Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Մայր Տաճար բերվեցին սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների մասունքները

Դեկտեմբեր 6, 2010թ. 13:41

Դեկտեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչների` սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը:

Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 3-ին, մինչ երեկոյան ժամերգությունը, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար բերվեցին Մայր Աթոռի Գանձատանը պահվող սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները: Ժամերգության ընթացքում հոգևորականաց դասն ու հավատացյալ ժողովուրդն իրենց աղոթքն ու խոնարհումը բերեցին առաքյալների մյուռոնաբույր մասունքներին:

Դեկտեմբերի 4-ին, Մայր Տաճարում, Սուրբ Պատարագով տոնախմբվեց սուրբ առաքյալների հիշատակը: Պատարագիչ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանն իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին և լուսավորիչ առաքյալների բերած օրհնությանը հայ ժողովրդի կյանքում: Տեր Հայրը մասնավորապես նշեց. ‹‹Այսօրվա տոնը, հիրավի, մեր ազգային եկեղեցական տոնացույցի մեծագույն տոներից է: Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ ու նահատակությամբ հայ իրականության մեջ հաստատվեց Քրիստոսի Սուրբ Եկեղեցին, աստվածային շնորհներով առլեցուն հոգևոր մթնոլորտը ներգործեց հայի կյանքում և հայորդիք հավատացին ու դավանեցին Հիսուս Քրիստոսին: Եկեղեցագործվեց հայ մարդը, որով հայ ժողովուրդն այլևս իր գալիք բոլոր սերունդներով դարձավ երկնքի արքայության ժառանգորդ: Արդեն շուրջ երկու հազար տարի է, որ հայ ազգը` որպես Հայ Առաքելական եկեղեցի, վայելում է Ս. Հոգու շնորհները և աստվածային օրհնությամբ պարուրված` առաջ է ընթանում: …Այս տոնն իր խորհրդով գալիս է մեր մեջ նորոգելու մեր վստահությունն ու հավատարմությունը հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Հայցենք, որ առաքյալների բարեխոսությամբ քրիստոսավանդ խաղաղություն հաստատվի ամենքի հոգիներում, մանավանդ սեր և միաբանություն մեր ազգային կյանքում, համերաշխ գործակցություն համայն աշխարհում››:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն