Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյան. «Ներկայումս Հայաստանի տնտեսությունը կառավարելի է և կանխատեսելի»

Սեպտեմբեր 28, 2009թ. 17:00

«2009թ. բարդ տարի էր, և տնտեսությունն իր ողջ ծավալով զգաց ճգնաժամի ազդեցությունը: ՀՀ կառավարությունն աշխատել և աշխատում է ճգնաժամային պայմաններում, ինչն էականորեն ազդել է թե կառավարության քաղաքականության, թե բյուջեի ձևավորման վրա»: Այս մասին Հայաստանի կառավարության սեպտեմբերի 28-ի արտահերթ նիստում 2010թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Նրա խոսքերով, 2010թ. բյուջեն կազմվել է այս տարվա ընթացքում արդեն արձանագրված տնտեսական ցուցանիշերի, այս տարվա մնացած ժամանակահատվածի և եկող տարվա համար կանխատեսումների հիման վրա: Ըստ Տ.Դավթյանի, ակնկալվում է, որ ՀՆԱ-ի այս պահի դրությամբ արձանագրված 18,5% անկումը տարեվերջին կլինի 15%-ի սահմաններում, քանի որ տնտեսության մեջ կայունացման որոշակի միտումներ նկատվում են արդեն օգոստոսից,  հույս կա, որ դրանք կշարունակվեն և առավել ակնառու կդառնան տարեվերջին: Նշվեց նաև, որ տարեվերջին ՀՆԱ-ն, ըստ կանխատեսումների, կկազմի շուրջ 3 տրլն 116 մլրդ դրամ, ինչը 2008թ.-ի նույն ցուցանիշից մոտ 15%-ով պակաս է: Զգալիորեն կրճատվել են հարկերի և պետական տուրքերի ծավալները.  դրանք տարեվերջին կկազմեն 510-530 մլրդ դրամ` նախատեսված 727 մլրդ-ի դիմաց:

Ըստ Տ.Դավթյանի, ընթացիկ տարվա համար նախատեսված բյուջետային ծախսերը ծրագրված 945 մլրդ դրամի դիմաց կկազմեն 900-910 մլրդ: Դրանք կիրականացվեն հիմնականում բյուջեի եկամուտների եւ միջազգային կառույցներից ներկրավված վարկային միջոցներով (այս տարի Հայաստանը վարկեր է ներգրավել 60 մլն դոլարի չափով` Համաշխարհային բանկից, 155 մլն դոլարի չափով` Արժույթի միջազգային հիմնադրամից, 80 մլն դոլարի չափով` Ասիական զարգացման բանկից, եւս 500 մլն դոլար` Ռուսաստանից):

Տարվա ընթացքում որոշ ծախսերի կասեցումները նախարարը բացատրեց բյուջետային գործընթացներն առավել կառավարելի դարձնելու նպատակադրմամբ, որով փորձ է արվում նաև որոշակիորեն հավասարակշռել եկամուտների հավաքագրման ծավալների կրճատումը: Տնտեսվել կամ կասեցվել են այնպիսի ծախսերը, որոնք էական նշանակություն չունեն տնտեսության համար: Անփոփոխ են մնացել սոցիալական, ազգային անվտանգությանն ուղղված, պետական կառավարման ծախսերի իրականացումը և դոտացիաների տրամադրումը. դրանք համարվում են կարևորագույն ծախսեր:

Նախարարը տեղեկացրեց, որ ըստ կանխատեսումների, այս տարեվերջին բյուջեի դեֆիցիտը կլինի մինչեւ 7%: ՀՀ Ազգային ժողովի ընդունած օրենքով Հայաստանի բյուջեի դեֆիցիտի վերին շեմը որոշակիորեն բարձրացվել է` հասցվելով 7,5%-ի: Տ.Դավթյանը վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է դեֆիցիտը նախատեսված մակարդակի վրա պահելու համար:

Հ.Հ.



Թեգեր`

Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն