«Այս ծրագրերը նպաստում են Արցախի Հանրապետության զարգացմանն ու շենացմանը»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի
Ու ղ ե ր ձ ը
“Հայաստան” համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա ֆոնոտոնի մասնակիցներին
/20 նոյեմբերի 2010 թ./
Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ եմ ողջունել բոլորիդ եւ խորին երախտագիտություն հայտնել Արցախի կյանքում ունեցած ակտիվ մասնակցության համար: Ձեր անմիջական ու գործուն աջակցության շնորհիվ Արցախ աշխարհում իրականացվում են ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր` տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Այդ ծրագրերը մեծապես նպաստում են Արցախի Հանրապետության զարգացմանն ու շենացմանը:
Հատկապես ակտիվ է եվրոպահայ համայնքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա դրամահավաքի ժամանակ: Այստեղ իրականացվող ֆոնոտոնները աչքի են ընկնում բարձր կազմակերպվածությամբ: Ես անձամբ ականատես եմ եղել այդ աշխատանքներին եւ հպարտության պահեր ապրել` տեսնելով երիտասարդ սերնդի նվիրվածությունը, ուժերի ներածին չափով Հայրենիքին օգտակար լինելու ձգտումը: Նման մթնոլորտի ձեւավորումը նաեւ հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կատարած աշխատանքների արդյունքն է: Արցախցիները դա լավ գիտեն եւ բարձր են գնահատում:
Համոզված եմ, որ այս ոգով մենք կշարունակենք մեր հայրենանվեր գործը, էլ ավելի կամրապնդենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը եւ պատվով կլուծենք մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները:












