Թուրքիան փորձում է սքողել իր ցեղասպան դեմքը
Վերջերս Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի այլ տարածքներում հայ հոգևոր-պատմամշակութային հուշարձանների նկատմամբ կիրառովող թուրքական քաղաքականության հարցը քննության առարկա էր դարձել ՀՀ Հանրային Խորհրդի Կրոնի, սփյուռքի միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովում:
Այս կարևորագույն խնդրի առնչությամբ ենթահանձնաժողովը կայացրել է հստակ որոշում:
Ստորև ներկայացնում ենք այն.
Հաշվի առնելով այն փաստը, որ, Ս. թ. սեպտեմբերի 19-ին, թուրքական իշխանությունների նախաձեռնությամբ, Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի եկեղեցականների կողմից Արևմտյան Հայաստանում գտնվող Աղթամարի Ս.
Խաչ եկեղեցում մատուցվեց պատարագ: Արարողությունը կատարվեց առանց եկեղեցու գմբեթին խաչի տեղադրման. տեղադրման. ներկա գտնվող հայերի և օտարազգի հյուրերի թիվը շուրջ 750 էր:
Իսկ Թուրքական կողմի փորձը` Հայաստանի Հանրապետությունից և Սփյուռքից 6-10 հազ.հայ ուխտագնացներ ներգրավել այդ շոուին և դրանով իսկ Թուրքիան համաշխարհային հանրությանը ներկայացնել որպես հանդուրժող և քաղաքակիրթ երկիր` ձախողվեց: Թուրքական բազմամսյա գովազդին, սուտուպատիր խոստումներին` խաչի տեղադրում, հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացում և այլն, արձագանքեցին ընդամենը մի քանի հարյուր պոլսահայեր և քրդացած հայեր: Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հայությունը իրենց միասնական ՙՈչ՚-ն ասացին ՙՍեպտեմբերի 19-ի՚ թուրքական ֆարսին: Միջազգային ԶԼՄ-ների դիրքորոշումը նույնպես հօգուտ Թուրքիայի չէր:
Այդպիսով, թուրքերի խնամքով ծրագրված և լայնորեն գովազդված քարոզչական-քաղաքական շոուն տապալվեց:
Մեր երկրի և Հայ Սփյուռքի հասարակական միտքը ճիշտ ուղղորդելու գործում իրենց արժանի ներդրումն ունեցան և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 3 նվիրապետական աթոռները / Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն/, և հատկապես Արևմտյան Հայաստանը ներկայացնող մի մեծ խումբ հայրենակցական միություններ:
Դրական դեր խաղացին նաև հայաստանյան և սփյուռքյան ԶԼՄ-ները: Ժամանակագրական առումով, ‹‹Սեպտեմբերի 19-ի›› թուրքական շոուին հակահարված տալու գործում, անկասկած, առաջին վճռական քայլն արվեց ՀՀ ՀԽ Կրոնի,սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի ս. թ. օգոստոսի 9-ի այժմ արդեն պատմական նիստով, որտեղ ճշգրիտ և սպառիչ գնահատական տրվեց թուրքական նախաձեռնությանը:
Համոզված լինելով, որ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում թուրքական կողմը կշարունակի աղթամարյան բնույթի շոուների շարքը, ձգտելով այն ծառայեցնել իր մի շարք արտաքին քաղաքական կարևորագույն խնդիրների լուծմանը:
Իրականում և աղթամարյան, և սպասվելիք նմանատիպ թուրքական այլ շոուները որևէ ընդհանուր բան չունեն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, առավել ևս Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ թուրքական կողմի բարի կամքի դրսևորման հետ: Այդ ամենով Թուրքիան պարզապես ձգտում է սքողել իր` որպես հայ ժողովրդի հանդեպ մշակութային ցեղասպանություն իրականացրած երկրի կերպարը: Ընդ որում, մշակութային ցեղասպանությունն իր տարբեր դրսևորումներով շարունակվում է մինչ օրս:
Հետևաբար, թուրքական կողմի բոլոր` ներկա և ապագա նմանատիպ հայավնաս նկրտումների հանդեպ հայկական կողմը պետք է ունենա համապատասխան դիրքորոշում, որը խարսխված պետք է լինի պահանջատիրության սկզբունքի վրա: Հայաստան-Թուրքիա փոխհարաբերություններում, հայոց հոգևոր և պատմամշակութային ժառանգությանը վերաբերող հարցերում Հայաստանը պետք է հանդես գա միայն որպես պահանջատեր:
Ելնելով այդ ամենից, ՀՀ ՀԽ Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը որոշում է.
ա. ՀՀ Պետական և հասարակական համապատասխան կառույցների միջոցով, Արևմտյան Հայաստանի և արդի Թուրքիայի այլ մասերում պետք է պարզել հայ պատմամշակութային հուշարձանների` մասնավորապես վանքերի, եկեղեցիների, մատուռների, խաչքարերի ներկա ընդհանրական և լիարժեք պատկերը: Այն համեմատել մինչև 1915թ. Հայոց Մեծ եղեռնը գոյություն ունեցած դրության հետ:
Այդ համեմատությունը պետք է իրականացվի յուրաքանչյուր առանձին վերցրած պատմամշակութային հուշարձանի անձնագրավորման ձևով. եթե հուշարձանը ավերված կամ կիսավեր է, հնարավորության սահմաններում պարզել, թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում է տեղի ունեցել այդ վանդալիզմը: Այս միջոցով կպարզվի, որ Թուրքիան անցյալում իրականացրել և մինչ օրս էլ իրականացնում է մշակութային ցեղասպանություն հայ ժողովրդի հանդեպ:
բ.Թուրքիայում հայոց հոգևոր և պատմամշակութային ժառանգությանը վերաբերող խնդիրը պետք է ստանա իրավական լուծում միջազգային պայմանագրերի ու համաձայնագրերի համապատասխան: Թուրքիային հիշեցնել, իսկ համաշխարհային հանրությանն էլ տեղյակ պահել, որ հայ ժողովրդի հանդեպ աղթամարյան և նմանատիպ այլ ձեռնարկումներն իրականում այդ երկրի պարտավորությունների չափազանց ուշացած, հազարերորդական մասով կատարվող և քարոզչական-գովազդային բնույթ կրող միջոցառումներ են: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Թուրքիայի կողմից ստորագրված Լոզանի պայմանագրին /1923թ. Հուլիսի 24/, որի 40-րդ հոդվածով այդ երկրի ազգային փոքրամասնությունները` այդ թվում և հայկական համայնքն ունեն կրոնական հաստատություններ հիմնելու, օգտագործելու և վերահսկելու իրավունք: 43-րդ հոդվածով թուրքական կողմը պարտավորվում է ՙիր պահպանության տակ առնել՚ ազգային փոքրամասնությունների եկեղեցիները, սինագոգները և այլ կրոնական հաստատություններ:
Թուրքիան նույնաբնույթ պարտավորություններ ունի նաև միջազգային մի շարք այլ փաստաթղթերով, որոնցից է մասնավորապես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2007թ. Դեկտեմբերի 13-ին ընդունված ՙԲնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագիրը՚ և 1987թ. Հունիսի 18-ին Եվրոխորհրդի կողմից Հայոց Ցեղասպանության փաստի ընդունման վերաբերյալ որոշումը (փաստաթուղթ Ը 2-33/87):
Այսպիսով, միջազգային իրավունքի տեսակետից, Թուրքիայի կողմից իրականացվող աղթամարյան քաղաքականությունը վերջին հաշվով հայ ժողովրդին և համաշխարհային հանրությանը խաբելու և ապակողմնորոշելու նպատակ ունի:
գ. Իրենց խորքում հայավնաս թուրքական նկրտումներին դիմագրավելու նպատակով, ցանկալի է որպեսզի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին համագործակցի Հունական և Ասորական եկեղեցիների հետ, քանի որ վերջին երկուսը կրոնական և պատմամշակութային առումներով նույնատիպ խնդիրներ ունեն Թուրքիայի հետ:
դ. Ակտիվացնել ՅՈՒՆԵՍԿՈ-ի և միջազգային այլ կառույցների միջոցով Արևմտյան Հայաստանի հայ պատմամշակութային ժառանգության հանդեպ մինչ օրս Թուրքիայի կողմից իրականացվող ցեղասպանության կանխմանն ուղղված միջոցառումները: Հասնել նրան, որպեսզի Թուրքիան արևմտահայ հոգևոր և աշխարհիկ պատմամշակութային բնույթի հուշարձանների պահպանման, վերականգնման և օգտագործման գործառույթներում համագործակցի Հայ Առաքելական Ս.Եկեղեցու և ՀՀ-ի պետական ու հասարակական համապատասխան կառույցների հետ:
Սույն որոշումը ներկայացնել ՀՀ ՀԽ-ի նախագահին` համապատասխան ընթացք տալու համար:
ArmAr.am












