Գլխավոր » Culture-Hogevor, Զինված ուժեր, Լրահոս, Հոգևոր

Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներն այցելեցին ռազմական ինստիտուտ

Նոյեմբեր 22, 2010թ. 11:16

11Նոյեմբերի 19-ին ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի մի խումբ սաներ այցելեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
Այցի ընթացքում ճեմարանականները ծանոթացան ինստիտուտի ուսումնական գործընթացին, կուրսանտների առօրյային, շրջեցին մասնագիտական լսարաններով, եղան ինստիտուտի թանգարանում և ապագա սպաների ննջարաններում:

Ճեմարանականները տեղեկություններ ստացան նաև հայոց բանակի արդի վիճակի մասին:
Այնուհետև ռազմական ինստիտուտի հանդիսությունների դահլիճում ճեմարանի երգչախումբը Շոթա Վարդանյանի ղեկավարությամբ հանդես եկավ գեղարվեստական հայտագրով` կատարելով շարականներ, ռազմահայրենասիրական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Համերգը սկսվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո ռազմական ինստիտուտի պետի առաջին տեղակալ գնդապետ Պողոս Աբրահամյանը բարի գալուստ մաղթեց ճեմարանականներին` շեշտելով Հայոց Եկեղեցու և ազգային բանակի համագործակցության կարևորությունը: Իսկ ինստիտուտի հոգևոր սպասավոր Տիգրան սարկավագ Բաղումյանը խոսեց հոգևոր երաժշտության և հասարակության մեջ զինվորականներին և հոգևորականներին վերապահված կարևոր դերակատարության մասին: Նա հույս հայտնեց, որ կրթական երկու հաստատությունների միջև անդրանիկ այս այցելությամբ սկզբնավորված հարաբերությունները կարդյունավորվեն համատեղ ծրագրերով և գործնական քայլերով:
Ճեմարանականների ելույթներն ուղեկցվեցին ներկաների բուռն ծափողջույններով: Վերջում Ճեմարանի փոխտեսուչ Մաղաքիա աբեղա Ամիրյանը շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար և ռազմական ինստիտուտի գրադարանին նվիրաբերեց հոգևոր գրականություն: Հայր Սուրբն ապագա հրամանատարներին մաղթեց բազկի արիություն, հաջողություններ ուսման մեջ և անկոտրում ոգի:

ArmAr.am


Թեգեր` ,

Դիտել Culture-Hogevor, Զինված ուժեր, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն