո, Թրակիան և Զմյուռնիան (Իզմիր) վերադարձվում էին Հունաստանին, Թուրքիան հրաժարվում էր Կիպրոսից, արաբական տիրույթներից, Հեջազը (Սաուդյան Արաբիա) անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Միջագետքը (Իրաք) հանձնվում էին մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային՝ որպես ենթամանդատային տարածքներ։ Թուրքիային թույլատրվում էր ունենալ ընդամենը 50 հազար զինվոր, այդ թվում 35 հազար ոստիկանություն։

«Հայաստան» բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները։ Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես «ազատ ու անկախ պետություն»։ Դաշնագիրը ստորագրող երկրները համաձայնում էին Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշմանը՝ չորս նահանգների տարածքում, որտեղ հայերը թուրքական կառավարության բազմադարյան հայահալած ու ջարդարարական քաղաքականությունից հետո էլ, մինչև 1915թ. եղեռնը, մեծամասնություն էին կազմում։ Հայաստանի արևելյան սահմանները որոշվելու էին Ադրբեջանի և Վրաստանի հետ ուղղակի բանակցությունների միջոցով։ Համաձայնության չգալու դեպքում խնդիրը պետք է լուծվեր տեղում՝ դաշնակից պետությունների կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովի օգնությամբ։

Ի շարս այլ դրույթների, մատնանշվում էր, որ Թուրքիայի փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունը օրենքի առաջ պետք է ապահովվեին կառավարության կողմից. «Պատերազմի ժամանակ Թուրքիայում մարդկանց նկատմամբ կատարված վայրագությունների պատճառած չարիքն առավելագույն չափով քավելու համար օսմանյան կառավարությունը պարտավորվում է իր և օսմանյան իշխանությունների կողմից ցույց տալ ամեն տեսակ աջակցություն՝ 1914թ. նոյեմբերի 1-ից հետո անհետացած, առևանգված, ներկալված և ազատազրկված ամեն ռասայի և ամեն կրոնի մարդկանց որոնելու և ազատելու համար»։ «Պատիժներ» մասում թուրքական կառավարությունը ճանաչում էր դաշնակից տերությունների իրավունքը՝ ռազմական ատյանին հանձնելու պատերազմի օրենքներն ու կանոնները խախտած մեղավոր անձանց, համաձայնում էր նաև հանձնել այդ մարդկանց, ինչպես և նրանց կատարած ոճրագործությունների վերաբերյալ տեղեկություններն ու փաստաթղթերը. «…Այդ անձինք պատասխանատու են կատարված ջարդերի համար այն ժամանակ, երբ երկիրը գտնվում էր պատերազմի վիճակում այն տարածքում, որը կազմում էր թուրքական կայսրության մասը 1914թ. օգոստոսի 1-ին»։

Մինչև Սևրյան հաշտության դաշնագրի ստորագրումը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի նշանակած հանձնաժողովը ուսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, առևտրական ճանապարհները, ժողովրդագրական ու մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս։ Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920-ի սեպտեմբերին, իսկ Վիլսոնն իր որոշումը եվրոպական պետություններին հանձնեց նոյեմբերի 22-ին։ Ըստ որի Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի (Բաղեշ) նահանգների երկու երրորդը, Էրզրումի (Կարին) գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը։ Այդ որոշման համաձայն՝ հայ-թուրքական սահմանն սկսվում էր Իրանի սահմանամերձ Կոտուր բնակավայրից, անցնում Վանա լճից և Բիթլիս ու Մուշ քաղաքներից հարավ-արևմուտք, ապա, Երզնկան շրջանցելով, ձգվում հյուսիս, մինչև Սև ծով՝ ներառելով Տրապիզոն նավահանգիստը։ Այդպիսով, Արևմտյան Հայաստանի տարածքը պիտի կազմեր 90 հազար կմ2։ Միավորվելով արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ՝ հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հազար կմ2 տարածություն՝ դեպի Սև ծով ելքով, որը մոտավորապես կազմում է հայոց բնօրրանի կեսը։

«Սևրյան հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք։ Սակայն Սևրյան հաշտության պայմանա•իրը մնաց թղթի վրա։ Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը»,- խոր ափսոսանքով նշում է հայագետ, պրոֆ. Ռ. Հովհաննիսյանը (ԱՄՆ)։ «Սևրի դաշնագիրը չիրականացվեց, քանի որ քեմալական Թուրքիան՝ հենվելով խորհրդային Ռուսաստանի ռազմաքաղաքական աջակցության վրա և օգտվելով արևմտյան տերությունների թողտվությունից, համառ պայքար ծավալեց այդ պայմանագրի ձախողման համար»,- գրում է պրոֆ. Յու. Բարսեղովը (Մոսկվա)։ Այո, գաղտնիք չէ, որ Հայկական հարցի տապալման, ինչպես նաև Հայաստանի առաջին հանրապետության կործանման գործում որոշիչ դեր է խաղացել թուրք-բոլշևիկյան գործակցությունը՝ Վլադիմիր Ուլյանով-Լենինի և Մուստաֆա Քեմալ-Աթաթյուրքի գլխավորությամբ, որոնց համար միջնորդ էր դարձել հարավ-արևելյան Կովկասի Ադրբեջան հավակնոտ անունով նորաթուխ պետությունը։

ArmAr.am


Դիտել Politics, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն