Գլխավոր » Տնտեսություն

Շարունակվում են նախագահ Սարգսյանի երկկողմ հանդիպումներն Աստանայում

Դեկտեմբեր 2, 2010թ. 12:50

Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում այսօր շարունակել է երկկողմ հանդիպումներ ունենալ գագաթնաժողովին մասնակցող երկրների և պատվիրակությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հունգարիայի Նախագահ Պալ Շմիթի և ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հետ:

Հայաստանի և Հունգարիայի նախագահներն ընդգծել են երկու երկրների միջև գոյություն ունեցող ջերմ և բարեկամական հարաբերությունները, որոնք ավելի են ամրապնդվել Հունգարիայի խորհրդարանում հայ-հունգարական բարեկամության խմբի ստեղծմամբ: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հունգարիայի իշխանություններին և ժողովրդին` հայկական համայնքի նկատմամբ ջերմ և բարյացկամ վերաբերմունքի, համայնքի կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման համար:

Սերժ Սարգսյանը և Պալ Շմիթն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին` նկատի առնելով, որ հաջորդ տարի Հունգարիան ստանձնելու է ԵՄ նախագահությունը: Նախագահ Պալ Շմիթն ընդգծել է ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը  և ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն անդրադարձել են մեր երկրում ԵԱՀԿ կառույցների գործունեությանը և ժողովրդավարության հետագա ամրապնդման, բարեփոխումների իրականացմանն աջակցության ու մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության տեսանկյունից կարևորել այդ կառույցների գործունեությունը: Դունյա Միյատովիչը նշել է, որ ՀՀ կառավարության և հասարակական կազմակերպությունների հետ սերտորեն համագործակցում են նաև ԶԼՄ օրենսդրության բարեփոխման ուղղությամբ: Նա մամուլի ազատությունը խթանող կարևոր հանգամանք է համարել Հայաստանում վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման ուղղությամբ իրականացվող քայլերը, որոնք, Դունյա Միյատովիչի հավաստմամբ, Կազմակերպության անդամ այլ երկրների համար ևս լավ օրինակ կարող են դառնալ:-


Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն