Թուրքիայի կառավարությունը խառնված է Պալսո պատրիարքարանի ներքին գործերին
Ինչպես հայտնի է , Պոլսո պատրիարք Մեսրոպ 2-րդ Մութաֆյանը անկողնային ծանր հիվանդ է։
Ստամբուլահայ համայնքի մի մասը կարծում էր, որ պետք է ընտրվեր համապատրիարք, քանի որ պատրիարք կարող է ընտրվել միայն նախկին պատրիարքի մահվան դեպքում։ Իսկ մյուս մասն էլ պնդում էր, որ ոչ թե համապատրիարք, այլ՝ միանգամից պատրիարք պետք է ընտրվեր։
Թուրքական կառավարությունն անտեսելով հայ համայնքի կարծիքները, սեփական որոշումը կայացրեց ու արք. Արամ Աթեշյանին նշանակեց փոխպատրիարք։
Բնականաբար, ստամբուլահայերի մի մասը դեմ արտահայտվեց թուրքական կառավարության որոշմանը, որով ներկայիս հիվանդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի փոխարեն նոր պատրիարք ընտրելու փոխարեն նշանակվեց փոխպատրիարք: Ի դեպ, այս կերպ թուրքական կառավարությունը դեմ գնաց հայկական եկեղեցու կանոնակարգին, քանի որ <փոխպատրիարք> հասկացություն հայոց եկեղեցում գոյություն չունի:
Այսօր ստամբուլահայ համայնքը Թուրքիայի կառավարության որոշման դեմ հանդես է գալիս` «Ցանկանում ենք ընտրել մեր պատրիարքին» նախաձեռնությամբ. արդեն իսկ հավաքվել է 5 հազար 359 ստորագրություն։
Հրավիրված ասուլիսում ստամբուլահայերը հայտարարել են, որ հայ համայնքի ներսում ոչ մի պառակտվածություն չկա և իրենք որեւէ խնդիր չունեն փոխպատրիարք նշանակված արք. Արամ Աթեշյանի հետ, պարզապես, Թուրքիայի կառավարությունը պետք է հարգի հայոց եկեղեցու կանոնակարգը:
Եվ ահա, այս լարված պահին Պոլսի հայոց պատրիարքարանը` փոխպատրիարք նշանակված արք. Արամ Աթեշյանի գլխավորությամբ, հանդես է գալիս Թուրքիայի կառավարությանը պաշտպանող հայտարարությամբ, ուր ասվում է. «Շրջանառվող այն լուրերը, թե պետությունը փորձում է հայկական համայնքին զրկել իր հոգեւոր առաջնորդին ընտրելու իրավունքից, անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը: Ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվանից հետո, նոր առաջնորդը կընտրվի այնպես, ինչպես դա եղել է մինչեւ հիմա՝պատրիարքարանի կարգերին ու ավանդույթներին համաձայն: Այս հարցում ոչ մի փոփոխություն քննարկման ենթակա չէ»,- ասված է հայտարարության մեջ:
Այստեղ կա անհանգստացնող մեկ այլ հանգամանք ևս. սկզբից ևեթ պարզ էր, որ արք. Արամ Աթեշյանը Թուրքիայի վարչապետ Էրդողանի նախընտրելի թեկնածուն է, և իր քայլերում պետք է հանդես գա թուրքական կառավարության պաշտպանության դիրքերից, ինչի ականատեսն ենք վերոնշյալ հայտարությամբ: Այդ դեպքում ամբողջովին անհասկանալի են դառնում ոմանց կողմից հնչող այն հայտարարություններն ու հրապարակումները, թե Արևմտյան Հայաստանի եկեղեցիները պետք է անցնեն Պոլսո պատրիարքարանի ենթակայության տակ: Սակայն, այսօր Թուրքիայի կառավարությունն ակնհայտորեն խառնված է Պոլսո հայոց պատրիարքարանի ներքին գործերին, ընդհուպ մինչև հայոց եկեղեցու ներքին կանոնակարգը խախտելով որոշումներ է կայացնում, հետևապես նման առաջարկն իրականում այլ բան չի նշանակում, քան ամբողջությամբ հրաժարվել մեր ազգային արժեքներից, հրաժարվել մեր հայրենիքի` Արևմտյան Հայաստանի նկատմամբ մեր ունեցած իրավունքներից: Այս առնչությամբ մեջբերենք Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի Նախագահ Արմենակ Աբրահամյանի կարծիքը.
‹‹Պոլսո պատրիարքարանը գրանցված է Թուրքիայի տարածքում, հետևաբար, ծառայում է այդ պետության ղեկավարությանը: Ուրեմն, ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ Արևմտյան Հայաստանի ժառանգությունն անցնի Պոլսո պատրիարքարանին: Նույն կերպ կարող ենք ասել` իսկ ինչու Պոլսին և ոչ, ասենք Ֆրանսիային, Երուսաղեմին: Այս մոտեցման կողմնակիցները, փաստորեն, բացահայտ հայտարարում են, որ Արևտյան Հայաստան գոյություն չունի ու ցույց են տալիս, որ պատրաստ են զիջել մեր հազարամյա ժառանգությունը: Շատերը կամ չեն հասկանում այդ վտանգը, կամ ձևացնում են, թե չեն հասկանում: Չէ՞ որ սա ևս մի միջոց է Արևմտյան Հայաստանի հարցը փակելու: Մենք մերժում ենք այս վտանգավոր մոտեցումը: Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքի սիրտն է: Մենք այն կարծիքին ենք, որ Արևմտյան Հայաստանը կամ պետք է առանձին պատրիարքարան ունենա, կամ կարող է Ազգային Խորհրդի վերահսկողության տակ անցնեն մեր ժառանգությունները, որից հետո Ազգային Խորհուրդը կորոշի` ինչպես տանել վերականգնման, պահպանության աշխատանքները››:
ArmAr.am












