Գնդակով ամեն խաղ դեռ ֆուտբոլ չէ
Հարցազրույց ՀՀ նախկին դեսպան, Մոդուս Վիվենդի կենտրոնի տնօրեն Արա Պապյանի հետ` WikiLeaks-ի բացահայտումների, հայ-թուրքական հարաբերությունների, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրների, ձեռքբերումների և բացթողումների շուրջ:
–Պարոն Պապյան Ձեր կարծիքով WikiLeaks-ի բացահայտումները լրատվական արտահոսք էր, թե՞ ԱՄՆ պետքարտուղարության հերթական խաղը:
Դժվար է միանշանակ ասել: Սակայն հակված եմ կարծելու, որ դա պարզապես արտահոսք էր: Նման բաներ ժողովրդավարական հասարակարգերում լինում են: Առաջներում էլ եղել են, թեև ոչ այս ընդգրկմամբ: Կա մինչևիսկ դրա համապատասխան բառը` whistleblower, որը հայերեն ճիշտ կլինի թարգմանել որպես ահազանգ հնչեցնող:
Ուրիշ բան, որ այս իրողությունն ամեն մեկը կխաղարկի իր օգտին: Հատուկ ծառայություններն ունեն մի ոսկե օրենք, եթե չես կարող որևէ երևույթի դեմն առնել, ուրեմն այն պետք է ծառայեցնես քո շահերին:
Ի՞ նչ ազդեցություն կարող են ունենալ այդ բացահայտումները ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա:
Ամերիկա-թուրքական հարաբերությունները խարսխված են կոնկրետ փոխադարձ շահերի վրա և ներկա բացահայտումները այդ շահերը չեն վերացնում կամ փոփոխում: Որևէ ազդեցություն չի ունենա: Բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեին վաղուց: Ինչ է, գաղտնիք է՞ր, որ Էրդողանը ծայրահեղ իսլամիստ է և ատում է Իսրայելը: Թուրքիայում բոլորն են ատում Իսրայելը, պարզապես մի մասը դրա մասին չի խոսում:
Ձեր կարծիքով այդ բացահայտումների Ադրբեջանին վերաբերվող մասը կարո՞ղ է բացասաբար անրադառնալ ադրբեջանա-թուրքական հարաբերությունների վրա:
Այս հարաբերությունների վրա կարող է որոշակի անդրադարձ ունենալ: Որովհետև ի տարբերություն ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները ոչ միշտ են խարսխված շահի վրա: Հաճախ քաղաքական և տնտեսական քայլերի հիմքում ընկած են էթնիկ կամ կրոնական գործոններ: Հետևաբար միջանձնային հարաբերություններն այստեղ ավելի ազդեցիկ են:
Հայաստանի մասով վտանգավոր բացահայտումներ տեսնում ե՞ ք:
Առայժմ չեմ տեսնում: Բայց չեմ բացառում, որ շատ ավելի վարկաբեկիչ բաներ բացահայտվեն:
Ո՞ ր փուլում է գտնվում Հայ-թուրքական, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտությունը:
Գնդակով ամեն խաղ դեռ ֆուտբոլ չէ: Հիմա թուրքերը մեզ հետ չլոցի են խաղում: Մենք վազում ենք գնդակի հետևից, բայց մեր ոտքը գնդակին չի դիպչում:
Հնարավոր համարո՞ ւմ եք մոտ ժամանակներս Հայ-թուրքական սահմանի բացումը:
Ոչ, մինչև 2012թ. հնարավոր չեմ համարում: Ինչո՞ւ թուրքերը պիտի բացեն սահմանը: Այս իրավիճակում իրենք ոչինչ տալով ստացել են և ստանում են այն, ինչ ուզում էին` ստեղծել են հարաբերությունների բարելավման պատրանք, թուրքերին (ադրբեջանցի թաթարներին) ցույց են տալիս իրենց եղբայրական հավատարմությունը, պառակտում են մտցրել և մտցնում հայ հասարակության մեջ, և այլն:
Ինչպիսի՞ն պետք է լինի հայկական կողմի մոտեցումները` թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար:
Թուրքիան պարզապես հարևան երկիր չէ, Թուրքիան ներկայումս էլ Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական •ործողություն` շրջափակում, իրականացնող երկիր է: Դա հանցագործություն է: Հանցագործներին պետք է տանել դատարան:
Ինչպե՞ս եք գնահատում միջազգային իրավիճակը կապված ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հետ:
Որոշակի անհանգստացնող միտումներ կան, բայց ես վիճակն այդ հարցում չէի գնահատի որպես խիստ ծանր: Մեր խնդիրներն առավելապես ներպետական են և ունեն ներքաղաքական բնույթ: Եթե մենք ուզում ենք էապես ամրապնդել մեր դիրքերը ԼՂ հարցում, ուրեմն պիտի արդար ընտրությունների ճանապարհով ձևավորենք հասարակության վստահությունը վայելող իշխանություններ: Այսօր հասարկությունը չի վստահում ոչ գործադիր, ոչ օրենսդիր և ոչ էլ դատական իշխանություններին:
Հնարավոր համարու՞մ եք պատերազմական գործողությունների վերսկսումը Արցախում:
Առաջիկա մեկ-երկու տարվա համար պատերազմ չեմ կանխատեսում: Սակայն, եթե Հայաստանում արմատական փոփոխություններ չլինեն, ապա պատերազմը 2012-2014թթ. միանգամայն հնարավոր կդառնա:
Ի՞ նչ գնահատական կտայիք ՀՀ կողմից վարվող արտաքին քաղաքականությանը:
Պետությունը մի մեծ նավ է, ուր բոլորս այդ նավի թիապարտներն ենք: Մեկս կարող է ջանասիրաբար թիավարել, մյուսը կարող է գլուխ պահել: Բայց դա չէ կարևորը: Եթե մենք ուզում ենք տեղ հասնել, պիտի իմանանք ու՞ր ենք գնում, ո՞րն է մեր վերջնական հանգրվանը: Միայն այդ դեպքում արտաքին քաղաքականությունը կլինեի արդյունավետ:
Պետականության` որպես հասարակության կազմակերպման բարձրա•ույն ձևի, իմաստը տվյալ հասարակության, մեր դեպքում նաև ազգի, առջև ծառացած կենսական և հեռանկարային խնդիրների լուծումն է կամ լուծմանը նպաստելը: Երբ պետությունը դրանց փոխարեն սկսում է զբաղվել մանր հարցերով, պետությունը դադարում է պետություն լինելուց և դառնում է մի մեծ թաղապետարան: Իսկ թաղապետարաններին արտաքին քաղաքականություն պետք չէ: Դրա համար էլ մեր արտաքին քաղաքական մարմինն այսօր ավելի շատ զբաղված է ոչ թե թիավարելով, այլ դրսից անընդհատ նավի մեջ լցվող ջուրը դույլերով դատարկելով:
Neonews.am
ArmAr.am












