Հայկական բանակը ընդօրինակեց ռուսական բանակի մոդելը
Նոյեմբերի 26–ին «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Ազգային անվտանգության և պաշտպանության» հանձնաժողովի նիստ «ՀՀ Զինված ուժերում վերջերս տեղի ունեցած միջադեպերը» թեմայով։
Ստորև ներկայացնում ենք քննարկմանը ներկա, Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ զինված ուժերի պահեստի սպա՝ կապիտան Ներսես Տեր-Պետրոսյանի խոսքը։
Նոր կազմավորվող ցանկացած զինված ուժ, բանակ որպես մոդել վերցնում է հաղթնակած բանակի կամ բանակների կառուցվածքը, բարոյական արժեհամակարգը, կառավարման սկզբունքները, կանոնագրքերը:
Եվ նոր կազմավորվող հայկական բանակը ընդօրինակեց ռուսական բանակի մոդելը:
Սակայն հայերը դարերի ընթացքում ունեցել են բանակի կազմավորման հայկական մոդել, որի վերջին դրսևորումը եղավ Դավիթ Բեկի կողմից ստեղծած հայկական զինված ստորաբաժանումները: Այդ մոդելը հստակ աշխատել է և իրականացրել է երկրի պաշտպանությունը:
Դժվարանում եմ հստակ պատասխանել, թե այսօր այդ մոդելը որքանով է այժմեական և պատրաստ դիմագրավել առկա մարտահրավերներին և լուծել ցանկացած մարտական խնդիր: Սակայն այդ հարցը կարծես թե այժմեական է: Ցանկացած նոր մոդելի անցնելը ժամանակատար և ծախսատար աշխատանք է 20-25 տարվա կտրվածքով:
Իմ կարծիքով կգա այն ժամանակը, երբ պետությունը կփորձի անցնել նոր մոդելի կիրառմանը, որովհետև վերջին հաշվով մենք ունենք մի սահման, որը պետք է պաշտպանվի, ունենք սահմանափակ մարդկային ռեսուրս, որը պետք է այդ սահմանը պաշտպանի։
Այսինքն մեկ հայ զինվորը կանգնելու է տասի դեմ և մենք պարտավոր ենք բացահայտել հայ զինվորի, հայ մարդու ներքին ոգեղեն ուժերը, որի շնորհիվ հայ մարդը, պրոֆեսիոնալ զինվորականը, աշխարհազորը կկարողանան պաշտպանել հայրենիքը և հային աշխարհի ցանկացած մասում:












