Գլխավոր » Javakhq, Լրահոս, Հոգևոր, Ջավախք, Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան

Վրաց պատրիարքարանը վախենո՞ւմ է Հայոց Կաթողիկոսի Ջավախք այցելությունից

Նոյեմբեր 25, 2010թ. 10:01

Hajoz Katorikos-ArmArԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի այցելությունը Վրաստան, ամենայն հավանականությամբ, այլեւս չի կայանա: Եվ այդ հավանականության մեծացման հիմնական պատճառը, այդուհանդերձ, կաթողիկոսի` Ջավախք այցելելու ցանկությունն է:

Նոյեմբերի երկրորդ կեսին Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարելիք հովվապետական այցի առնչությամբ Մայր աթոռից վերջերս տեղեկացրին, որ այցը հետաձգվում է: «Նկատի առնելով Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդիՙ արտասահմանում բուժումից հետո վերականգնողական շրջանի անհրաժեշտությունը եւ պատրիարքի ցանկությունը` ուղեկցելու հայոց կաթողիկոսին Թբիլիսի եւ Ջավախք միջեկեղեցական եւ հովվապետական այցելության ողջ ընթացքում` Վրաց եկեղեցին դիմել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին` վերանայելու հայոց հայրապետի Վրաստան այցի թվականը», նշված էր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի մասին ներկայացնող հաղորդագրության մեջ:

Ըստ այդմ, Գերագույն հոգեւոր խորհուրդը նոյեմբերի 13-14-ին Էջմիածնում, Կաթողիկոսի նախագահությամբ, «ընդառաջ խնդրանքին հետաձգել է Վեհափառի Վրաստան այցը` նկատի ունենալով հետաձգման վերաբերյալ նաեւ Վիրահայոց թեմի եւ Ջավախքի փոխառաջնորդության խնդրանքը»:

Ըստ էության, քանիցս Հայոց Կաթողիկոսի այցելությունը հետաձգելու տարբեր պատճառները գնալով պակաս հիմնավոր են դառնում: Ի վերջո, եթե վատառողջ է վրաց պատրիարքը, Հայոց Կաթողիկոսը կարող էր նաեւ մենակ այցելել Ջավախք` առանց ուղեկցության:

Ինչեւէ, Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը, որ բուժումից հետո, ստացվել էր, որ չի կարող ուղեկցել հայոց կաթողիկոսին, պարզվում է, որ ամենայն հանգստությամբ կարողանում է այցեր իրականացնել: Մասնավորապես երեկ պատրիարքը այցելել է Գուրիի շրջան, որտեղ մասնակցել է հասարակական գործիչ Էկվտիմե Տակաիշվիլու տուն-թանգարանի բացմանը: Բացի այդ, նա եղել է Աչիի կիրճում գտնվող Ս. Գեորգի եկեղեցում:

«Ազգը» տեղեկացրել է, որ դեռեւս հունիս ամսին էր նախատեսվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական այցը Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդին, որից հետո Նորին Սրբությունը հովվապետական այցով պիտի լիներ Վիրահայոց թեմում` Թբիլիսիում եւ Ջավախքում:

Ժամանակին մեր թերթը գրել էր, որ Ջավախք հովվապետական այցի հավանականությունն այնքան փոքր է, որ դրան կարելի է չհավատալ: 1894-ից ի վեր հայոց որեւէ կաթողիկոս չի այցելել Ջավախք, երբ հայկական սփյուռքի շատ երկրներում են եղել մեր կաթողիկոսները:

Մինչդեռ Ջավախքում վաղուց են սպասում հայոց կաթողիկոսի այցելությանը, սպասում են ոչ միայն հավատի, այլեւ ընդհանրապես հայ հոգեւոր առաջնորդի տեսնելու, օրհնություն ստանալու ակնկալիքով: Եվ սա այն դեպքում, երբ Ջավախքում դժվարությամբ են հաղթահարվում տասնյակ տարիներ առանց եկեղեցու ու հոգեւորականի ապրած ժամանակների սովորությունները, որոնց համաձայն ջավախքցին հազվադեպ է մտնում եկեղեցի:

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ազգ

ArmAr.am


Դիտել Javakhq, Լրահոս, Հոգևոր, Ջավախք, Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն