Գլխավոր » TOP, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Դավութօղլուի դեմագոգիկ հայտարարության շուրջ

Դեկտեմբեր 2, 2010թ. 11:58

Hajoz Zexaspanutyun-Armar‹‹Ռեգնում››-ը տարածած հաղորդագրության մեջ ներկայացվում է Թուրքիայի ԱԳ նախարար  Ահմեդ Դավութօղլու հայտարարությունը ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինտոնի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ, ուր ասվում է հետևյալը.

‹‹Թուրքիայում չեն ստեղծվել հայկական գետոներ, ինչպես մի շարք եվրոպական երկրներում…: 1915 թ-ին զոհվել են ոչ միայն հայեր, նաև թուրքեր: Կատարված միջադեպերին վերաբերվել որպես հայ ժողովրդի խնդիր սխալ է››:

Այս առնչությամբ Եվրոպայի հայկական միությունների ֆորումը տարածել է Դավութօղլու ուղղված հայտարարություն, ուր ասված է.

‹‹Պարոն նախարար, այս երկու մտքերն էլ չեն համապատասխանում իրականությանն այն աստիճան, որ մեզ զարմացնում է, թե ինչպես կարող է բարձր կարգի դիվանագետը թույլ տալ իրեն այսպիսի դեմագոգիկ հայտարարություն անել: Նախ հայկական գետոներ ասելով ինչ  նկատի ունեք Դուք: Գիտեք որևէ եվրոպական մի երկիր, որտեղ հայկական գետո է գոյություն ունեցել Եվրոպայի ողջ պատմության ընթացքում: Այնուհետև, երկրորդ համաշխարհայինի ժամանակ նույնպես բացի հրեաներից, նաև գերմանացիներ են սպանվել, ընդ որում գերմանացիների կորուստը թվով շատ ավելի շատ է եղել, քան հրեաներինը: Առնվազն անհեթեթ կլինի այդ առումով կասկածի տակ դնել հրեաների Հոլոքոստի փաստը:

Պարոն նախարար, Դուք անընդհատ խոսում եք պատմական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին, այսինքն փորձում եք կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը: Մենք հավատացած ենք, որ Դուք ինքներդ չեք կասկածում, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է և քաջ գիտեք, որ ի վիճակի չեք նաև կասկածանք տարածել  ցեղասպանությունը ընդունած երկրների խորհրդարանների անդամների մոտ: Բերեմ կոնկրետ օրինակ. չնայած թուրքական քաղաքական գործիչների  բազմաթիվ փորձերին և պայքարին, չի հաջողվել Հայոց Ցեղասպանությանը կողմ քվեարկած սլովակ պատգամավորներից դեմ   գոնե մեկի մոտ առաջացնել կասկած Հայոց ցեղասպանության փաստի նկատմամբ: Ավելին, վերադառնալով Սլովակիա այդ պատգամավորները ծաղրով են հիշում Ձեր հայրենակիցների անիմաստ և անհույս փորձերը` Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու հարցում:

Մեծարգո նախարար, հավատացեք որքան Թուրքիայի ներկայիս  իշխանությունները ծավալում են ցեղասպանությունը հերքելու աշխատանքներն, այնքան ավելի անհեթեթ վիճակում են հայտնվում: Այդ վիճակը ավելի ծիծաղաշարժ է դառնում, երբ իրականացված ցեղասպանությունը թաքցնելու նպատակով, մարտնչում եք նաև Եվրոպայի տարբեր երկրներում տեղադրված` ցեղասպանությանը նվիրված, կոթողների` խաչքարների դեմ: Հինգ տարի է թուրք դեսպաններն ապարդյուն կռիվ են տալիս, կոնկրետ, Բրատիսլավայի կենտրոնում տեղադրված խաչքարի ապամոնտաժման համար: Պարոն նախարար, այս հրաշք կոթողը կարող եք փչացնել, վնասել, կոտրել, բայց ապամոնտաժել չի հաջողվի, քանի որ թուրքական ԱԳՆ-ի այդ փորձերը սլովակ պաշտոնյաների մոտ տարակուսանք են առաջացնում: Ոչ ոք չի կասկածում, որ միջազգային ճնշման, ինչպես նաև Ձեր ժողովրդի պրոգրեսիվ զանգվածների  պահանջով, օրերից մի օր Թուրքիան ընդունելու է Հայոց Ցեղասպանության փաստը` դրանով իսկ մաքրվելով պատմության ահավոր կեղտաբծից: Սակայն քանի Թուրքիան դա չի ճանաչել հայոց Ցեղասպանությունը, նա շարունակում է հանցակից մնալ Օսմանյան Կայսրության կողմից իրականացրած ցեղասպանությանը` հանդիսանալով նրա իրավահաջորդը: Հարգելի նախարար, քանի դեռ ձեր երկիրը ներողություն չի հայցել կատարվածի համար,  իրավունք չունեք մասնակցելու Հարավային Կովկասի տարածաշրջանում ընթացող գործընթացներին որպես անկողմնակալ երկիր: Իմացեք, որ  ողջ համաշխարհային հայությունը ձեզ վստահելու հիմքեր չունենալու պատճառով միշտ դիմագրավելու է տարածաշրջանում Թուրքիայի քաղաքական ակտիվության զարգացմանն ու ծավալմանը: Ձեր երկրի շահերից է բխում մեկ օր առաջ մաքրվելու պատմական ահավոր կեղտաբծից››:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

ArmAr.am


Դիտել TOP, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն