Իրանական քաղաքական շաբաթ
Իրանի ներքին թե արտաքին քաղաքական հագեցած շաբաթվա իրադարձությունների ամենաուշագրավը, անկասկած, երկու գիտնականների՝ ատոմային Ֆիզիկայի մասնագետների մահվան ելքով (առաջնի պարագային) ահաբեկչական մահափորձերն էին մայրաքաղաք Թեհրանում, օրը ցերեկով, պայթուցիկ սարքերի օգտագործմամբ:
Մինչ այդ, սակայն, անդրադառնանք մի քանի ներքաղաքական նորությունների:
***
– Իրանական վերջին նախագահական ընտրություններին (2009 թ. հունիս-հուլիս) հաջորդող խռովությունների հրահրիչներից զատ (որոնք մեծամասամբ ձերբակալվեցին ու դատական գործընթացների ենթարկվեցին) բազմաթիվ ամբաստանությունների ու մեղադրանքների ենթարկվեց նախագահ Ահմադինեժադի ընդդիմադիր թեկնածուների քաղաքական ու բարոյական հովանավոր համարվող, նախկինում երկու շրջանի նախագահ, իսկ այժմ Համակարգի (պետության) նպատակահարմարությունը (շահերը) ճշտորոշող ժողովի պետ հանրահայտ Հաշեմի Ռաֆսանջանիի որդին՝ Մեհդի Հաշեմին:
Վերջինս, սակայն, խույս տալով ձերբակալությունից, հաջողեց ժամանակին վերադառնալ Անգլիա, ուր մինչ այսօր շարունակում է զբաղվել բարձրագույն կրթությամբ ու ուսմամբ: Օրերս էլ Իրանի պահակազորում հոգեւոր առաջնորդիՆերկայուցուցչի տեղակալը առաջարկել է, որպեսզի Այաթօլլահ Ռաֆսանջանին ջանքեր ի գործ դնի որդու երկիր վերադարձի համար ու այդպիսով՝ փարատվեն իր շուրջ կասկածամտությունները, որոնք գնալով ծաւալվում են հասարակայնության մեջ:
Կասկածանքները, ըստ տեղակալի, կայանում են նրանում, որ խնդրի առնչությամբ Այաթ. Ռաֆսանջանին իր որդուն խորհուրդ է տվել մնալ Լոնդոնում եւ ուսումը շարունակել… Սա ինչ խոսք՝ նրա ընդդիմադիրների կողմից բնութագրվում է որպես երկրի դատական գործերը արգելակող քայլ, որն էլ վերագրվում է մեծ հեղինակություն ու համբավ վայելող Ռաֆսանջանիին:
Խորհրդարանում Թեհրանի պատգամավոր եւ կառավարությանը ընդդիմադիր համարվող ու մշտապես գերակտիվ Ալի Մոթահարին (հանրահայտ հոգեւորական եւ Իրանի Իսլ. հեղափոխության մեծ գաղափարախոս այաթ. Մորթեզա
Մոթահարիի (ահաբեկված եւ սպանված 1980 թ.) որդին), որը վերջին օրերին անձնական նախաձեռնությամբ՝ շուրջ 50 պատգամավորի ստորագրահավաք է կազմակերպել՝ նախագահին հարցապնդելու համար…, իրեն իսկ ընդդիմացողներին, որոնք ներկա պահը նպատակահարմար չեն համարում նախագահին նեղը դնելուն, հակադարձել է նրանով, որ ‹‹Ճիշտ չէ նախագահին հարցապնդելու օրինական հանգամանքը տաբուի վերածել…››: Պրն. Մոթահարին, այնուամենայնիվ, դեռեւս կարիք ունի 20 ստորագիրների, որպեսզի ապահովվի նախագահին հարցապնդելու անհրաժեշտ քվորումը:
– Եւ այսպես, երբ մեկ կողմից Իրանի հյուսիսարեւելյան շրջանի սահմանային Սարախս քաղաքում Իրանի ու Թուրքմենստանի նախագահների ձեռամբ գործարկման էր դրվում գազային փոխադրման նոր նախագիծը, իսկ մյուս կողմից՝ Թեհրանում կայանում էին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հանդիպումները՝ Իրանի բարձրաստիճան պատասխանատուների հետ, երկու ահաբեկչական պայթյուններ որոտացին մայրաքաղաքում:
Ահաբեկչության թիրախները երկու գիտնականներ էին, որոնք մեծ ներդրում են ունեցել Իրանի միջուկային տեխնոլոգիայի զարգացման գործում: Երկու գիտնականներից մեկը զոհվեց, իսկ մյուսը ծանր վիրավորված՝ հիվանդանոցում է… ձեռագիրը նոյնն է, ինչ սրանից 11 ամիս առաջ նույն Թեհրանում ահաբեկված-սպանված ատոմագետի դեմ կատարված մահափորձի ձեռագիրը: Սրանցով, սակայն, ամեն ինչ ասված է՝ Իրանի միջուկային ծրագրերի դեմ տարիներ ի վեր կիրառվող քարոզչական, քաղաքական-տնտեսական ու արդեն ուժական սպառնալիքների առկայություն, որոնք այնպես էլ չեն ընկճել իրանական պետական այրերին ու ղեկավարներին:
Հատկանշականը այս խնդրում անցյալ շաբաթվա ընթացքում ՄԱԿ-ի կենտրոնավայրում Իրանի վերաբերյալ տվյալ հանձնաժողովի զեկույցն էր, որտեղ կրկին անգամ Իրանում մարդկային իրավանց ոտնահարումների հարցն էր բարձրացվում ու, մասնավորապես, մեջբերվում նախորդ նախագահական ընտրությունների թոհուբուհում սնայպերի զոհ դարձած ուսանողուհի Նեդա Աղա Սոլթանի մահվան հանգամանքները…, որին ի պատասխան՝ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Բորուջերդին հայտարարել է.‹‹Զոհված ուսանողուհու դիպուկահարը նույնինքն ‹‹MI6››-ի (Անգլիայի անվտանգության ծառայություն) գործակալն է եղել… Իսկ կուզե՞ք նրան նույնպես ներկայացնել անուն-ազգանունով…››:
Նույն օրերին, սակայն, MI6-ի պետը կարծիք ու առաջադրանք էր հայտնել թէ՝ ‹‹Իրանի միջուկային ծրագրերի կանխարգելման գործընթացում բավարար չեն քաղաքական, տնտեսական ու քարոզչական կեցվածքները եւ որ այլեւս պետք է ‹‹անվտանգության›› նկատառումներն էլ մաս կազմեն ընդհանուր կանխարգելիչ քայլերին…
Եւ ահավասիկ, մի քանի օր անց՝ թեհրանյան ահաբեկչական պայթումները. դեռ չենք խոսում այն մասին, որ Սաադ Հարիրիի Թեհրան այցի նախօրյակին էլ տեռորիստական մի փորձ արվեց՝ առեւանգելու Թեհրան-Դամասկոս չվերթի օդանավը, որը, սակայն, կանխարգելվել էր ապահովական ուժերի կողմից:
–
Գալով ‹‹Վիքիլիքսյան›› բացահայտումների՚ ընդհանրական բնութագրմանը, որը դրսեւորվեց ներքին ու արտասահմանյան լրագրողների հետ նախագահ Ահմադինեժադի մամլո ասուլիսի ընթացքում, պետք է ասել, որ նախագահը միանշանակ դրանք ԱՄՆ-ի ձեռքի գործը համարեց, որը ‹‹նպատակ ունի միջպետական անհարթություններ առաջացնելով՝ նոր սցենարներ բեմադրել միջազգային ու տարածաշրջանային հարթությունների վրա››:
‹‹Վիքիլիքսյան բացահայտումները›› ոչ մի իրավական հիմք ու առավել եւս ազդեցություն չեն ունենալու միջպետական հարաբերությունների ու առհասարակ հասցեագրված բազմաթիվ ղեկավարների գործունեության վրա…››,- եզրակացրել է Իրանի նախագահը:
Դերենիկ Մելիքյան, Թեհրանի ‹‹Ալիք›› օրաթերթի գլխավոր խմբագիր












